Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ

12:37 01.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսում ենք Կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը, տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունեմ հայտնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են՝ ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունը, առաջին եռամսյակի տվյալներով, և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Ես կխնդրեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնի թվերը: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան
 – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դիտարկվել են ինչպես ամսական, այսինքն՝ մարտ ամսվա տվյալները, այնպես էլ եռամսյակային տվյալները: Մասնավորապես, առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտի համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 647 000 հատով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:

Եռամսյակային կտրվածքով՝ իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 200 000 հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների մասով նշեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Բրուտյան:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան – Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ավելացնել, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով՝ մենք կանխատեսում ենք, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով, և առաջիկայում 1 տրիլիոն 440 մլրդ դրամը 1 տրիլիոն 480 մլրդ դրամի ավելացման նախագիծ կներկայացվի կառավարության քննարկման: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Բրուտյան: Հարգելի գործընկերներ, ըստ այդմ, ամփոփենք: Պարոն Հովհաննիսյան, եթե թվերի մեջ հանկարծ ինչ-որ տեղ վրիպեմ, խնդրում եմ՝ ինձ կուղղեք: Այսպիսով, առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, աճել է ավելի քան 8 տոկոսով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 2021 թվականի մարտ ամիսը 2020 թվականի մարտ ամսվա նկատմամբ՝ առևտրի շրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոսով: Ավելի կոնկրետ թիվը՝

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Իրացման շրջանառության տարբերությունը՝ 26,1 տոկոս, պարոն վարչապետ, գործարքների քանակը՝ 23,8 տոկոս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պետական եկամուտները, այսինքն՝ բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, և առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Կարծում եմ, բավական լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար: Եվ ուզում եմ, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են: Իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև պետական մարմինների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը, վարչարարության բարելավումը, որը, անկասկած, նույնպես իր կարևոր դերակատարումն ունի այս գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները և կանխատեսումների փոփոխությունները կունենան միայն դրական միտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP