Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ

13:31 22.06.2019

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները:

«Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,– նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:

«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,– ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:

«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի, երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:

«Վերջինս ընդամենը փողոցում մանրավաճառությամբ է զբաղված եղել, պարզապես չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ և հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, բայց այնպես էլ չէ, որ ամենակարևորը փողն է: Մարդն օրվա վերջում բավարարված է լինում, որովհետև հասկանում է, որ ինչ-որ բան ստեղծեց, խնդիրներ ունի իր առաջ դրած, հաղթել է հուսահատությանը, հաղթել է «փողոցին», որտեղ մարդիկ 30 տարի սպասում են, թե ով պետք է գա` իրենց առաջարկի ներգրավվել ընտրական ընտրակեղծարարություններում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ռիտա Մարտիրոսյանի օրինակին, ով եղել է ուսուցչուհի և տեղափոխվել է Գեղարդ գյուղ` հիմնել դեղաբույսերի արտադրություն, Սամվել Գասպարյանին, ով սայլակին գամված որոշել է, որ ինքը կարող է իր մտքով հաղթահարել իր հաշմանդամությունն ու փայտից տարբեր իրեր է պատրաստում:

«Մարդն առավոտից երեկո աշխատում է: Այդ աշխատանքի իմաստն միայն այն չէ, թե ինչքան եկամուտ ստացավ, այլ մարդու ինքնագնահատականը, արժանապատվությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, որ մարդը ոչ թե ձեռքը պարզած ինչ-որ մեկից ինչ-որ բան է աղերսում, այլ հավատում իր ուժին, մարդն ինքն իրեն է հարգում և արժանանում ուրիշների հարգանքին: Այս տրամաբանությունը Հայաստանում ունի հաջողություն և համոզված եմ, որ այս բոլոր մարդիկ հաջողություններ են ունենալու: Այն աշխատանքը, որի մեջ դրված է գաղափար, միտք, հայեցակարգ, կոնցեպցիա` հաջողություններ է ունենալու»,– ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի:

«Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանրյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,– ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի:

 «Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետև Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով և գաղափարով: Ոչ ոք թող չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը: Մենք հավատում ենք խոսքին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: 

«Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:

Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP