10:35 04.09.2018
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում շրջայցից հետո նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Օձուն և Ալավերդի համայնքներ, տեղի բնակիչների հետ քննարկել համայնքների խոշորացման արդյունքում գրանցված դրական ու բացասական կողմերը, բնապահպանությանն առնչվող հիմնախնդիրներն ու զբոսաշրջային հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ խոշորացված համայնքում անհրաժեշտ է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը։ Գործընթացի իրական նպատակը առկա միջոցների, ֆինանսական ռեսուրսի խնայումն է և դրանց արդյունավետ օգտագործումը։ «Սրա շրջանակում ես այն պատկերացումն ունեմ, որ, օրինակ, դպրոցների և մանկապարտեզների մասով մենք պետք է գնանք մինիմալ ծախսերի. ոչ թե փակենք եղածները, այլ խնդիրը լուծենք այնպես, որ խոշորացված համայնքի մանկապարտեզներից օգտվեն նաև մնացյալ այն գյուղերի երեխաները, որտեղ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկան մանկապարտեզներ»,-ասել է նախարարը։
Օրվա ավարտին Ախթալայի համայնքապետարանում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել Ախթալա և Շնող համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ։ Նախարարը շեշտել է համայնքի ղեկավարների և ավագանու անդամների՝ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու, համայնքային բյուջեների ծախսման և նպատակային օգտագործման հարցում հաշվետվողականություն դրսևորելու և հանրային կարծիքը լսելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով տարածաշրջանին հատուկ հանրային լայն հնչեղություն ունեցող խնդիրներին՝ նախարարը նշել է, որ դրանց համար արագ և բոլոր կողմերին գոհացնող լուծումներ գտնելը բարդ է, քանի որ դրանք մի կողմից պարունակում են սոցիալական, մյուս կողմից` բնապահպանական բաղադրիչներ, որոնք չեն կարող ստորադասվել մեկը մյուսին։
Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 1–ին, Թումանյան համայնքի միջնակարգ դպրոցի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը նախարար Սուրեն Պապիկյանն իր ողջույնի խոսքն է հղել դպրոցների աշակերտներին և նրանց հետ փոքրիկ դասախոսություն ունեցել՝ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումն ունենալու հնարավորության մասին։ «Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է: Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ և պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- նշել է նախարարը։
Այնուհետև Սուրեն Պապիկյանը մասնակցել է Քարինջ բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը և Ահնիձորի այլընտրանքային մանկապարտեզի արևային ֆոտովոլտային պանելի դիտարկմանը։
Նախաուսումնական հաստատությունների պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը Քարինջ և Ահնիձոր համայնքների բնակիչների հետ զրուցել է համայնքների կարիքների, բնակիչների մտահոգությունների մասին։ Լսելով Ահնիձորի միջնակարգ դպրոցի վթարային պայմանների մասին՝ նախարարը խոստացել է առաջիկա ծրագրերի օրակարգում ներառել դպրոցի վերանորոգման հիմնահարցը:
Պատասխանելով գյուղերում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել համայնքների բնակիչներին աշխատանքի հնարավորություն փնտրելիս հայացքն ուղղել դեպի գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ հողագործություն, անասնապահություն, իսկ անասնագլխաքանակին ծանոթանալով նախարարը հորդորել է այդ թիվն առնվազն եռապատկել։ «Փաստ է, որ մեր հանրապետության սննդի պաշարների ու տարբեր հարցեր հոգալու համար մեզ պետք է նաև արտադրող գյուղ, այսինքն գյուղմթերք արտադրող մարդիկ։ Ի՞նչ է գյուղատնտեսությունը, եթե ոչ աշխատանք։ Նույն անասնապահությունը, հող մշակելը, նույնպես աշխատանք է։ Բայց սա կարելի է հարստացնել ու նաև նոր մշակույթ ներմուծել, իսկ բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է»,- հավելել է նախարարը։
Շարունակելով այցը` նախարարը համայնքների ղեկավարների, վարչական ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ հանդիպումներ է ունեցել Դսեղի “ՔՈԱՖ” սմարթ կենտրոնում և Վանաձորի մարզպետարանում:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջությանը, ճանապարհային և էներգետիկ հիմնախնդիրներին, արտագաղթին, աղբահանությանը վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծելով աղբահանության խնդրի հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ քննարկում է աղբահանության հայեցակարգը, և հավելել, որ դրանում իրենց ներդրումը պետք է ունենան նաև համայնքների ղեկավարները՝ ներկայացնելով ինչպես խնդիրների համապարփակ նկարագրեր, այնպես էլ դրանց լուծման ծրագրային առաջարկներ:
Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է «ՄԱՅՄԵԽ ՍԿԻ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ծրագրով Լոռու մարզի լեռնադահուկային կենտրոնի համար նախատեսվող տարածքներ, Անտառաշեն համայնքի բնակիչների հետ քննարկել ծրագրի իրականացման հետ կապված վերջիններիս առարկություններն ու առաջարկները։
Սեպտեմբերի 3-ին նախարարը այցելել է Սպիտակ, որտեղ հանդիպում է ունեցել Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Համայնքների խոշորացման գործընթացը քննարկելիս նախարարն ընդգծել է, որ փոքր համայնքներում միջոցների սղության պայմաններում լուծումը խոշորացումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դրանց եկամուտների ճիշտ ուղղորդումն ու արդյունավետ կառավարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում անմշակ հողատարածությունների ու խոտհարքների խնդրին։ Նախարարն իր մտահոգություններն է հայտնել դրա կապակցությամբ և կարևորել հացահատիկային կուլտուրայի դաշտեր ունենալու և համայնքներն անհրաժեշտ գյուղտեխնիկայով հագեցնելու անհրաժեշտությունը։
Լոռու մարզ այցը նախարար Սուրեն Պապիկյանն ավարտել է Մեծ Պարնի համայնքում՝ շրջայց կատարելով բրիկետի (խտացված վառելանյութի) վերջերս գործարկված արտադրամասում և պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվող մանկապարտեզում։
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...