Սիրիական հակամարտությունը որպես մարտական փորձ ու փորձարկման մարտադաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Սիրիական հակամարտությունը որպես մարտական փորձ ու փորձարկման մարտադաշտ

19:00 28.02.2018

Ռուսաստանն իր նորագույն Սու-57 կործանիչներից երկու հատ (ասում են՝ նույնիսկ 4 հատ) ուղարկել է Սիրիա։ Ինչո՞ւ է պետությունն իր նորագույն, անգամ դեռ սերիական արտադրության մեջ չմտած ինքնաթիռն ուղարկում հակամարտության գոտի։ Բնականաբար, որպեսզի իրական մարտական պայմաններում փորձարկի դրանք։

Սիրիան, ընդհանրապես, հարմար երկիր է նման փորձարկումների համար։ Հակամարտության կողմերն արդեն այնքան էլ շատ չեն, քանի որ մանր զինված խմբավորումները միավորվել են, դրանց մի մասն էլ անցել է գերտերությունների հովանավորության տակ։ Ներգրավված գերտերություններն էլ որոշ առումով կանխատեսելի են միմյանց համար, ինչից հակամարտության ընթացքն էլ դառնում է վերահսկելի։ Սա հնարավորություն է տալիս մարտերում փորձարկել տեխնիկան՝ առանց անակնկալների։

Սու-57 ինքնաթիռների՝ Սիրիայում տեղակայվելուց հետո հայկական թեմատիկ խմբերից մեկում կեսկատակ-կեսլուրջ պնդում էին, որ Ռուսաստանը Սիրիայում կհասցնի փորձարկել նույնիսկ իր «Արմատա» նորագույն տանկերը։ Անկասկած կհասցնի, որովհետև հակամարտությունը դանդաղ է առաջ գնում, իսկ Ռուսաստանն իր բազաների համար համարյա հավերժ պայմանագրեր ունի արդեն։

215 զինատեսակ

Եթե 2016-ի ավարտին Սիրիայի հակամարտության ընթացքում Ռուսաստանը փորձարկել էր 162 զինատեսակ, ապա 2017 թվականի վերջին արդեն իր ամբողջ սպառազինության՝ Ռուսաստանի բանակի բոլոր հնարավոր զինատեսակների մեծ մասը։ Այս մասին երկրի պաշտպանության նախարարը տարեվերջին զեկուցել է նախագահ Պուտինին։

«[Փորձարկվել է] սպառազինության 215 տեսակ։ Մարտական կիրառման ընթացքում հայտնաբերվել են 702 թերություն ու անկատարություն, որոնց 99 տոկոսն արդեն վերացվել է» – հայտարարել է նախարարը։

Սերգեյ Շոյգուն հիշատակել է և՛ օդային միջոցները, և՛ հակաօդայինները, և՛ ծովայինները, և՛ անօդաչուները, և՛ անձնակազմի մարտական փորձը։ Հնարավոր ամեն ինչ Ռուսաստանը փորձարկել է՝ Կասպից ծովից հրթիռակոծումով, հեռահար ավիացիայի երկարաշունչ թռիչքներով, ավիակիր նավատորմից թռիչքներով ու տեղում՝ գետնի վրա զինվորականների ու վարձկանների գործողություններով։

Ամերիկյան հրատարակություններից մեկը ներկայացրել է 12 տեսակի ինքնաթիռ, որ կիրառել է ռուսական կողմը հակամարտության տարբեր փուլերում, տարբեր մարտական պայմաններում։

Հակամարտությունն է այդպիսին։ Տարածքներ յուրացնելուց, քաղաքական դիրքեր դնելուց ու ռեսուրսներին տիրանալուց բացի, այն ձեռնտու է սեփական զինատեսակները փորձարկելու ու դրանք գովազդելու, զորքը մարզելու համար։ Եվ սա չի թաքցնում նաև պաշտոնական Մոսկվան։

