«Խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մանկավարժների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

«Խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մանկավարժների հետ

13:59 20.07.2021

Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է հատկապես մարզերում նմանօրինակ հանդիպումների, կարծիքներ փոխանակելու և ըստ այդմ՝ աշխատանքն առավել թիրախային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտի քաղաքականությունը, բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց շրջանակում մշակվող իրավական փոփոխությունները:

Անդրադառնալով առարկայական նոր չափորոշիչներին ու ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից դրանք փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փորձարկվելու է նաև ֆինանսավորման կարգը. «Փոփոխելով գնահատման ձևերը և տարրական մակարդակում հրաժարվելով միավորային գնահատումից՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու ուսուցիչների աշխատանքի կառուցվածքը, դրույքաչափը: Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման ժամանակ կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը: Տարրական դասարաններում, որտեղ ոչ միավորային գնահատում է, առաջարկում ենք ուսուցչի աշխատաժամանակի հետևյալ կառուցվածքը՝ շաբաթական 18 դասաժամ և 4 ժամ գնահատման համար, որը վճարվելու է, իսկ միջին և ավագ դպրոցում, որտեղ լինելու է միավորային գնահատում՝ 20 դասաժամ և 2 ժամ գնահատման համար: Բացի դրանից՝ դպրոցները ֆինանսավորվելու են առավելագույն ժամաքանակով, որն ուսումնական հաստատությանը թույլ կտա ֆինանսավորել նաև խմբակները, այդ թվում՝ առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման»:

Խոսելով համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան դժվարություններ, որոնց լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Այո՛, անցել ենք ներառական կրթության, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել: Բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք: Ակտիվ աշխատում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, որը մեր հիմնական մասնագիտացված կենտրոնն է: Առաջիկայում ունենալու ենք քննարկումներ՝ ՏՄԱԿ-ների, ռեսուրս կենտրոնների աշխատանքային մոդելը հասկանալու, հատուկ դասընթացների, վերապատրաստումների կազմակերպման և եղած միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Դիտարկվում են նաև դեռևս գործող հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերածելու տարբերակը և իրենց կողմից վերապատրաստման դասերի անցկացումը: Ցավոք, այս պահին ոլորտում առկա խնդիրներին 100% լուծում չկա: Սա գործընթաց է, որի միջով անցնում և այդ ընթացքում սովորում ու լուծումներ ենք գտնում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում իրավական դաշտում ևս լուրջ փոփոխությունների կարիք է առաջացել:

Ներկաները հետաքրքրվել են, թե նոր ուսումնական տարում ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը:

«ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն է՝ դասապրոցեսը կազմակերպել ինչպես մինչ համավարակն էր՝ հրաժարվելով դասարանները խմբերի կիսելու քաղաքականությունից, բայց և խստիվ պահելով հակահամաճարակային կանոնները: Թեմայի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն Առողջապահության նախարարության հետ: Պետք է հասկանանք նաև ԱՆ-ի դիրքորոշումը և դրա հնարավոր անդրադարձը կրթական համակարգի վրա: Ցանկացած պարագայում կրթական գործընթացի շահերն ու առաջնահերթությունները չպետք է տուժեն: Այսինքն՝ պետք է փոխշահավետ լուծում, երբ և՛ առողջապահական իրավիճակն է հաշվի առնվում, և՛ կրթական գործընթացի տրամաբանությունն ու որակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել, որ այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ հակահամաճարակային միջոցներով ապահովելու նպատակով:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ եղած ապատեղեկատվական հոսքերից և դրանք կանխելու կարևորությունից. «Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված նոր պայմաններում և ընդունենք, որ ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարման արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Կրթելու գործառույթը ենթադրում է հանրային պատասխանատվություն, ուստի կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է տարածում՝ ապատեղեկատվությո՞ւն, տագնա՞պ»:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման և վերապատրաստումների թեմային՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բոլոր գործընթացները կազմակերպվում են՝ ի շահ ուսուցիչների:

«Կամավոր ատեստավորման հետ կապված ուսուցիչների շրջանում որոշակի անորոշություն կա, անգամ մտահոգություններ են հնչում, որ գործընթացը կարող է հանգեցնել կրճատումների: Վստահեցնում եմ, որ նման բան չկա, մեր նպատակը լավ արդյունքներ գրանցող ուսուցիչներին խրախուսելն է: Միևնույն ժամանակ այն ուսուցիչները, որոնք կտեսնեն՝ մասնագիտական զարգացման կարիք ունեն, կմասնակցեն համապատասխան ծրագրերի»,- փաստել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել՝ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգումը, և ոչ ավելի ուշ, քան նոյեմբերից ուսուցիչները կստանան հավելավճարներ:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ներկայացվելու է հանրակրթության ոլորտի վերապատրաստումների նոր ծրագիրը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ վերապատրաստումները պետք է լինեն տարբերակված, քանի որ ուսումնական հաստատություններով, ուսուցչի փորձառությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ մեկ ծրագիրը չի կարող բոլորի համար նույնքան արդյունավետ լինել:

«Այս տարի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման համար երաշխավորվել է 50 կազմակերպություն: Վերապատրաստումներից հետո ուսուցիչներից կստանանք արձագանք, կգնահատենք իրավիճակը, որակը և ըստ այդմ՝ կորոշենք հաջորդ քայլերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ներկաները քննարկել են նաև ուսումնական հաստատությունների՝ սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխանությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ դիտարկվում է առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 300 դպրոցի ցանկ: Փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները դիտարկվում են ամբողջության մեջ. «Դպրոցը միայն անվտանգ շենքը չէ: Անհրաժեշտ է նաև լաբորատոր հագեցվածություն: Երեխաները պետք է հաճախեն պատշաճ պայմաններով ուսումնական հաստատություններ: Պետք է ապահովենք լավագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթ հատկացնելուն, ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետությանը, ուսուցիչների օգնականների գործառույթներին, մեթոդական պատրաստվածությանը, նախադպրոցական հաստատությունների լիցենզավորմանը, հաստիքացուցակներին վերաբերող և այլ հարցեր:

Ամփոփելով հարցուպատասխանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել է անկաշկանդ քննարկումների և համագործակցային միջավայր ունենալու անհրաժեշտության մասին. «Բոլորս մեկ գործ ենք անում: Մեկս մյուսին պետք է օգնի, քանի որ այն գիտելիքները և փորձը, որ դուք ունեք, չունենք մենք: Դուք եք ամեն օր աշխատում երեխաների հետ, ուստի խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը: Մենք բոլոր ծրագրերը, բարեփոխումները պետք է կազմակերպենք ձեր առաջարկությունների և մտահոգությունների հիման վրա: Այդ գործընթացում շատ կարևոր է փոխադարձ վստահությունը և խնդիրները բարձրաձայնելու ազնվությունը: Բոլորս ցանկանում ենք մեր երեխաներին տալ լավագույն կրթությունը, բայց և տեսնում ենք, որ այդ ճանապարհին բազում խնդիրներ կան: Եթե պատրաստ ենք բարձրաձայնել դրանք, նշանակում է՝ պատրաստ ենք փոփոխությունների: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նախորդ՝ շատ ծանր ուսումնական տարին պատվով անցկացնելու համար: Կրթական համակարգն այս շրջանում հերոսաբար դրսևորեց իրեն: Շնորհակալ եմ ձեզ այդ աշխատանքի համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP