17:29 07.07.2023
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը:
Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը՝ փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Ըստ Ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում շարունակվել են տնտեսական աճեր դիտվել, բացառությամբ՝ Ռուսաստանի:
Նրա հավաստմամբ ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների աճը գնահատվում է մոտ 77.4 տոկոս՝ պայմանավորված արտաքին պահանջարկի, ինչպես նաեւ ՌԴ ներմուծման շուկաների սահմանափակման արդյունքում դեպի ՌԴ արտահանման ծավալների աճով: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների եւ ծառայությունների ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 47.4 տոկոսով:
Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել այլ, ոչ մետաղական հանքային, ոսկերչական, ծխախոտային արտադրատեսակների, պոլիգրաֆիական գործունեության, ինչպես նաեւ խմիչքների արտադրության ծավալների աճով:
Առեւտրի 21.0 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առեւտրի աճով:
Նշվել է, որ ներդրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ շուրջ 11.6 տոկոս աճը պայմանավորված է մասնավոր ներդրումների աճով: Պետական ներդրումների նվազումը բացասաբար է նպաստել ընդհանուր ներդրումների աճին: Մասնավոր ներդրումների վրա դրական ազդեցություն է ունեցել հիպոտեկային եւ շինարարության վարկերի ծավալների աճը:
Տնտեսական բարձր ակտիվության պայմաններում հունվար-մարտին վարձու աշխատողների թիվը եւ աշխատավարձերն աճել են: 2023 թվականի հունվար-մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.4 տոկոսով՝ կազմելով 47,826 մարդ: Միեւնույն ժամանակ վարձու աշխատողների թիվն աճել է շուրջ 6.1 տոկոսով՝ կազմելով 699,239 մարդ:
Անդրադառնալով գնաճին՝ նախարարը փաստել է, որ 12-ամսյա գնաճը մարտին կազմել է 5.4 տոկոս` գտնվելով ԿԲ թիրախային միջակայքի վերին հատվածում, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում եղել է 7.2 տոկոս: 2023 թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն ձեռնպահ է մնացել քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններից:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ արտաքին ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4248.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 2 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման երկնիշ աճեր. արտահանումն աճել է 2.3 անգամ` կազմելով 1664.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 89.1 տոկոսով՝ կազմելով 2583.3 մլն ԱՄՆ դոլար:
Նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 483.6 մլրդ դրամ, ծախսերը` 422.7 մլրդ դրամ, հավելուրդը՝ 60.9 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում նախատեսված պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.7 տոկոս (58.2 մլրդ դրամ) աճը պայմանավորված է հարկային եկամուտների աճով, իսկ ծախսերի 6.5 տոկոս (25.9 մլրդ դրամ) աճը՝ հիմնականում նպաստների, կենսաթոշակների եւ դրամաշնորհների աճով:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 483.6 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 3.9 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: 482.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 104.7 տոկոսը, 969.9 մլն դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 78.2 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 տոկոսով կամ 58.2 մլրդ դրամով, որը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:
Ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճել է 45.6 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 261.7 մլն ԱՄՆ դոլարով: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 251.7 մլն ԱՄՆ դոլարի աճով, որը գրանցվել է ներքին պարտքի աճի հաշվին:
2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 97.8 մլրդ դրամով կամ 5.9 տոկոսով:
Նշվել է, որ Կառավարության սկզբնական ծրագրով 2023 թվականի առաջին եռամսյակի համար սահմանվել էր 447.0 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: Կատարված փոփոխությունների արդյունքում 2023 թվականի առաջին եռամսյակի ճշտված ծրագիրը կազմել է 447.2 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 3.2 տոկոսով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկմանը, գործազրկությանը, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացմանն ու այլ խնդիրների:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ի՞նչն է պատճառը, որ հարկերն ավելի դանդաղ են հավաքագրվել, քան տնտեսական աճը եւ արդյո՞ք անհրաժեշտ է շրջանառության հարկի համակարգն օրենսդրորեն բարեփոխել: Գեւորգ Պապոյանը նաեւ հետաքրքրվել է՝ ոլորտներից եկող հարկերը ավելացե՞լ են, թե՝ ոչ:
Ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային մարմինն ապահովել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: Ըստ նրա՝ 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել: Գերակատարումը 24.4 տոկոս է: ՊԵԿ նախագահի հավաստմամբ օրենսդրական փոփոխության արդյունքում հանվել է մետաղի տուրքը, ինչը բացասական է ազդել այդ ոլորտի հարկային ցուցանիշի վրա: Նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել հարկերի հավաքագրման դինամիկան:
Գեւորգ Պապոյանը փաստել է, որ արձանագրված թվերը հուշում են ոլորտներում աշխատելու ուղղությունները: Նա անդրադարձել է նաեւ գրանցված շեղումներին:
ՀՀ ֆինանսների նախարարը, անդրադառնալով շրջանառության հարկատեսակին, փաստել է, որ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն հարկատեսակի համակարգի զարգացմանը:
Որոշակի խնդիրների առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...