Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. նախագահի սյունակը «The World» հանդեսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. նախագահի սյունակը «The World» հանդեսում

16:57 04.11.2019

Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է.

«Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում: Բայց կա ինչ-որ բան, որն ի սկզբանե դրված է մեր մեջ: Հենց դա է որոշում մարդկային ճակատագիրը: Իմ մեջ այդպիսի «անձայն կարգավորիչ» դարձավ հետաքրքրությունն աշխարհի բազմազանության նկատմամբ:

Հայրս ճարտարապետ էր, բայց վաղ հեռացավ կյանքից՝ չհասցնելով ինձ փոխանցել սերն այդ մասնագիտության հանդեպ: Մայրս երազում էր, որ ես դաշնակահար դառնամ:

Երաժշտությունը և մաթեմատիկան մանկությունից ինձ հետ էին. թե՛ մեկը, թե՛ մյուսը ընդմիշտ ինձ հետ են մնացել: Այստեղից էլ՝ գիտության հանդեպ իմ սերը և մարդկանց, երկրների միջև ներդաշնակ հարաբերություններ հաստատելու ցանկությունը:

Անվերապահ ներդաշնակությունը բնորոշ է երկու՝ երաժշտության և մաթեմատիկայի աշխարհներին: Հատկապես, երկրորդին. այդ աշխարհում ինձ միշտ «յուրային» եմ զգացել՝ թե՛ դպրոցում, և թե՛ համալսարանում: Հպարտ եմ, որ և՛ համալսարանում, և՛ ասպիրանտուրայում եղել եմ լենինյան կրթաթոշակառու: Վաղ հասակից սկսել եմ զբաղվել ֆիզիկայով:

ԽՍՀՄ-ում կային բացառիկ գիտական դպրոցներ: Խորհրդային միության ժամանակ գործում էր հիանալի դասական կրթական համակարգ: Որպես ֆիզիկոս-տեսաբան՝ ես պետք է հնարավորինս շատ բան իմանայի գիտության մասին, ճիշտ այնպես, ինչպես դաշնակահարը պետք է անգիր իմանար Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի բոլոր սոնատները: Երբ աշխատելու գնացի Քեմբրիջ, բացահայտեցի, որ, ի տարբերություն մեզ, այնտեղ գիտնականին բավարար էր տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների: Այդպես էր նաև Հարվարդում և Բերկլիում: Ես կարող էի դասավանդել հինգ-վեց տարբեր սեմինարներում, քանի որ կրթությունս դա թույլ էր տալիս:

Խորհրդային միության տեսական ֆիզիկայի դպրոցն ուժեղագույնն էր:

Արդեն տարիներ անց, մի մեծ ընդունելության ժամանակ, որին ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսում էինք կրթության մասին: Երբ հարցրեցին իմ կարծիքը, պատասխանեցի, որ դպրոցը պետք է յուրաքանչյուր մարդու մեջ տաղանդ բացահայտի: Կրթության խորհրդային համակարգի հիմքում մարզիկ, երաժիշտ, մաթեմատիկոս բացահայտելու կարողությունն էր, որը ներկայում շատ երկրներում այլևս չկա, կորսված է:

1991 թվականից հետո սկսվեց նոր դարաշրջան. Խորհրդային միությունը, որի անսասանության մեջ համոզված էի մանկուց, փլուզվեց: Հայաստանը դարձավ անկախ, և սկսվեց իմ երկրորդ կյանքը: Անգլիայում համալսարանական պրոֆեսոր էի, երբ այդ երկրում դեսպանություն բացելու առաջարկ ստացա Հայաստանի նախագահից: Մի քանի ամիս անց՝ սփյուռքի օգնությամբ մենք բացեցինք մեր առաջին դեսպանատունը Արևմուտքում: Ապա՝ Փարիզում, իսկ հետո նշանակվեցի Եվրոպայում ավագ դեսպան: Լոնդոնը, Եվրոպական միությունը, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ն, Վատիկանն իմ դիվանագիտական ծառայության վայրերն էին: Այդ երկրորդ կյանքը պայծառ և հետաքրքիր էր, բայց, ցավոք, հնարավորություն չէր տալիս համատեղել դիվանագիտությունը և գիտությունը:

1996 թվականին ես դարձա Հայաստանի վարչապետ, և բացվեց իմ կյանքի հաջորդ էջը: Սակայն 1997 թվականին շատ լուրջ հիվանդության պատճառով ստիպված եղա հրաժարական տալ: Այսպես սկսվեց իմ կյանքի պատմության երրորդ՝ ամենադժվար գլուխը՝ երկու տարվա պայքար, որպեսզի այն չդառնար վերջինը:

Ճշմարտությունն այն է, որ մենք, երբեմն, մինչև վերջ չենք հասկանում, թե որքան ուժեղ ենք: Իր ներքին ուժի գիտակցումով մարդն ավելի ազատ է դառնում:

Երրորդ կյանքս շատ հնարավորություններ ընձեռեց և կյանքի համի նոր զգացողություն տվեց:

Կյանքիս չորրորդ հատվածում ես կրկին զբաղվում էի գիտությամբ, զարգացնում բիզնեսը: Շարունակում էի աշխատել որպես դիվանագետ: Հաջողությամբ կարողանում էի համատեղել ինձ դուր եկող շատ բաներ:

2018 թվականի երդմնակալությունից հետո սկսվեց հինգերորդ կյանքը: Իհարկե, նախագահի պաշտոնը կյանքդ սեփական ըմբռնումներով և ցանկություններով տնօրինելու որոշ ազատություն է խլում, սակայն, փոխարենը, տալիս է հնարավորություն` նվիրվելու երկրիդ, որն ինձ համար մշտապես եղել է իմ գլխավոր և սիրելի Տունը:

Հայաստանը յուրահատուկ է: Այստեղ մինչ օրս զգացվում են հնագույն քաղաքակրթությունների հետքերը, միևնույն ժամանակ, այն ներդաշնակորեն համահունչ է գլոբալիզացիայի և ցնցող փոփոխությունների աշխարհին, և այստեղ հակասություն չկա: Վերապրելու հազարամյա փորձը թափառում է նրա արյան մեջ, իսկ մշակույթների ներդաշնակ համաձուլվածքը, հոգևոր հարստության ոսկին սնում են երկրի հոգին: Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խոսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Հզոր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ հայտնվել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլև ոտքի կանգնել և կառուցել սեփական երկիրը: Հետևում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամյակների պայքարն այս բազմադեմ և բազմալեզու աշխարհում: Գուցե և հենց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապես փնտրել ենք ավելին, քան նյութական կյանքն է: Ոգին եղել է ամենից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից և տարածությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագույն և, միևնույն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է:

Մենք ապրում ենք բարդ, սակայն չափազանց հետաքրքիր ժամանակահատվածում: 21-րդ դարը մի ժամանակաշրջան է, երբ շատ բան արագորեն փոփոխվելու է: Առայժմ ամեն ինչ անորոշության դաշտում է՝ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նոր տեխնոլոգիաները, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը արհեստական բանականության ստեղծումն ու զարգացումն է: Այն ծրագրային արտադրանք է, որը կարողանում է գտնել սեփական սխալները, սովորել դրանց վրա և հետագայում կատարելագործվել: Այն չի համարվում մարդու պատճենը վիրտուալ տարածության մեջ, պետք չէ դրանից վախենալ: Կարծում եմ՝ ապագայում արհեստական բանականությունը կօգնի լրջորեն ամրապնդել մեր սեփական ներուժը, հասկանալ ինքներս մեզ:

Մարդիկ փոխվում են ավելի արագ, քան մարդկության պատմության որևէ այլ ժամանակահատվածում: Դա հատկապես տեսանելի է ամենապատանիների դեպքում, ովքեր ներկայում ծնվում են բոլորովին այլ տարածությունում, նրանք, ասես, այլ մոլորակից են: Ես դա տեսնում եմ երեք թոռներիս օրինակով: Մեր առաջին խաղալիքները «չխկչխկաններն» էին, իսկ նրանց ձեռքում հայտնված առաջին սարքերից էին IPhone-ը կամ Ipad-ը: Եվ նրանք սկսում են դա օգտագործել մեկ կամ մեկուկես տարեկանից: Փոքրիկները սովորում են հաղորդակցվել՝ դեռևս տառեր, բառերը կամ քերականություն չիմանալով: Մարդը վերադառնում է դեպի ակունքներ՝ հետ, դեպի հազարամյակներ, նախագրային ժամանակներ, որովհետև application-ները հիերոգլիֆներն են: Եվ ստացվում է, որ երեխաների համար շատ հեշտ է շփվել հիերոգլիֆների միջոցով, նրանք իրենց խաղերն են գտնում Ipad-ում: Հետո, երբ նրանց գիրք ես տալիս, փորձում են այն թերթել մատով հպվելու միջոցով՝ ասես, գիրքն էլ Ipad է, ու զայրանում են, երբ դա նրանց չի հաջողվում: Մեծանում է մի սերունդ, որի համար գիրքը չաշխատող գաջեթ է: Մենք ավելի ուշ կհասկանանք՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նրանք լողում են տեղեկատվական հոսքերի մեջ: Նրանք, գուցեև բարեբախտաբար, չեն հասկանա, թե ինչ է տեղեկատվական քաղցը, որի միջով անցել է մեր սերունդը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և արհեստական բանականության զարգացման հետ մարդը կդառնա գերանհատականություն: Ուրախացնում է նաև նոր միտումը՝ կատարելագործվել ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլև՝ ֆիզիկապես: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են տարվում առողջ ապրելակերպով, այն դառնում է նորմ. մեր ժամանակ սա չտեսնված բան էր: Մարդիկ ծխում էին, խմում, մտածում էին, որ, եթե մարդ զբաղվում է սպորտով, ապա մտավոր թերզարգացվածություն ունի: Իսկ հիմա հակառակն է, բոլոր խելացի երիտասարդները, որոնք ավարտում են հեղինակավոր համալսարաններ, զբաղվում են սպորտով, որպեսզի բոլոր առումներով դառնան ավելի լավը:

Ապագան սրընթաց մոտենում է, սակայն, ինչ հաջողություններ էլ գրանցեն տեխնոլոգիաները, հազիվ թե պետք է սպասել «մեքենայից Աստծո» հայտնվելուն: Քանի որ, նույնիսկ ամենակատարյալ համակարգը, մեզ չի հուշի անթերի, անբասիր, վերջին ատյանի տեսքով ճշմարտությունը: Այդ դեպքում ի՞նչ անենք մենք՝ մարդիկ, որ ցանկանում ենք իմանալ աշխարհի, մեր ապրած վայրի, մեր մասին հավերժական հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ պարզապես, սիրենք սեփական երկիրը, Տունը, որտեղ մեր արմատներն են, գործը, որով զբաղվում ենք։ Այն ամենը, ինչ չի փոխվի, անգամ, ժամանակի ընթացքում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

20:30 27.07.2025

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...

BACK_TO_TOP