Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

11:35 07.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Իննոպրոմ․ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը:

Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացումն էր:

«Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, և այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակներում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։

Նա նաև տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության ոլորտում ճյուղային փորձագիտական խումբ ստեղծելու մասին: Ներկայումս Միության երկրները պատրաստում են իրենց առաջարկները՝ Հանձնաժողով ներկայացնելու համար: Մասնավորապես, այս տարվա փետրվարին ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված իր նախաձեռնություններն է ներկայացրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այժմ կողմերն աշխատում են այդ առաջարկների վրա:

«Այս աշխատանքի հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. մեզ համար սկզբունքորեն կարևոր է զարգացնել մեր իրավասությունները, ստեղծել աշխատատեղեր և ընդլայնել արտադրությունը: Ուստի ներմուծման արտոնությունները, մեր կարծիքով, պետք է տրամադրվեն բացառապես այն ապրանքների համար, որոնց պակասը կա Միությունում», – շեշտել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ գլոբալիզացիայի ներկայիս ժամանակաշրջանում աճում է պետությունների փոխկապակցվածության աստիճանը կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միությունների դերակատարումը գնալով նույնպես մեծանում է․ «Այսօր մենք կարող ենք քննարկել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված հետագա քայլերը։ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար և մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարևոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ։ Գիտատեխնիկական առաջընթացն ավելի ու ավելի է կանխորոշում արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման աստիճանն ու արագությունը: Այն ընդգրկում է նորարարության գործընթացի բոլոր օղակները։ Արտադրական ծախսերի մակարդակի վրա գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը մեծացնելու միտումը ավելի ու ավելի արդիական է դառնում մեր երկրների համար: Այս առումով մենք դրական ենք գնահատում արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ կանխատեսվող պահանջարկի և առաջարկի հաշվարկման մեթոդաբանության մշակումը, որի հիման վրա հնարավորություն կունենանք պարզելու գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը հասնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր համատեղ փաստաթուղթը` «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025թ»․ ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն կընձեռի որակապես նոր փոխգործակցություն ծավալել` համաշխարհային շուկայում արդյունավետ մտավոր և մրցակցային արդյունաբերություն կառուցելու համար», – ասել է Վահան Քերոբյանը:

Նիստի մասնակիցները քննարկել են «Ներդրումային նախագծեր» թվային հարթակի ստեղծումը, որն անհրաժեշտ է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման համար, ինչպես նաև պայմանավորվել են մշակել միջնաժամկետ ծրագրային փաստաթուղթ ` ռազմավարական կարևոր դեղորայքով ԵԱՏՄ երկրների ապահովման մակարդակը բարձրացնելու համար և հանձնարարել են Հանձնաժողովին `այս հարցի քննարկումը կազմակերպել Միության պետությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը միակարծիք էին, որ COVID-19 համավարակի շրջանում նշված խնդրի կատարումը առանձնահատուկ նշանակություն ունի:

Նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը և տեխնոլոգիական հետամնացությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է 30 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն ԱՄՆ դոլար, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022 թվականների ռազմավարության մեջ:

ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է ԵԱՏՄ միջպետական ծրագրերի ֆինանսավորման հեռանկարների մասին: «Մեր երկրներն ավանդաբար կապված են հազարավոր արտադրական շղթաներով և ընդհանուր ենթակառուցվածքներով, որոնք կազմում են եվրասիական տնտեսական ինտեգրման հիմքը: Համագործակցության այս ներուժի պահպանումը, զարգացումը և ընդլայնումը բանկի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է: Աշխատանքի այս մասով մենք պատրաստ ենք սերտ համագործակցության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի հետ: Նման փոխգործակցության խոստումնալից ձև կարող է հանդիսանալ ԵԱՏՄ միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը, որոնք համապատասխանում են բանկի առաքելությանը », – ասել է Նիկոլայ Պոդգուզովը: Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում ԵԱԶԲ-ն կարող է աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացմանը` ընկերությունների բաժնետիրական կապիտալում անմիջական մասնակցության միջոցով, նախաձեռնողների հետ լիովին կիսելով նախագծի ռիսկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP