15:17 14.11.2019
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի սրման ֆոնին: Կողմերի միջև լարվածության առիթներից մեկը Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է: Բացի դրանից՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածություն է ստեղծել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:
Ի դեպ, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ծավալած ռազմական գործողություններից հետո սա Թրամփի և Էրդողանի առաջին հանդիպումն է:
Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ մի շարք այլ առանցքային հարցեր: Թրամփը շեշտել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի առևտրային գործընկերն է, և կողմերը նպատակ ունեն երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներից մեկն է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում մեծ դերակատարում է ունեցել: Այս առնչությամբ ԱՄՆ նախագահը կարևոր է համարել Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված տարաձայնությունների լուծումը:
«Թուրքիայի կողմից ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկայի, ինչպես, օրինակ, C-400-ների ձեռքբերումը մեզ համար շատ լուրջ խնդիրներ է ստեղծում: Մենք անդադար խոսում ենք այդ մասին, խոսել ենք նաև այսօր: Հույս ունենք, որ ապագայում կկարողանանք հարթել այդ իրավիճակը»,- ասել է Թրամփը:
Թուրքիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ C-400-ների շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է լուծել բանակցությունների միջոցով:
«Մենք, բնականաբար, քննարկել ենք պաշտպանության ոլորտում մեր սերտ հարաբերությունները, հատկապես C-400 համակարգերը և F-35 կործանիչների ծրագիրը: Մեր միջև ստեղծված տարաձայնությունները հնարավոր է լուծել միայն երկխոսության միջոցով: Մենք նախագահ Թրամփին հստակ ասել ենք, որ համապատասխան պայմանների դեպքում պատրաստ ենք ձեռք բերել նաև ամերիկյան Patriot համակարգերը»,- հայտնել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև լարվածության առիթ դարձած Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:
«Որոշ պատմական իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են մեր երկկողմ հարաբերությունները փչացնելու համար: Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ընդունված որոշ բանաձևեր հենց այդ նպատակին էին ծառայում: Դա մեծապես վիրավորել է թուրք ժողովրդին և կարող է ստվեր նետել մեր երկկողմ հարաբերությունների վրա: Ես այս մասին հայտնել եմ պարոն նախագահին: 104 տարվա հնություն ունեցող իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Ես ուզում եմ հստակ նշել, որ Թուրքիան երկխոսության և բաց քննարկման ու բանավեճի կողմնակից է: Մենք մեր առաջարկը հայտնել ենք նաև հայկական կողմին, որպեսզի երկկողմանիորեն բացենք արխիվները, պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծենք: Հուսով եմ՝ Սենատը ԱՄՆ-ին կհանի այս արատավոր շրջանից, որը ստեղծվեց Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի պատճառով»,- ընդգծել է Էրդողանը:
Երկու նախագահների հանդիպման առանցքային թեմաներից մեկն էլ Սիրիայում ստեղծված իրավիճակն էր: Թրամփը շատերի կողմից մեծ քննադատության էր ենթարկվել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից հանելու և թուրքական ռազմական գործողությունների համար «կանաչ լույս» վառելու համար: Այնուամենայնիվ, չնայած այդ քննադատություններին, Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ն անհանգստանա իր սահմանների և ոչ թե այլ երկրների սահմանների համար:
Իսկ Էրդողանը քննադատեց Թրամփին այն բանի համար, որ նա Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիին՝ նրան անվանելով ահաբեկիչ: Ի դեպ, Էրդողանը նաև հայտնեց, որ վերադարձրել է այն նամակը, որն ԱՄՆ նախագահն իրեն էր ուղարկել հոկտեմբերի 9-ին:
Նամակում ԱՄՆ նախագահն իր թուրք գործընկերոջը կոչ էր անում «հիմար չլինել» և հրաժարվել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նախատեսվող ռազմական գործողություններից:
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել Թուրքիայի նախագահին՝ կապված Սիրիայի հյուսում բնակվող քրիստոնյաների դեմ ուղղված հարձակումների հետ: Լրագրողը հիշատակել է նաև օրեր առաջ Ղամիշլիում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից հայ քահանայի և նրա հոր սպանությունը: Ի պատասխան՝ Էրդողանը հավաստիացրել է, որ կվերակառուցի հյուսիսային Սիրիայում քրիստոնյաների ավերված եկեղեցիները և սրբավայրերը:
«Ինչպես նախկինում էլ ասել եմ, քրիստոնյա փոքրամասնությունները, արամեացիները, քաղդեացիները և եզդիները, ովքեր ապրում են սահմանի մեր կողմում, որևէ խնդիր չունեն, իսկ սահմանի սիրիական կողմում բնակվողները կտեսնեն իրենց սրբավայրերի վերակառուցումը: Նրանք բժշկական և մարդասիրական օգնություն են ստանում»,- ասել է Էրդողանը:
Ի դեպ, հաշվի առնելով առկա տարաձայնությունները և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները Թրամփին կոչ էին արել չեղարկել Էրդողանի հետ հանդիպումը:
Թուրքիայի նախագահի այցին դեմ են եղել ոչ միայն օրենսդիրները: Վաշինգտոնում Էրդողանի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային է մասնակցել մի քանի տասնյակ ցուցարար:
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...