«Մեկնարկ» ծրագրի երեխաները 2022 թ. մասնակցել են բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթների՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

«Մեկնարկ» ծրագրի երեխաները 2022 թ. մասնակցել են բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթների՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների

15:45 16.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

2022 թվականի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

Հաշվետու ժամանակահատվածում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են 18 առկա և առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Մասնավորապես.

Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթ (Շվեյցարիա)
«London classical» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
«Euro-Elite» միջազգային մրցույթ (Բելգիա)
«Classicalia Global television» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
«Էլեվատո Ստանցա» միջազգային մրցույթ (Լեհաստան)
«Montfort» ջութակահարների միջազգային մրցույթ (Ավստրիա)
«Imka» ջութակահարների միջազգային մրցույթ (Խորվաթիա)
«Nouvelles Etoiles» միջազգային մրցույթ (Ֆրանսիա)
AGBU միջազգային մրցույթ լարային գործիքների համար (Հայաստան/Ֆրանսիա)
«Amigdala» միջազգային երաժշտական մրցույթ (Իտալիա)
Լևոն Չաուշյանի անվան I-ին երաժշտական մրցույթ (Հայաստան)
Տոկիո դաշնակահարների միջազգային մրցույթ (Ճապոնիա)
«Amadeus» երաժշտական միջազգային մրցույթ (Գերմանիա)
«BTHVN Wien» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
«Մարդուկ-ջարդուկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ (ՌԴ)
«VII Future Stars» միջազգային դաշնամուրային մրցույթ (ԱՄՆ)
«Medici» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
«Talents of Europe» միջազգային մրցույթ-փառատոն (Ֆրանսիա)
Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև ելույթ են ունեցել Թունիսում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգին։ Ծրագրի անդամները Բուլղարիայում ելույթ են ունեցել Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենահամերգներով հանդես են եկել Ավստրիայում և Գերմանիայում, ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայի Վեստմինստեր քառյակի հետ, մի քանի ելույթներով մասնակցել են ՌԴ-ում Բաշմետի անվան երաժշտական փառատոնին։ Ծրագրի անդամները ելույթ են ունեցել Լիբանանում կայացած «MUSICALES de BAABDATH» միջազգային երաժշտական փառատոնին՝ Լիբանանի նվագախմբի նվագակցությամբ։

Ծրագրի բոլոր անդամները մասնակցել են ՀՀ մարզերում ու Երևանում կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես են եկել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական ծրագրի շրջանակում։ Եվս մի քանի անդամներ մասնակցել են Մոսկվայում կայացած «We gather friends» XVI-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում ելույթներ են ունեցել ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից՝ Նաթալիա Տրուլ (ՌԴ), Կոտարո Ֆուկումա (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոն (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժե (Ֆրանսիա), Պասկալ Գոդար (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյն (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենոր (ԱՄՆ), Պաոլո Բալիերի (Իտալիա), Թամաշ Ունգար (ԱՄՆ), Դենիս Սեվերին (Հոլանդիա), Փնգ Թին Խուա (Սինգապուր/Մալայզիա) և այլոք։

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը 2022 թ. ընթացքում «Մեկնարկ. վարպետության դասեր» նպատակային ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է 14 վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ։

Ծրագրի արտասահմանյան մասնագետներն են UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խուանը (Սինգապուր) և ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Տրուլլը (ՌԴ): Ծրագրի հայաստանյան մասնագետներն են ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, ջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Արամ Թալալյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, Գերմանիայի Էսենի կոնսերվատորիայի պրոֆեսոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Աննա Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 180 պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից, կայացել է 15 համերգ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի կատարումը ստեղծում է համապատասխան հարթակներ, որը հնարավորություն է ընձեռում ապահովել ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Այս ամենի շնորհիվ շահառուները հնարավորություն են ստանում առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ, միջազգային շփումներ, մասնակցել վարպետության դասերի աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

17:35 10.07.2025

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...

BACK_TO_TOP