Ղարաբաղում Անկարան ու Բաքուն ցեղասպանություն են գործել. առաջարկվել է ստեղծել միջազգային տրիբունալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ղարաբաղում Անկարան ու Բաքուն ցեղասպանություն են գործել. առաջարկվել է ստեղծել միջազգային տրիբունալ

10:23 17.11.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական ու թուրքական բանակները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են կատարել: Եվ ներկայացնում է ապացույցներ: Հայաստանի նկատմամբ ձեւավորվել է յուրօրինակ մահմեդական դաշինք: Ռուսաստանը դադարեցրել է պատերազմը՝ չկռվելով նրա մասնակիցներից եւ ոչ մեկի հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

«Ցեղասպանություն է կատարվել: Ես տեսանյութ եմ տեսել, որը նկարահանել են իրենք՝ ադրբեջանցի զինվորները, որոնք սպանել են խաղաղ բնակիչների, գերիների: Ադրբեջանցիները նաեւ ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ դա ռազմական հանցագործություն է, քանզի պատերազմ կարելի է վարել միայն հակառակորդի զինված ուժերի նկատմամբ»,- չեխական «Parlamentni listy»-ի թղթակից Զուզանա Կոուլովային տված հարցազրույցում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վերջինիս կողմից սանձազերծված պատերազմն այսպես է բնութագրել Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը: Նա նաեւ շեշտել է, որ այնտեղ կիրառված զենքերի մի մասն արտադրվել է Չեխիայում:

Եվրոպական ժողովուրդների, հատկապես նրանց որոշ ներկայացուցիչների նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ՝ չենք կարող չշեշտել, որ Հին աշխարհամասն ամենեւին էլ այն չէ, որը կարող է արժեքներ արտահանել եւ խոսել քաղաքակրթության մասին: Եվրոպան հեռվից նայում էր Արցախում քաղաքակրթության ու բարբարոսության միջեւ պատերազմին եւ որոշեց չմիջամտել: Սա՝ արտաքնապես: Իսկ իրականում գիտենք փաստեր, որ եվրոպական երկրները բարբարոս թեւին մատակարարել են զենք եւ զինամթերք, ապահովել նրա հաղթանակը՝ հանուն նավթադոլարների: Եվրոպան, մեծ հաշվով, ծնկի էր եկել ադրբեջանական նավթի առաջ:

Բայց մտածող երիտասարդությունն իրեն հարց է ուղղելու, թե ինչո՞ւ ապագայում պետք է պատասխան տա այն բոլոր կեղտերի համար, որոնք գործում են այսօրվա քաղաքագետները: Կեղտերը պետք է մաքրվեն, իսկ դա ոչ թե մեզ է պետք, այլ իրենց՝ եվրոպացիներին: Նրանք պետք է որոշեն, թե որն է իրենց առաքելությունն այս աշխարհում, այլապես կվերածվեն արժեքներ ներկրողի, նույնիսկ կարող են դառնալ իսլամա-թուրքական «արժեհամակարգի» կրողներ:

Մենք մեր արժեհամակարգն ունենք, եւ այն միտված է մարդկային օրենքների հաստատմանը: Մենք գիտենք կառուցել, արարել, սիրել, բայց գիտենք նաեւ ատել ու կտրել մեր վրա բարձրացված ձեռքը: Եվ այսօր էլ, երբ դժվար է, երբ Արցախում ադրբեջանաթուրքական հորդաները նոր ցեղասպանություն են իրականացնում, երբ «քաղաքակիրթ» աշխարհն իրերը չի կոչում իրենց անուններով, չենք շեղվում մեր ճանապարհից եւ ազգովի դատապարտում ենք բարբարոսությունը, որը մեծ աստված է նորօրյա «նավթային քաղաքակիրթների» համար:

Բարեբախտաբար, շատերն են հասկանում ստեղծված իրավիճակը նաեւ Եվրոպայում: Շատերը գիտեն՝ ինչ է կատարվում այս պահին, հասկանում են, որ Թուրքիայի վերջնական նպատակը Եվրոպայի նվաճումն է, նրա մահմեդականացումը: Եվ նրանք պայքարի մեր թեւում են, ինչը հույս է ներշնչում, որ այս անգամ պատմությունը չպետք է կրկնվի թուրքական սցենարով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարը, Իվան Դավիդն ասել է. «Ես կարծում եմ, որ դա ստիպողական քայլ էր, երբ ադրբեջանական, ինչպես նաեւ թուրքական բանակները ցեղասպանություն ու ռազմական հանցագործություններ էին կատարում: Ըստ իմ տեղեկությունների՝ հենց թուրք սպաներն էին կանոնակարգում այդ ամենը: Մարտական գործողություններին մասնակցում էին նաեւ վարձկաններ եւ Պակիստանի հատուկ ուժեր: Այսպիսով՝ այնտեղ ձեւավորվել էր յուրատեսակ մահմեդական դաշինք՝ ընդդեմ Հայաստանի: Հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղի այն շրջաններից, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, որովհետեւ վախենում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները կխոշտանգեն իրենց, կսպանեն: Այդ վտանգն իրականում գոյություն ունի, եւ դրա ապացույցներից մեկը հայ ժողովրդի պատմությունն է: Գերված սիրիացի վարձկանն էլ պատմել է, որ իրենց հրահանգավորել են սպանել քաղաքացիական բոլոր անձանց եւ ոչ ոքի չխնայել: Բացի այդ, ադրբեջանցիները կասետային ռումբեր են օգտագործել, որոնք արգելված են միջազգային օրենքներով, ինչպես նաեւ՝ ֆոսֆորային ռումբեր»:

