18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
Մինչև 2014 թվականը Ադրբեջանի բանակը հաճախ դիմում էր դիվերսիաների։ Դրանք պատճառ էին դառնում մարդկային զոհերի երկու կողմից։ Ադրբեջանում դրան սովորական էին վերաբերվում, Հայաստանում` ոչ։ Հաջորդ փուլերն էին ականանետային, ապա ծանր հրետանային, ապա նաև տանկային մարտերը։ Վերջում՝ Ապրիլյան պատերազմը։ Հետո՝ հարաբերական հանգիստ, որը նորից խախտվեց դիվերսիայով։
2017 թվականի փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական բանակի միանգամից երկու դիվերսիոն խումբ բացահայտ հարձակման է անցնում արցախյան առաջնագծի երկու ուղղություններում։ Երկու խումբն էլ պատվական ծեծ են ուտում։ Ադրբեջանցիները մի մասը անշնչացած մնում է միջդիրքային գոտում, մի մասը փրկվում է փախուստի դիմելով։ Դիվերսիաները կասեցվում են հայկական կողմում դրված տեսադիտարկման համակարգերի շնորհիվ, որոնք թշնամու առաջխաղացումը հայտնաբերում են վաղօրոք։
Գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ապացուցում են, որ հարձակվողը հենց ադրբեջանական կողմն է։ Բայց որ ավելի կարևոր է՝ հուշում են, որ ադրբեջանական կողմի համար այսուհետ դժվար է լինելու հաջող դիվերսիաներ իրականացնելը։
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով, կարելի է ասել՝ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան: Վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը», — հունիսի 6-ին հայտարարում է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
Կարծես դիտավորյալ ադրբեջանցիները դիվերսիայի փորձ են անում հրամանատարի ասուլիսից երկու շաբաթ անց՝ հունիսի լույս 22-ի գիշերը։ Նորից՝ անհաջող։ Ադրբեջանցիները մարտադաշտում են թողնում իրենց զենք ու զրահն ու հեռանում։ Դրանից հետո և մինչև հիմա Պաշտպանության բանակն այլևս չի հաղորդել ադրբեջանական կողմից ներթափանցման որևէ փորձի մասին։
Մայիսի 15-ին ադրբեջանական բանակը իսրայելական «Սպայկ» կառավարվող հրթիռով կրակում ու վնասում է (ադրբեջանական կողմի պնդմամբ՝ խոցում է) Պաշտպանության բանակի ՀՕՊ տեխնիկան, որ մոտ էր առաջնագծին։ Հայկական կողմն ընդունում է, որ նման միջադեպ եղել է, տեխնիկան վնասվել է։
Պատասխան հարվածն ու հաջորդող գործողությունները տևում են 2-3 օր։ Կիրառված սպառազինությունը հասնում է մինչև Դ-44 հրանոթների և 120 մմ ականանետների (եզակի դեպք տարվա ընթացքում), իսկ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական զինուժը կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Հայկական կողմը սա ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։ Ավելի ուշ, այլ առիթով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հաստատում է, որ հարվածային ԱԹՍ-ների մշակումներ Հայաստանում իրականացվում են։
Մայիսի 17-ին հրապարակվում է Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունների տեսագրությունը. հայկական զինուժը թիրախավորում ու խոցում է հակառակորդի ՌԷՊ և կապի հանգույց, ինչպես նաև «Օսա» համակարգի լիցքավորման մեքենա։
Տեսանյութում երևացող բնակավայրը ոգևորում է ադրբեջանական կողմին, որը սկսում է հայտարարել, թե հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակավայր։ Սակայն Razm.info կայքում հրապարակված քարտեզ-սխեման ցույց է տալիս, որ իրենք՝ ադրբեջանցիներն են իրենց ռազմական տեխնիկան տեղակայել բնակավայրի մոտ։ Նման պարագայում հայկական կողմը մեղավոր չէ խաղաղ բնակիչների կորուստների համար։ (Ադրբեջանի զինված ուժերի նման վարքին ականատես ենք եղել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, ականատես ենք լինում նաև ավելի ուշ, ինչի մասին ստորև)։
Եզակի դեպք. կողմերին հանգստության կոչ անելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարության նշան չեն դնում, շեշտում են, որ գործողությունները սկսել է Ադրբեջանը, և որ հայկական կողմի հարվածները դրա պատասխանն են եղել։
Ադրբեջանական բանակի ՌԷՊ-կապի հանգույցը և «Օսա» համակարգի լիցքավորման մեքենան՝ քարտեզի վրա տեղորոշմամբ (նշված են նաև ՊԲ հրապարակած տեսանյութի համապատասխան վայրկյանները)
Հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարում է, որ երկրի բանակը խոշորագույն զորավարժություն է իրականացնելու նույն ամսվա 19-24 հատվածում։ Ներգրավվելու է 23 հազար զինծառայող, մեծ թվով զինտեխնիկա (Ադրբեջանի զինուժի՝ վերջերս անցկացրած խոշոր վարժանքների ժամանակագրությունը՝ ստորև)։ Քիչ է, որ Ադրբեջանն այս զորավարժությունը կազմակերպում է միջազգային համաձայնության խախտմամբ, դեռ զուգահեռ լարվածություն է մտցնում առաջնագծում. կիրառում է ականանետ, որից հայկական կողմը մարդկային կորուստներ է ունենում։
Հունիսի լույս 22-ի գիշերը Ադրբեջանի զինուժը փորձում է նաև դիվերսիա իրականացնել, որը, ինչպես վերը նշվեց, արդյունք չի ունենում։ Ադրբեջանական բանակի զորավարժության ավարտից հետո լարվածությունը համեմատաբար թուլանում է, իսկ հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի սադրանքն անպատիժ չի մնացել.
