16:28 16.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։
Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր:
Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
հարգելի գործընկերներ,
նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստին շահագրգիռ մասնակցության համար: Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը, որովհետև այն տեղի է ունենում Հանրապետության նախագահի, Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ և մենք հնարավորություն ենք ունենում յուրաքանչյուր հարցի մոտենալ տարբեր դիտանկյուններից և տեսանկյուններից: Երբեմն անում ենք արձանագրումներ, որոնք թեև մեզ համար կարող են չլինել նորություն, բայց այդ արձանագրումների վերահաստատումը կարևոր է քաղաքականությունների ճշգրտման առումով:
Ուզում եմ մեր քննարկման բովանդակությունն ամփոփել մի քանի կետերով: Առաջին, ի վերջո ո՞րն է մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Նման տնտեսությունը կարող է լինել և պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները և ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում, որովհետև առանց կրթության ոլորտի ներդրումների` այդ նպատակն իրագործելի չի լինի:
Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք այս իմաստով կրթություն ասելով նկատի ունենք և նախադպրոցական կրթությունը, և հանրակրթությունը, և մասնագիտական կրթությունն ու ուսուցումը, և բուհական ու ետբուհական կրթությունը: Շատ կարևոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաև տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է:
Եվ այս բոլոր գործողությունների նպատակը և ուղեկցող խնդիրն, ի վերջո, մեր երկրում միավոր աշխատուժի արտադրողականության բարձրացումն է և որպես սրա արդյունք` մեր երկրում բոլոր ոլորտներում նոր ստանդարտների որդեգրումը: Ինչպես նախկինում արձանագրել ենք, այսօր էլ արձանագրում ենք, որ բարձր ստանդարտներ ունեցող տնտեսությունը և երկրում ժամանակակից ստանդարտների գոյությունը բոլոր ոլորտներում, սկսած ոստիկանությունից` ավարտած սննդի անվտանգությամբ, ինքնիշխանությունն ապահովող կարևոր ատրիբուտ է, և սա կարևոր արձանագրում է:
Հաջորդ ֆունդամենտալ, հայեցակարգային խնդիրը, որ շատ կարևոր է, ըստ էության, հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումն է կամ Կառավարության քաղաքականությունը հարկեր վճարելու նոր մենթալիտետի ձևավորման վրա, ինչը նույնպես մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետև միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, ահա միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի: Սա նույնպես չափազանց կարևոր քաղաքական հարց է մեր Կառավարության համար:
Նաև քննարկեցինք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, որը մենք պատրաստվում ենք առաջիկայում ներդնել: Մեր քննարկումների կարևորագույն նպատակներից մեկն այն էր, որ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի, այդ թվում` սոցիալական ուղղություններով` կրթության, առողջապահության որոշակի ծախսեր անելու իմաստով:
Իհարկե, որպես տրամաբանական շարունակություն` մեր քաղաքական, ռազմավարական նպատակն է նաև, որպեսզի մարդկային ռեսուրսների զարգացման համար ստեղծենք բավարար, անհրաժեշտ տնտեսական, առողջապահական, կրթական, անվտանգային և մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս կարգի խորհրդակցությունները, քննարկումները մեզ համար չափազանց կարևոր են և Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի գործունեությունը ես համարում եմ արդյունավետ, ինչը չի նշանակում, որ մենք արդյունավետության պիկին ենք, բայց նշանակում է, որ այս քննարկումներն առնվազն շատ օգտակար են:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծարգո նախագահ Ձեզ, մեր խորհրդարանական գործընկերներին, մեր փորձագետներին, որոնք շատ շահագրգիռ մասնակցություն են ունենում, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և հաջողություն մաղթել մեզ` մեր երկրի առջև ծառացած և առկա խնդիրներն առավել արդյունավետ կերպով լուծելու գործում»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...