Բնապահպանական 2 ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ, պետք է այն կանգնեցնել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+23.09 oC

Բնապահպանական 2 ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ, պետք է այն կանգնեցնել. Փաշինյան

17:22 08.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, տեղեկացնում է  ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը նշել է, որ երկրում անտառահատումները երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների, և մարդկանց մի մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ:

 «Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում և, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել: Կարծում եմ՝ ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետևանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում: Մենք վերջին շրջանում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել և ձևակերպել երկու այսպիսի խնդիր. առաջինը՝ իրագործել այնպիսի քաղաքականություն, որը մեր անտառային տնտեսության բնականոն զարգացման համար կլինի նպաստավոր, երկրորդը՝ անտառաշատ տարածքների բնակիչներին առաջարկել այլընտրանքներ, որպեսզի աջակցենք լուծել աշխատանք՝ եկամուտ ունենալու հարցում: Մանավանդ, որ անտառաշատ մարզերում այսօր նաև զբոսաշրջության զարգացում է նկատվում և կարծես կարող ենք ասել, որ կան որոշակի հեռանկարներ: Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ և պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետևողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը:
Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել.

«Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն, և այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել: Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի: Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել նաև ճանապարհներին, սղոցարաններում հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը:

«Այսինքն, այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ստեղծել մասնագիտական խումբ, որը կքննարկի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հետ կապված, այդ թվում՝ պելետի արտադրության ծրագիրը, գնահատելու դրա տնտեսական էֆեկտիվությունն ու հեռանկարայնությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև որսագողության խնդրին:

«Պետք է արձանագրենք, որ նույն տրամաբանությունը գործում է նաև ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետև մեր բնությունը, կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով և պետք է բացառել որևէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում: Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով՝ գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում իրականացնել մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե կայացված որոշումների արդյունքում ինչ է փոխվել:

«Պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ: Կարևոր է նաև հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետև պարզ է, որ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք և այս ուղղությամբ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»,- ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.05.2025

SHANTNEWS

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

14:53 01.05.2025

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

14:37 01.05.2025

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:17 01.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

13:35 01.05.2025

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

13:20 01.05.2025

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...

BACK_TO_TOP