Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում

12:39 25.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն խթանում գնման մրցակցային ընթացակարգերում մասնակցության աստիճանի ավելացմանը, այդ թվում ՓՄՁ-երի մասով: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխության ենթարկել որակավորման ապահովման տեսակին և չափին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումների սահմանման նպատակն է որակավորման ապահովման չափի վերանայման և այլընտրանքների սահմանման միջոցով խթանել գնման մրցակցային ընթացակարգերում մրցակցության աստիճանի բարձրացմանը:

Մասնավորապես.
– մասնակցին տալ հնարավորություն՝ ապահովումը ներկայացնել նաև ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխիքի ձևով.
– եթե մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն ՀՀ-ին շնորհված վարկանիշիչ ափով, ապա վերջինս չի ներկայացնում որակավորման ապահովում.
– որակավորման ապահովման պայմանը մինչև 25 մլն դրամ գնումների դեպքում կիրառել տուժանքի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.
– մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ապահովման չափը սահմանել 15%, իսկ 70մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ 30%.
– կանխավճարի առավելագույն չափը 25%-ի փոխարեն սահմանել 30%, անփոփոխ թողնելով այն կարգավորումները, համաձայն որոնց կանխավճարի չափը ի սկզբանե հրապարակվում է հրավերում և մասնակիցը կարող է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից: Ընդ որում առաջարկվում է սահմանել, որ մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը կազմակերպվող գնման մրցկացային ընթացակարգերում պատվիրատուն կարող է կանխավճարի առավելագույն չափը սահմանել մինչև 50%.
– բարձրացնել հայտի ապահովման կիրառման շեմը՝ 10 մլն դրամ գնումների փոխարեն այն կիրառել 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում.
– մինչև 25 մլն դրամ գին ունեցող գնումների դեպքում պայմանագրի ապահովումը հաղթող մասնակիցը կներկայացնի տուժանքի ձևով, իսկ 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում պայմանագրի ապահովումը կներկայացվի բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Վարչապետն ընդգծել է որոշման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն տնտեսական էական աշխուժություն կբերի:

Փոփոխություններ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման և դրա շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում մինչև 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի հասանելիության շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Միջոցառման և դրա շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգում կատարվելիք փոփոխությունն ու լրացումը կնպաստի՝ գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, շրջանառու միջոցների ձեռքբերման դժվարությունների մեղմմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացմանը։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման արդյունքները վկայում են այն մասին, որ տնտեսավարողները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միկրովարկերի նկատմամբ: Մասնավորապես, 2020 թ. դեկտեմբերի 30–ի դրությամբ տրամադրվել է 36608 միավոր վարկ 63,4 մլրդ դրամի չափով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 26870 միավորը 21,6 մլրդ դրամ գումարով կազմել են մինչև 1 մլն դրամ գումարով միկրովարկերը։ 2020 թ. մարտի 31–ից մինչև հոկտեմբերի 1–ը ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 16 մլրդ դրամի չափով միկրովարկ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2020 թ. 1–ին կիսամյակի համար Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մոնիթորինգ է իրականացվել թվով 695 վարկառուի մոտ, որոնցից 396–ը (57 տոկոս) եղել են մինչև 1 մլն դրամ գումարի վարկառուներ։ Վերջիններիս վարկի միջին գումարը կազմել է 857,1 հազար դրամ։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ մինչև 1 մլն դրամ գումարով վարկառուներից 295–ը (75 տոկոս) վարկն օգտագործել է նպատակային: Նախատեսվում է երկարացնել միջոցառման իրականացման ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 1-ը և հնարավորություն տալ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին օգտվելու մինչև 1 մլն դրամ գումարով միկրովարկերից, որոնք հասանելի են 0 տոկոս տոկոսադրույքով։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն նշել է. «Վիճակագրությունն ուսումնասիրելով տեսանք, որ փոքր գյուղատնտեսական վարկերի ստացման հետ կապված տեմպն այնպիսին չէ, ինչպիսին նախորդ տարի և որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան կամ ավելի ճիշտ՝ բանկերը որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին ավելի մեծ ծավալով վարկավորելու առումով»:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարկի առավելություններից է, որ այն գրավ չի պահանջում և հիմնականում փոքր գյուղատնտեսական տնտեսությունների համար է: «Գարնանամուտին շատ կարևոր քայլ է կառավարության կողմից: Համայնքների բնակիչները կկարողանան իրենց փոքր հողատարածքների համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ և այլ անհրաժեշտ պարագաներ՝ գարնանացանի համար», -ասել է նախարարը:

Երեք ամսով երկարաձգվել է ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման միջոցառման իրականացման ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնցով կարգավորվում են ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Փոփոխություններով առաջարկվում է միջոցառման (նաև կարգի) ժամկետը երկարացնել ևս երեք ամսով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այն քաղաքացիներին, ովքեր բնակարանում հնարավորություն ունեն հյուրընկալել բնակարանից զրկված քաղաքացիների, մենք ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի այդ հյուրընկալության գործընթացը պատշաճ տեղի ունենա»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ 3000 հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն: «Հյուրընկալվածների, այսինքն՝ արցախցի չափահասների թիվը մոտ 7000 է: Ընդհանուր հաշվարկով, խոսքը գնում է մոտ 15000 արցախցու մասին, ովքեր այս ծրագրի շրջանակում հյուրընկալված են, և մնացած ծրագրերով: Այսինքն՝ այս պահին մոտավորապես Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25000-30000 արցախցիներ»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ երեկվանից արդեն սկսվել է արցախցիների աջակցության ծրագրի ֆինանսավորումը. «Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ տրամադրելու ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի տրամադրվել է իրենց բանկային հաշիվներին: Ընդհանուր առմամբ՝ 5.5 մլրդ դրամի սահմանում: Գործընթացը շարունակվում է»:

Օրենսդրական նախաձեռնություն. նախատեսվում է ներդնել ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ

Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հյաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։ Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։ Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել և աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։ Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ևս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։ Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների և միջազգային պայմանագրով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու և մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։ Բացի այդ, ընդլայնվելու է և որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օատարերկրացիները կարող են աշխատել նաև միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչև 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները և այլն։

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ «Արցախփոստ» ՓԲ ընկերությանը: Արցախի Հանրապետությանը նվիրաբերությամբ գույք հանձնելը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները և դրանով պայմանավորված Արցախում հաշվառված քաղաքացիներին դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված գործընթացների կազմակերպման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ էլ շտապ օգնության մեքենաներ կնվիրաբերվեն «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին, Արցախի Հանրապետությանը` բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու նպատակով:

Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

22:25 07.05.2025

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

BACK_TO_TOP