Գովազդ և կատարելագործում

Ե՛վ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, և՛ փոխվարչապետ – ռազմարդյունաբերության ղեկավարը հիշատակել են, որ Սիրիայում իրենց զորքերին ուղեկցել են զինատեսակներն արտադրող ընկերությունների մասնագետները։ Նրանք մարտական կիրառման պայմաններում բացահայտել են թերություններն ու ըստ պաշտոնյաների՝ այդ թերությունները վերացվել են։ Մենք հալած յուղի տեղ չենք ընդունի պաշտոնյաների ասածները, բայց որ շտկումներ անելու պահանջ կդրվեր, տրամաբանական է։

«Որքան ուզես, կարելի է գնալ տարբեր ցուցահանդեսներ ու բացատրել, որ մեր զենքը լավն է, բայց մեր զենքի գնահատման լավագույն չափանիշը նրա մարտական կիրառումն է, ինչը և եղել է Սիրիայում», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը 2017 թվականի հուլիսին հարցազրույցներից մեկում:

Թե որքան է արդյունավետ եղել այդ գովազդը, դժվար է ասել, սակայն մեկ կոնկրետ օրինակով ինքը Ռոգոզինը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողություններն իրենց ռազմարդյունաբերական համալիրին զգալի գումարներ վաստակելու հնարավորություն է տվել [այլ երկրներին այդ զինատեսակները վաճառելուց]։ Ու այդ զինատեսակները, ի դեպ, ներկայացվել են նաև հենց Սիրիայի ղեկավարությանը։

48.000 զինծառայող

Ռուսաստանը, սակայն, հակամարտությունից օգտվել է ոչ միայն զինատեսակները փորձարկելու-կատարելագործելու համար, այլ նաև զորքերը մարզելու, մարտավարություններ փորձարկելու, կապեր ստեղծելու համար։

«Սիրիայում անգին մարտական փորձ է ստացել ռուսական բանակի ավելի քան 48 հազար զինծառայող, նրանցից 14 հազարը ստացել է պետական պարգևներ։ 100-120 ժամ մարտական թռիչքի փորձ ունի օպերատիվ-մարտավարական ավիացիայի անձնակազմերի 80 տոկոսը, զորային ավիացիայի անձնակազմերի՝ 90 տոկոսը։ Զինյալների կարևոր օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձ են ստացել հեռահար ավիացիայի անձնակազմերը», – զեկուցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Իսկ անձնակազմի դաշտային փորձառությանը զուգահեռ մարտական պատրաստություն են ստացել նաև հրամանատարները, ընդ որում՝ բարձր կարգի։ Ոչ միայն մարտական փորձ, այլ նաև տեղի բնակչության հետ աշխատելու, պարբերաբար այս կամ այն խմբավորման հետ դաշնակցելու, ապա հակամարտելու, ռուսական մշակույթն ու լեզուն տարածելու և այլ հարցերում։ Սրանք պատերազմների ռազմավարական ուղեկիցներն են՝ տարածքները գրավում են զորքով, սրտերը՝ փափուկ ուժով։

Սիրիական հակամարտությունը Ռուսաստանին հնարավորություն տվեց նույն «մարտական պայմաններում» ստուգել նաև դաշնակիցներին։ Օրինակ, ՀԱՊԿ դաշնակիցներից ո՞վ է պատրաստ Ռուսաստանի հետ ներգրավվել հակամարտություններին, նրան աջակցել այն ժամանակ, երբ Թուրքիան խոցում է ռուսական ինքնաթիռ և այլն։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ կարելի է ունենալ տարբեր դիրքորոշումներ, բայց դաշնակցային պարտքը Հայաստանն այս դեպքերում կատարել է։

  • Երևանը դատապարտել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը։
  • Երևանը պատրաստակամություն է հայտնել խաղաղապահներ ուղարկել Սիրիա։
  • Երևանը ռուսական ինքնաթիռներով հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։

Բայց Ռուսաստանը միակը չէ, որ Սիրիան օգտագործել է որպես զենքի ու զորքի փորձադաշտ։ Բայց մյուս գլոբալ խաղացողների համար Սիրիան միակ այդպիսի մարտադաշտը չէ, և նրանք նման փորձ այլ տեղերում էլ կարող են ձեռք բերել։ Սիրիան այս դեպքում յուրահատուկ է նրանով, որ գրեթե բոլոր խոշոր խաղացողները ներգրավված են։

