Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Միրզոյանի ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Միրզոյանի ելույթը

14:22 12.12.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, այլ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով:

«Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն, ավելին, նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի:

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման:

Հարկ է նշել, որ ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը:

Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս: Դժվար է այսօր կանխատեսել ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում և խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը:

Ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգության, բառի ուղիղ իմաստով՝ անվտանգ ապրելու, և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, և ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող խլել նրանից այս հավաքական ու բնական իրավունքները:

Այս տեսակետից այսօր և այստեղ, այս ֆորումի աշխատանքները, ձեր բոլորի ներկայությունը, ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան խիստ կարևոր են:

Հարգելի՛ ներկաներ,

Վերջին երկու տասնամյակում միջազգային համայնքը՝ ի դեմս ՄԱԿ-ի, մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձավ 2004 թվականին այս հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն և որի մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար: Երախտապարտ ենք տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին այս համաժողովին իր մասնակցությունը բերելու և շարունակական համագործակցության համար:

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։ Ուրախ եմ նշել, որ այսօր մեզ հետ է Խորհրդի նախագահ, Ժնևում Արգենտինայի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆեդերիկո Վիլլեգասը։

Կարևոր եմ համարում նաև ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը, այդ թվում՝ հատուկ ընթացակարգերի, անկախ քննչական մեխանիզմների և պայմանագրային մարմինների:

Ցանկանում եմ շեշտել այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում Ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում։ Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին և մարտահրավերներին: Նման մարտահրավերների թվին՝ 2022 թվականի մարտին ընդունված բանաձևը, դասեց նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանից բխող վտանգները:

Կանխարգելման օրակարգում իր ուրույն տեղն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ հենց այս կառույցի կողմից ժամանակին և արդյունավետ միջոցների կիրառումը գործուն հնարավորություն կարող է ստեղծել ցեղասպանությունները կանխարգելելու համար:

Պետք է նշեմ նաև, որ շատ արդյունավետ համագործակցության ձևաչափ է Զանգվածային ոճրագործությունների հանցագործությունների դեմ համաշխարհային գործողություն (GAAMAC) դաշինքը, որին Հայաստանը միացել է որպես գործընկեր: Այս դաշինքը, որի ներկայիս նախագահը՝ տիկին Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդին, նույնպես այսօր մեզ հետ է՝ պետությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հաստատություններից կազմված մի հարթակ է, որի նպատակն է պայքարել զանգվածային ոճրագործությունների դեմ:

Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր մշտական գործընկեր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային՝ Գլոբալ ֆորումի աշխատանքներին ակտիվ մասնակցության և մշտական աջակցության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա։ Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար։ Այս ֆորումի աշխատանքների շրջանակներում հրավիրում եմ բոլորիդ քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները ի չարս օգտագործելու դեմ պայքարի, և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին։

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեզ բոլորիս հետաքրքիր և արդյունավետ մտքերի փոխանակում: Եվ թող մեր մոլորակի վրա այլևս երբեք չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

BACK_TO_TOP