13:28 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Ներակայցնում ենք նախագահի ելույթն ամբողջությամբ.
Հատուկ քննչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի այս կարևոր բաղադրիչն արդեն կայացել է: Անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլև սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր պետությունը ներկայումս կառավարման նոր կարգին անցնելու ճանապարհին է, որը հեռանկարային է, սակայն նաև՝ պատասխանատու և բարդ: Այդ մասին ես խոսել եմ տարբեր առիթներով, նաև նշել, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու:
Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ անելիքները գուցե ավելին են լինելու, քան այսօր տեսանելի են: Հատուկ քննչական ծառայության գործառույթների բնույթը հաշվի առնելով՝ ձեր անելիքը նաև յուրահատուկ է լինելու:Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը:
Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:
Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաև հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:
Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը:
Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդարությունը գնահատվում է նաև այլ դիտանկյունից: Ցանկացած պաշտոնյա պետք է վստահ լինի, որ հանիրավի մեղադրանքի պարագայում ինքն օբյեկտիվ քննության արդյունքում կարող է և պետք է վերականգնի իր բարի համբավը:
Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Անարդարության նկատմամբ անտարբերությունը կամ պակաս ուշադրությունը կրկնապատկում է այդպիսի դրսևորումները:
Մենք պետք է վստահ լինենք, որ այստեղ ներկա յուրաքանչյուրդ՝ անկախ ձեր փորձառությունից, պաշտոնից կամ կոչումից, հասկանում եք, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է: Այս տասը տարիների ընթացքում ձեր աշխատանքով հավատ եք ներշնչել, որ ունակ եք պատվով կրելու պատասխանատու այս բեռը:Հարգելի՛ քննիչներ,
Ձեր կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երևույթներից մինչև ընտրախախտումներ:
Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի և անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի:Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին:
Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման և փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը:
Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:
Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը:Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում:
Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը:
Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր երկրի Սահմանադրության մեջ խոշտանգման կամ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիության մասին հոդվածները սակավաբառ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նման երևույթների դեմ պայքարը պակաս է արժևորվում կամ մղվում է հետին պլան: Համոզված եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ սեղմ բովանդակությունն ավելի է ընդգծում բացասական երևույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսևորելու անհրաժեշտությունը:21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով և հակակրանքով: Այնուհանդերձ, ցավալի է, որ դրանք հազվադեպ չեն և տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Ինձ համար ավելի ծանր է, երբ նման դեպքեր են արձանագրվում Հայաստանում:
Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել և նվազագույնի հասցնել ռիսկերը:
Հարգելի՛ քննիչներ,
Բնականաբար, չեմ կարող նաև չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը:
Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի:
Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ և ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլև օրինական և տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը:
Մենք, այնուամենայնիվ, չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով: Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները և մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա:
Երեք տարի առաջ՝ վերանորոգված այս նոր վարչական շենքի բացման օրը, ես բարձր գնահատեցի Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Հատկապես ընդգծեցի նախաձեռնողականությամբ զուգորդված ձեր հրապարակային և թափանցիկ աշխատաոճը:
Այս ընթացքում իմ կարծիքը չի փոխվել, քանի որ ծառայությունը շարունակում է գործել նույն ոգով: Կարծում եմ, որ դա նկատելի է թե՛ հանրության և թե՛ ձեր գործընկերների համար: Ուզում եմ համոզված լինել, որ հետագա տարիներին դուք ավելացնելու եք անհրաժեշտ ջանադրությունը, գործելու եք մարտահրավերներին համարժեք և է՛լ ավելի եռանդուն աշխատանքի արդյունքում արձանագրելու եք նոր նվաճումներ:Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որևէ դրսևորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարևորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին: Այս խնդիրների վերաբերյալ իմ հիմնական մոտեցումներն արդեն ներկայացրել եմ իրավապահ այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, նույն պահանջներն արդիական են նաև ձեզ համար, իսկ ձեր առաքելությամբ պայմանավորված՝ այդ պահանջները երբեմն կարող են անգամ ավելի խիստ լինել:
Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական և հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին: Դրա համար ունեք բոլոր հնարավորությունները. նկատի ունեմ ինչպես օրենսդրությամբ ձեզ վերապահված բավարար գործիքակազմը, այդպես էլ ձեր մասնագիտական որակները: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում դուք մշտապես կարող եք ակնկալել իմ աջակցությունը:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին այս հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք ու բարի ծառայություն:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...