21:10 30.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության` մասնավորապես հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է.
«Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների արտադրությունը: Այս հանդիպումով և սրանից բխող հետագա մշտական երկխոսությամբ ուզում ենք իմանալ, թե ինչպես եք դուք պատկերացնում կառավարության և ոլորտի համագործակցությունը. ի՞նչ պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն համագործակցող հարաբերություններ, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք ընդհանուր նպատակներ ձևակերպել և նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք ուզում ենք ՀՀ-ում առաջ մղել:
Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, և տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում: Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը և սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, և մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհ: Բնականաբար, այս առումով շատ կարևորում ենք նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Շատ կարևորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որևէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական և գործարար ընդունակությունների և աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում:
Ավելի պրակտիկ առումով՝ մենք հիմա արդեն մտնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շատ գործնական և պրակտիկ փուլ. կուզենայինք լսել ձեր ակնկալիքներն այդ փոփոխություններից և նաև որոշ գաղափարներ, երբ կկիսվենք, կիմանանք ձեր տեսակետներն այդ գաղափարների վերաբերյալ: Շատ կարևորում եմ, որ ունենանք կառավարության և ոլորտի հաղորդակցության մշտական ուղիներ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը պրոբլեմների քննարկման իմաստով լսելի լինի, իրեն համարի լսելի, որ ուրիշների հետ հավասար պայմաններում է և հավասար դաշտում է աշխատում:
Մեր կառավարության դիրքորոշումը և մոտեցումը հետևյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարևոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետևյալ ուղերձը. որևէ բիզնես, որևէ գործարար, որևէ ընկերություն ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից:Այսինքն՝ որևէ ընկերություն չի կարող կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որևէ ձևի հարաբերություն ունենալ պետական որևէ մարմնի հետ, և ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետևաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք և դրա արդյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետևյալն է ՝ «Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»:
Թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են, մասնավորապես, ոլորտում հարկային արտոնությունների տրամադրմանը, ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, մասնագետների ուսուցմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա և առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաև արձանագրենք, որ ընդհանուր, բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որևէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի և երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհներն, օրինակ, կարողանանք նորոգել»:
Վարչապետն ընդգծել է, որ որևէ առաջարկ չի անտեսվելու, առանց քննարկման չի մերժվելու կամ ընդունվելու:
Մասնագետների պատրաստման և առկա պահանջարկի բավարարման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջին մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների հզորացումը: Վարչապետը նշել է, որ կան ուսումնարաններ, որոնք չեն գործում՝ կադրային, ֆինանսավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով, և որ ինքն արդեն հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ սեղմ ժամկետում ներկայացնել դրանց զարգացման վերաբերյալ ծրագիր և ֆինանսական միջոցներն ուղղել հենց այդ նպատակին:
Վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից:
«Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, և ես խմնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձևավորել և գովազդել տեղական արտադրանքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը և քաղաքականությունը», – նշել է կառավարության ղեկավարը:
Քննարկմանն անդրադարձ է եղել նաև թեթև արդյունաբերության ոլորտի ասոցիացիայի ստեղծմանը: Ոլորտի ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ գործընթացն արդեն մեկնարկել է, և հնարավորինս շուտ այս բնագավառը ներկայացնող ասոցիացիան կձևավորվի: Վարչապետը ողջունել է գաղափարը՝ նշելով, որ ասոցիացիայի ստեղծմամբ համագործակցության արդյունավետ հարթակ կձևավորվի, որը կհեշտացնի կառավարության շփումը ոլորտի ձեռնարկությունների հետ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ վարչապետ Փաշինյանն ասել է.
«Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում արտադրությունը խթանենք, և տեքստիլը, թեթև արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը մեզ համար առաջնահերթություն են: Ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն-արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ այն առումով, որ այնպես չէ, որ կառավարությունն ուզում է, այսպես ասած, հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի: Իսկապես պետք է լինի գործընկերություն, և պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաև հարկ վճարողները համոզված լինեն, որ իրենց վճարած ամեն լուման, ամեն դրամը ոչ թե մսխվում է, թալանվում է, փոշիացվում է, այլ ռեալ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների և բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաև ձեր գործունեությանը:
Այսինքն՝ մեր ուզածն այն է, որ ամեն հարկ վճարող ամեն դրամ հարկ վճարելիս այն ըմբռնումն ունենա, որ ինքն իր գործունեության մեջ ներդրում է անում, որովհետև առանց ճանապարհների, հաղորդակցության ուղիների, օրինականության, անվտանգության որևէ գործունեություն հնարավոր չէ, և մեր խնդիրն է, ընդհանուր առմամբ, հնարավորինս շուտ այս մտածողությունը փոխել: Ուզում եմ ձեզ և մեզ հաջողություն մաղթել մեր երկրի տնտեսությունը, մեր երկիրը բարեկեցիկ և աղքատությունից զերծ և զարգացած ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհին»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...