Սա թույլ է տալիս հաճախ հենց մարտերի ընթացքում ու մարտերով ստուգել գլոբալ հակառակորդների հնարավորությունները՝ հետախուզում իրականացնել համագործակցության ու միջնորդավորված հակամարտության միջոցով։

Թուրքիան

Դաշնակից Ռուսաստանից բացի, Հայաստանին անկասկած հետաքրքիր է նաև Սիրիական հակամարտությունն օգտագործելու Թուրքիայի փորձը։ Անկարան այժմ իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսի զգալի տարածքներ ու շարունակում է ընդլայնել դրանք՝ իբր իր սահմանի մոտ անվտանգություն սահմանելով։

Տարածք գրավելուց ու քրդերի դեմ աշխատելուց բացի, Թուրքիան նույնպես փորձարկում է իր զինատեսակները։ «Եփրատի վահան» գործողության ժամանակ թուրքական բանակը հնարավորություն ունեցավ մարտերի մեջ մտնել ոչ այնքան կանոնավոր քրդական զինված խմբերի դեմ, այդ թվում և քաղաքային մարտերի պայմաններում (ինչպես Ալ-Բաբ քաղաքի երկարատև ու ծանր մարտերը)։

Թուրքական բանակի մարտական տեխնիկայի կորուստները (վերը՝ տեսանյութում) որոշ բաներ հուշեցին տեխնիկայի արդիականացման ուղղությամբ։ Ու այսօր Թուրքիան արդեն զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգեր է տեղադրում իր տանկերի վրա (ստորև լուսանկարներում)։ Պատճառն այն է, որ թուրքական բանակում եղած զրահատեխնիկան նախագծվել է հին սերնդի պատերազմների համար՝ ավելի լավ պաշտպանված է ճակատից։ Իսկ Սիրիայում գործող զինված խմբերը կարող են հայտնվել ամեն կողմից, հատկապես քաղաքային մարտերում։

Թուրքական կողմի այս քայլը չի ազդում նրանց նպատակային գործողությունների վրա։ Եթե նույնիսկ տեխնիկան լավ է աշխատում, միևնույն է, թուրքերն առանձնապես չեն կարողանում առաջ շարժվել Աֆրինում՝ հանդիպելով քրդական խմբերի համառ դիմադրությանը։

Տեխնիկայից բացի, թուրքական կողմը մարզում է նաև իր զինծառայողներին։ Ռուսաստանի համեմատ Թուրքիան ավելի ժլատ է ներգրավված անձնակազմի մասին թվեր նշելու հարցում։ Ավելին, բանակից բացի, Թուրքիան օգտագործում է տեղում գործող ու իրեն հավատարիմ զինյալներին՝ փաստացի վարձկանի կարգավիճակում՝ դրանով իսկ խուսափելով սեփական բանակի մեծաթիվ կորուստներից։

Բայց Թուրքիան ավելի հեռուն է գնում։ Այս օրերին երկրի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր քարտուղարությունը ակտիվորեն տեսանյութեր է շրջանառում այն մասին, որ սիրիական մարտերի փորձը հաշվի առնելով՝ նախագծում է «անօդաչու» զրահապատ մեքենաներ ու հեռակառավարվող ռոբոտներ։

Սիրիայում գործողություններ անելուց առաջ Թուրքիայի ղեկավարությունը դեռ թրծված չէր նաև տեղեկատվական դաշտում։ Պարբերաբար հայտնվում էին տեղեկություններ, որ թուրքական կողմը զենք է մատակարարում ահաբեկչական խմբերին, հետո Անկարան դատում էր այդ տեղեկությունները տարածողներին, լինում էր աղմուկ, հետո նույն շրջանը կրկնվում էր։ Ստորև տեսանյութում ներկայացված է 2014-ին նման տեղափոխման տեսագրությունը և «Իսլամական պետություն» խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատը Թուրքիայի Աքչաքալե գավառում 2015 թվականին։

