11:40 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է.
«Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն:
Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:
Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:
Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:
Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:
Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:
Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:
Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:
Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:
Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:
Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը:
Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը:
Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել:
Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:
Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:
Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:
Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:
Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:
Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:
Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման:
Սիրելի հայրենակիցներ,
Այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:
Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:
Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա:
Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները:
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:
Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե հայկական Սփյուռքը,
Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:
Հիշում ենք և պահանջում»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, տիկին Աննա Հակոբյանի հետ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
22:12 09.05.2025
Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին22:12 09.05.2025
Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնըԻսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։ Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 […] ...
21:49 09.05.2025
Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետներիՈւկրաինայում Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Կիևը որոշել է արտաքսել երկու հունգարացի դիվանագետների։ Այս մասին X-ում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ «Երկու հունգարացի դիվանագետներ պետք է լքեն մեր երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք հենց նոր կանչեցինք Հունգարիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն և նրան հանձնեցինք համապատասխան նոտա: Մենք գործում ենք Հունգարիայի […] ...
21:34 09.05.2025
Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...
21:18 09.05.2025
Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համարՄեքսիկայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...