Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին

13:10 24.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ:

Այսպիսով, հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման միջպետական շրջանակ ձեռք բերեցին։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է առանձնաշնորհյալ հարաբերություններ հաստատել՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության և կանոնավոր բարձրաստիճան շփումների, խորհրդարանական ակտիվ փոխգործակցության և ապակենտրոնացված գործընկերության վրա, ինչպես նաև բազմաոլորտ համագործակցություն զարգացնել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառներում։

Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամի համար բացառիկ նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականի աշնանը Երևանում անցկացնելը, որի շրջանակում առանձնահատուկ պատիվ էր նաև Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը կրթության բնագավառում մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի ձեռքբերումներից է և առանցքային դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում, իր արժեքավոր ներդրումն է բերում նաև մեր երկրում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։

Բարձր ենք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի արժեքավոր հանձնառությունը, որն արտացոլված է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում և սահմանում է առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում մեր երկկողմ համագործակցությունը միանգամայն նոր որակի և մակարդակի բարձրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Ի դեպ, Ֆրանսիայի հետ համակողմանի համագործակցության խորացմանը տրվող կարևորությունն առաջին անգամ հատուկ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։

Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների պատմության մեջ առանձնակի նշանակություն ունեն Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը և Ապրիլի 24-ը Ձեր նախագահական հրամանագրով Ֆրանսիայում Հիշատակի ազգային օր ոգեկոչելը: Այս քայլով Ֆրանսիան հերթական անգամ ի ցույց դրեց իր համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև խորին նվիրվածությունը համամարդկային արժեքների հանդեպ:

Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք, վստահ եմ, մեր համատեղ ուժերով, շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ՝ ի հարատևումն հայ-ֆրանսիական եղբայրական բարեկամության:

Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

11:08 11.07.2025

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

BACK_TO_TOP