Արդեն այս տարի մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ ակնհայտ դարձավ Թուրքիայի պատրաստվածության մակարդակը։ Սիրիա նոր նեխուժման առաջին իսկ օրը պետական լրատվամիջոցները «ավետում էին» այն մասին, թե ինչ «վեհ» նպատակներ է հետապնդում թուրքական բանակը, թե որ ներքին քաղաքական ուժերն ու դաշնակից պետություններն են աջակցում իրենց։

Ընդ որում՝ եթե Ռուսաստանը Սիրիայում գործում է քաղաքական ազդեցության համար, ապա Թուրքիան տարածք է գրավել ու այնտեղ ստեղծում է իր քաղաքացիական ենթակառուցվածքը, նույնիսկ ավարտական վկայական է տալիս դպրոցականներին, ինչը հղի է հեռուն գնացող զավթիչ հետևանքներով։

Իրանը

Սիրիայում իրար գտած ժամանակավոր դաշնակիցներից հետ չի մնում նաև Իրանը։ Հենց այդպես Թեհրանում եղած ահաբեկչական հարձակումներից հետո իրանական բանակը հրթիռակոծեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում տեղակայված դիրքերը։

Սրանով Իրանը փորձարկում էր նաև իր հեռահար «Զոլֆաղար» հրթիռները։ Ընդ որում՝ այս պետությունն էլ ավելի դժվարությամբ է տեղեկատվություն տալիս, բայց երբ ուզում է ցույց տալ, դա անում է։

Իրանի համար, սակայն, կարևոր է զինված խմբավորումների դեմ ու նրանց դաշտում, նրանց մարտավարությամբ գործելու փորձառությունը։ Թեհրանը պարբերաբար հերքում է իր զինվորականներին Սիրիա գործուղելու փաստը։ Բայց այնտեղից պարբերաբար տեղեկություններ են լինում զոհված զինծառայողների մասին։ Այժմ նրանց թիվը գերազանցում է երկու հազարը։

Իսկ զինյալներից Իրանի յուրացրած տեխնոլոգիաներից ամենատպավորիչը մարտական անօդաչու թռչող այն սարքերն են, որոնց մարտական մասը ձեռագործ է։ Երկրի զինված ուժերի զորավարժություններից մեկի ժամանակ նկատվեց քաղաքացիական անօդաչու թռչող սարք, որից բաց էին թողնվում մարտագլխիկներ։ Էժան ու որակով տեխնոլոգիա, որին անդրադարձել ենք նախորդ հոդվածներից մեկում։

Դրան զուգահեռ, արդեն տարիներ շարունակ Սիրիայի երկնքում սավառնում են իրանական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Վերջերս դրանցից մեկը խոցվեց իսրայելցիների կողմից (ստորև տեսանյութում), և ճակատագրի հեգնանքով՝ այդ սարքը պատրաստված էր ամերիկյան նախատիպով։

Եվ հենց Իսրայելին մոտիկ լինելն է, որ էլ ավելի մեծ մարտական փորձ է տալիս իրանական և՛ զենքին, և՛ զինվորին։ Արբանյակային լուսանկարները մի շարք դեպքեր են բացահայտել, երբ իրանական զինուժը ռազմաբազաներ է կառուցում Իսրայելի սահմանի մոտ։ Իրանին էլ սա է թույլ տալիս հակառակորդին «տնտղել» մարտական պայմաններում։

Իսկ Հայաստա՞նը

Հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը զգուշավորություն է ցուցաբերում Սիրիայի հարցում։ Հայ համայնքի առկայությունն ու նոր հակառակորդներից խուսափելու գործոնները Հայաստանին մղում են փորձից օգտվել միջնորդավորված՝ Ռուսաստանի միջոցով։

Բայց Հայաստանը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում իր խաղաղապահներին ուղարկել Սիրիա՝ մասնավորապես ականազերծում իրականացնելու համար։ Մեծ է հավանականությունը, որ ՀՀ ՊՆ համակարգում նոր ձևավորվող խաղաղապահ ռազմական ոստիկանական ստորաբաժանումը նույնպես դրան է միտված։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

BACK_TO_TOP