Իվան Դավիդը շեշտել է, որ առաջարկել է ստեղծել միջազգային տրիբունալ Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների համար:

«Տեսնենք, թե դրան ինչպես կվերաբերվի Եվրախորհրդարանը: Ես դա առաջարկել եմ մեր քաղաքական խմբակցությանը՝ ներկայացնելու այն որպես Եվրախորհրդարանի բանաձեւի նախագիծ: Նաեւ մեր «Ինքնություն եւ ժողովրդավարություն» խմբակցության այլ պատգամավորներ են ցանկանում մասնակցել բանաձեւի նախապատրաստությանը: Սակայն պարզ չէ՝ արդյոք Եվրախորհրդարանի ղեկավարությունը կթույլատրի՞ այն ներկայացնել ԵՄ խորհրդարանի նիստին: Եվրախորհրդարանը շատ ավելի պակաս ժողովրդավար է, քան ազգային խորհրդարանները:

Քննարկման առաջարկները չեն ընդունվում ընդհանուր խորհրդարանական քվեարկությամբ, երբ նոր օրակարգ կարող է առաջարկել յուրաքանչյուրը, ոչ միայն խորհրդարանի կազմկոմիտեն: Եվրախորհրդարանում քննարկման նոր թեմաները հաստատվում են նախագահների, այսինքն՝ խմբակցությունների նախագահների հանդիպման ժամանակ: Եթե նրանք մերժում են, իսկ դրա համար բավական է երեք խոշոր խմբակցությունների մերժումը, այն չի ներկայացվում Եվրախորհրդարանի քննարկմանը: Եվ մենք նույնիսկ չենք իմանում, թե ով է «սպանում» առաջարկը:

Վերջերս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու փորձը ձախողվեց: Արդյունքում տեղի ունեցավ միայն քննարկում, որի ընթացքում բոլորը կարող էին ինչ-որ բան ասել, իսկ բառերը ուժ չունեն: Այսպիսով՝ պարզապես մտքերի փոխանակություն կատարվեց»,- ընդգծել է պատգամավորը:

Թուրքական ցեղերը միջնադարում գրավել են հայկական, բյուզանդական ու այլ ժողովուրդների պատկանող տարածքները, իսկ մենք այնտեղ ապրում ենք ավելի քան երկու հազար տարի:

«Ադրբեջանցիները, ինչպես նաեւ թուրքերը, որպես ժողովուրդ կազմավորվել են միայն 20-րդ դարում: Մենք ունեցանք ազգային վերածնունդ, իսկ նրանք՝ ազգային ծնունդ: Թուրք ժողովուրդներն ու հայերը, քրդերը եւ այլ «հին ժողովուրդներ» դարեր շարունակ ապրել են կողք կողքի եւ գրեթե միշտ բախվել իրար հետ: Ինչ վերաբերում է հայերի եւ ադրբեջանցիների բախումներին, ապա դրանց վերջակետը դրեց միայն Խորհրդային Միության ստեղծումը:

Կարելի է կանգնել հակամարտության մասնակիցներից մեկի կողքին, եւ հաշվի առնելով, թե ինչպես է իրեն դրսեւորում Թուրքիան ոչ միայն հարեւանների, այլեւ եվրոպական այլ երկրների նկատմամբ, հակվում ես դեպի այն կողմը, որը դիմակայում է Թուրքիային: Բացի այդ, Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ուստի մշակութային ավանդույթների տեսանկյունից Հայաստանը մեզ ավելի մոտիկ է: Հայերի համար իրավիճակը բարդացավ նաեւ այն պատճառով, որ նրանց համար դժվար է դաշնակիցներ գտնել հարեւանների մեջ: Դաշնակիցների թվին կարելի է դասել շիական Իրանին: Պարսիկները նույնպես հնագույն ժողովուրդ են, ինչպես հայերը եւ քրդերը»,- նկատել է Իվան Դավիդը: Նա նաեւ վստահ է, որ չեխական հանրությունը պետք է հետաքրքրվի այն փաստով, որ Չեխիայի Հանրապետությունն այն քիչ թվով երկրներից մեկն է, որը զենք է մատակարարում Թուրքիային ու Ադրբեջանին: Ըստ նրա՝ խոսքը խոշոր տրամաչափի հրետանու ու զինամթերքի մասին է:

Միջազգային տրիբունալի ստեղծման հավանականությունն ավելի կմեծանա, եթե հայ ժողովուրդը սփյուռքի իր կառույցների միջոցով հզոր ճնշում գործադրի եւ ապահովի հարցի քննարկումը Եվրախորհրդարանի մակարդակով: Դա հնարավորություն կտա որոշակիորեն ուժեղանալ այն բանակցություններում, որոնք սպասվում են մեզ առաջիկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

BACK_TO_TOP