Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում

22:32 02.06.2021

ԱՀ նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում։

«Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Բացի դրանից, պետական նախարարի կառավարման ոլորտում է գտնվում բնապահպանության կոմիտեն:

Շնորհակալ եմ Հանրապետության նախագահին՝ ցուցաբերված վստահության համար, վստահություն, որը թույլ կտա ինձ էլ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին:

Նախ, կուզեի անդրադառնալ Նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում իմ հնգամսյա աշխատանքին: Այդ պաշտոնը ստանձնելով հետպատերազմյան ծանր շրջանում՝ այս ողջ ընթացքում հնարավորինս կատարել եմ իմ լիազորությունների պատշաճ իրականացման ուղղությամբ: Իհարկե, իմ աշխատանքի գնահատականը ես չպետք է հնչեցնեմ, սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ դժվար պայմաններում ու կարևորագույն դիրքում պահել եմ իմ սկզբունքները և ծառայել եմ պետությանը անմնացորդ ու անշահախնդիր կերպով: Ի լրումն Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքների՝ ես, նախագահ Հարությունյանի հանձնարարությամբ ու գործուն աջակցությամբ, նաև ձգտել եմ մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել և՛ Նախագահի աշխատակազմում, և՛ պետական կառավարման համակարգում: Թեև իմ ծրագրերի մի զգալի մասը չեմ կարողացել հասցնել որոշակի կիրառական հանգրվանի գլխավորապես կարճ ժամկետի ու իմ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն կուզեի հակիրճ թվարկել հիմնական ծրագրերն ու ընթացիկ արդյունքները.

1. Հետադարձ կապի համակարգ. Նախագահի աշխատակազմի և քաղաքացիների միջև հետադարձ կապի պրոֆեսիոնալ մեխանիզմների ներդրման նպատակով հիմնել ենք ընդունելությունների ու զանգերի բաժինը՝ ներդնելով զանգի կենտրոնի էլեկտրոնային համակարգ և կազմակերպելով աշխատակիցների վերապատրաստումներ: Այդ ինստիտուցիոնալ բարեփոխման միջոցով նպատակ ունենք ոչ միայն մատչելի ու արհեստավարժ կերպով իրազեկել քաղաքացիներին պետական ծրագրերի մասին և հնարավորության դեպքում լուծել իրենց անհատական խնդիրները, այլ նաև վերհանել համակարգային խնդիրները և հասցնել որոշում կայացնողներին ու կատարողներին՝ կանխելով բազմաթիվ նոր անհատական խնդիրների առաջացումը: Կարող եմ ասել, որ այդ բարեփոխումն ընդհանուր առմամբ հաջողվել է, և պետք է այդ մոտեցումը միասնական կերպով կիրառել ողջ պետական կառավարման համակարգում:

2. Արտաքին աջակցության համակարգում. Հատկապես հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված առ այսօր խնդիր կա արդյունավետ կերպով համակարգելու մարդասիրական աջակցության ծրագրերն ու կապերն արտաքին (հայկական ու միջազգային) գործընկերների հետ: Զգալի նախապատրաստական աշխատանք ենք կատարել ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն, ցավոք, չենք հասցրել լիովին ավարտել բարեփոխումը, քանի որ դա ենթադրում է մեծածավալ ջանքերի ու ռեսուրսների ներգրավում: Այդ մասով շուտով շոշափելի ու տեսանելի արդյունքներ կլինեն, որոնք թույլ կտան և՛ ավելի արդյունավետորեն օգտագործել առկա արտաքին ռեսուրսները, և՛ ներգրավել նոր ռեսուրսներ սփյուռքյան ու միջազգային կազմակերպություններից:

՛3. Պետական տեղեկատվական քաղաքականության համակարգում. Նախագահի աշխատակազմը, որպես տեղեկատվական քաղաքականության համակարգման մարմին, խնդիր ունի նշանակալի բարեփոխումներ իրականացնելու այդ ոլորտում: Այս ժամանակահատվածում հասցրել ենք որոշակի բարելավումներ կատարել նշված ուղղությամբ, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Այնուամենայնիվ, բավարար դրական նախապայմաններ են ձևավորվել այդ ոլորտում ևս հիմնարար բարեփոխման համար, որը ժամանակատար ու ռեսուրսատար աշխատանք է:

՛4. Պետական կառավարման համակարգի ընթացակարգերի ու ծառայությունների թվայնացում. Որոշակի աշխատանքներ ենք կատարել այս ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի մարմիններում ներդրել ենք էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբրի» համակարգ, ինչպես նաև նախապատրաստել ենք թվայնացմամբ զբաղվող պետական լիազոր մարմնի ստեծման բոլոր փաստաթղթերը, և առաջիկա օրերին պաշտոնապես կհիմնվի այդ մարմինը, որն արդեն պրոֆեսիոնալ ու կանոնավոր կերպով կզբաղվի թվայնացման ծրագրերով: Արդյունքում, համոզված եմ, զգալիորեն կաճի պետական բազմաթիվ գործառույթների կատարման արդյունավետությունը և կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

5. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ. Սա կհամարեի ամենահիմնարար ուղղությունը, քանի որ բազմաթիվ խնդիրներ վերջին հաշվով պայմանավորված են հենց մարդկային ռեսուրսներով ու դրանց կառավարմամբ: Քանի որ ամենաբարդ ոլորտն է, հասցրել ենք միայն նախապատրաստական աշխատանքներ կատարել Նախագահի աշխատակազմում օրինակելի բարեփոխումներ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, դեռևս խնդիր կա խորությամբ գնահատելու առկա իրավիճակը և համապարփակ բարեփոխումներ պլանավորելու այս բնագավառում:

Բացի նշված ծրագրերից, իհարկե, կանոնավոր կապ եմ պահել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ և իմ լիազորությունների ու կարողությունների սահմաններում աջակցել ոլորտային ծրագրերի իրականացմանը: Այդ ողջ աշխատանքներում կարևորագույն դերակատարություն ուներ նախագահ Հարությունյանի վստահությունն ու աջակցությունը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը: Ուստի, մեծապես երախտապարտ եմ նրանց և բոլոր գործընկերներիս ու աջակիցներիս՝ այս դժվարին ժամանակաշրջանում համատեղ կատարված բոլոր աշխատանքների համար, և գրանցված հաջողությունները համարում եմ բոլորինս: Նաև կուզեի ներողություն հայցել բոլոր այն քաղաքացիներից ու գործընկերներից, ում սպասումները չեմ կարողացել արդարացնել. հավաստիացնում եմ, որ սրտանց աշխատել եմ ուժերիս ներածին չափով, և իմ բացթողումներն ու սխալներն ամենևին դիտավորյալ բնույթ չեն կրել: Իսկ ահա սխալներն ու բացթողումները համարում եմ առաջնահերթորեն իմը՝ որպես մարմնի ղեկավար:
***

Այժմ հակիրճ ներկայացնեմ իմ հիմնական անելիքները նոր կարգավիճակում: Արդեն նշել եմ իմ համակարգման ներքո գտնվող չորս նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ծավալուն համակարգեր ու հիմնախնդիրներ: Ուստի, հսկայական աշխատանք կա կատարելու այդ նախարարությունների թիմերի հետ միասին, և դրանք կբաժանեի երկու հիմնական մասի՝ ըստ ժամանակային չափանիշի.

1. Պատերազմի հետևանքներով պայմանավորված խնդիրների լուծում. Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան բազմաթիվ հիմնախնդիրներ առնչվում են նշված հինգ մարմինների գործառույթներին, և Հանրապետության նախագահի հանձնարարությամբ առաջնահերթ ուշադրության տակ եմ պահելու այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ներառյալ՝ բնակարանային, սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական և մի շարք այլ հարցեր:

2. Երկարաժամկետ բարեփոխումների իրականացում. Բոլոր ոլորտներն էլ ակնհայտորեն հիմնարար ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունեն, և ես նախատեսում եմ ընթացիկ ու օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ աշխատանքներ մեկնարկել առկա իրավիճակի պրոֆեսիոնալ գնահատման ու խնդիրների ախտորոշման ուղղությամբ: Դրանց արդյունքների հիման վրա պլանավորելու և իրականացնելու ենք համապատասխան բարեփոխումներ՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին՝ թե՛ Արցախից, թե՛ ՀՀ-ից ու Սփյուռքից: Այդ բարեփոխումների նպատակն է լինելու ապահովել այնպիսի պայմաններ, որ, անկախ անձերից ու իրավիճակից, պետական ինստիտուտները լուծեն ու կանխարգելեն խնդիրներ, ավելորդ դժվարություններ չստեղծեն քաղաքացիների համար, խթանեն քաղաքացիների ու պետության բազմակողմանի ու կայուն զարգացումը և այլն:

Յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ անելիքների մասին ժամանակի ընթացքում հրապարակայնորեն կխոսեմ, նաև կքննարկենք հանրության տարբեր շրջանակների հետ ու համատեղ ջանքերով առաջ կգնանք: Այդ ճանապարհին ես առաջնորդվելու եմ մի շարք սկզբունքներով, մասնավորապես՝ սկզբունքայնությամբ, թափանցիկությամբ ու հանրային երկխոսությամբ, ջանասիրությամբ, պահանջկոտությամբ, արդարամտությամբ, համագործակցայնությամբ, նախաձեռնողականությամբ, համակարգայնությամբ և այլն:

Մի խոսքով, ասելիքը բավականին շատ է, սակայն մանրամասներին այլ առիթներով կանդրադառնամ պարբերաբար: Վերջում կուզեի շնորհակալություն հայտնել նախորդ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին իր արհեստավարժ ու բարեխիղճ աշխատանքի համար և նշել, որ իրենից հետո պաշտոնավարելը պատվաբեր ու դժվարին գործ է: Ուրախ եմ, որ պարոն Մարտիրոսյանը որոշել է ապրել և գործել Արցախում՝ ի սպաս Հայրենիքի զարգացման:

Ես աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ Հայրենիքին ու ժողովրդին: Ի ԳՈ՛ՐԾ…»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

14:03 15.07.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

13:55 15.07.2025

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

Որպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։ Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։ «Սակայն, […] ...

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

13:48 15.07.2025

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […] ...

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

13:35 15.07.2025

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

BACK_TO_TOP