«Միայն վերջին 10 օրվա գործողությունների արդյունքում Ադրբեջանի բանակն ունեցել է 8 զինծառայողի հաստատված կորուստ։ Չհաստատված կորուստների քանակը շատ ավելի մեծ է»։
Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինուժը Արցախի առաջնագծի մի քանի ուղղություններով սկսում է կրակել ականանետներով ու նռնականետներով: Ալխանլու գյուղում տեղակայված դիրքերից ադրբեջանական բանակը կրակում է նաև TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Պաշտպանության բանակը ձեռնարկում է պատասխան գործողություններ, ինչից հետո ադրբեջանական կողմը տեղեկություններ է տարածում, որ հայկական կողմի կրակոցներից այդ գյուղում զոհվել է քաղաքացիական երկու անձ, որոնցից մեկը՝ մանկահասակ աղջիկ։
Հայկական կողմը, սակայն, ցույց է տալիս, որ եթե եղել են քաղաքացիական զոհեր, ապա մեղքը բացառապես ադրբեջանական կողմինն է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բանակն իր դիրքերը տեղակայել է հենց գյուղի տարածքում, ինչը նշանակում է, որ եթե Արցախի դիրքերից փորձեն խոցել այդ դիրքերը, հնարավոր են նաև տուժածներ քաղաքացիականների շրջանում։
«Երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են», — նշվում է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
Փաստացի, ադրբեջանական բանակը թաքնվում է իր բնակչության թիկունքում, որպեսզի հենց քաղաքացիական զոհեր լինեն, մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Սա կրկնվող սցենար է ադրբեջանական կողմում, ինչն ապացուցված է քարտեզներով ու Պաշտպանության բանակի նկարած տեսանյութերով, որոնցում երևում է գյուղերում տեղակայված ադրբեջանական զինտեխնիկան։
Լարվածությունը շարունակվում է ևս մի քանի օր։ Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական զինուժը Արցախի հայկական դիրքերին կրակում է նաև Դ-44 տիպի ու տարվա ընթացքում միակ անգամը՝ Դ-30 տիպի հրանոթներով։
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ այդ օրն ադրբեջանական կողմից նաև մահապարտ անօդաչու թռչող սարք է արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ։ Խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվում սարքն արտադրող Aeronautics իսրայելական ընկերությունը, որի մասնագետն անձամբ էր կիրառել սարքը հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս սկանդալից հետո է, որ կասեցվեց իսրայելական ընկերության կողմից նմանատիպ սարքերի արտահանումն Ադրբեջան, իսկ միջադեպի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է մինչև օրս։
Տարին հատկապես աչքի է ընկնում հյուսիս-արևելյան (Տավուշ-Գեղարքունիք) և հարավ-արևմտյան (Նախիջևան) ուղղությունների հանգստությամբ։ Նախորդ տարիներին այստեղի լարվածությունը քիչ էր զիջում Արցախի առաջնագծին, կիրառվել են մինչև 120 մմ ականանետներ, եղել են դիվերսիաներ և այլն։ Սակայն այս տարի ադրբեջանական կողմը իրեն համեմատաբար հանգիստ է պահել այս ուղղություններում։
Պաշտպանության բանակի կայքի տվյալներով՝ ամբողջ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել ու Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է մոտ 14 հազար անգամ՝ արձակելով 180 հազար կրակոց։ Հետաքրքիր է, սակայն, որ հրադադարի խախտումներից 9 հազարը, և կրակոցներից 121 հազարը բաժին է ընկնում առաջին կիսամյակին։
Պաշտպանության բանակի շաբաթական ամփոփագրերում որոշ տվյալներ բացակայում են, բայց եղած թվերն էլ վկայում են, որ վերջին երեք տարիների առավել տևական, հիմնականում հանգիստ իրավիճակն առաջնագծում եղել է 2017 թվականի երկրորդ կեսին։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...