16:19 24.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ և կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական Միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար:
Այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։ Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ։
Հարգելի գործընկերներ,
Վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։ Հայաստանը, թերևս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։ Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարևոր հանգրվան է լինելու Արևելյան գործընկերության համար։ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձևաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա:
Պարո՛ն նախագահող, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է:
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը:Մեկ նկատառում ևս. Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ:
Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա:Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին։
Շնորհակալություն։
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...