«3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում». անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» աշխատաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

«3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում». անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» աշխատաժողովը

16:21 20.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին նվիրված։

Աշխատաժողվի նպատակ ժամանակակից մանկավարժական մոտեցումների քննարկումն ու համակարգում առկա լավագույն փորձի փոխանակումն է։ Նախադպրոցական կրթության ոլորտում տարվա ընթացքում իրականացված ամենակարևորը աշխատանքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ, չափորոշչի ներդրմանն է ուղղված: Այս տարվա ընթացքում արդեն ավելի քան 500 մանկապարտեզներում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որը, մասնագետների գնահատմամբ, փոփոխություն է բերել կրթական գործընթացում:

«Մանկավարժները, տնօրեններն ու մյուս մասնագետները խոսում են ավելի ոգևորված աշխատելու ցանկության, փոփոխությունների, ավելի չափելի վերջնարդյունքներ ունենալու, առկա խնդիրները գնահատելու և դրանց լուծման եղանակներն ավելի հեշտությամբ գտնելու և ավելի մեծ հաջողությունների հասնելու մասին: Հուսով եմ՝ ձեր կողմից ներդրվող ջանքերը տեսանելի արդյունքներ են արձանագրելու առաջիկայում, և դրա արտացոլանքը տեսնելու ենք նաև երեխաների զարգացման գործընթացում: Չափորոշչի ներդրման շրջանակում մեծ աջակցություն է մենթոր մանկապարտեզների համակարգի ներդրումը, որը ստեղծվել է մենթոր դպրոցների օրինակով։ Ըստ նոր չափորոշչի՝ այդ հաստատությունները ստանձնել են վերապատրաստողի դերակատարումը, և, բնականաբար, գործընթացը բարդ էր»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու շնորհակալություն հայտնել մենթոր մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել շուրջ 2000 մանկավարժների վերապատրաստումն իրականացնելիս:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ծրագրերին՝ տեղեկացնելով, որ այս տարի շուրջ 1500 նախադպրոցական մանկավարժներ անցել են վերապատրաստումներ, ընդ որում՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոտեցումները խստացվել են։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի նախադպրոցական 26 մանկավարժի շնորհվել է տարակարգ․ գործընթացը շարունակվում է։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ այս թիվը հաջորդ տարվա ընթացքում զգալիորեն կավելանա. «Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ ջանքեր ներդնի իր մասնագիտական զարգացման համար և այդ ջանքերի համար ունենա նաև համապատասխան խրախուսանքի հնարավորություն: Այն չափանիշները, որոնք ներկայացված են տարակարգի ստացման համար, մասնավորապես՝ պարապմունքների պլանները, տեսադասերը, դուք ամեն օր եք իրականացնում և պարզապես պետք է փոքր-ինչ ավելի մանրամասն աշխատեք այդ ուղղությամբ՝ տարակարգի ստացման համար դիմելիս: Հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք շատ ավելի բարձր ցուցանիշներ»:

Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության հասանելիության խնդրին: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ 2024 թվականին ավելի քան 92 հազար 3-5 տարեկան երեխաներ արդեն իսկ հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ նրանցից շուրջ 6000-ը՝ նախակրթարաններ:

«Այսինքն՝ 3-5 տարեկան երեխաների շուրջ 80%-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում: Այդ երեխաների մեծ մասը քաղաքային բնակավայրերից են, գյուղական բնակավայրերում ընդգրկվածությունը շատ բարձր չէ, և այս ուղղությամբ մեծ անելիքներ ունենք ինչպես ենթակառուցվածքների ապահովման, այնպես էլ նախադպրոցական կրթության կարևորության տեսակետից: Վստահ եմ՝ նախադպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես մի վայր, որտեղ կազմակերպվում է երեխայի խնամքը, արդեն իսկ փոխված է: Ծնողներն իրենք են գնահատում և կարևորում նախադպրոցական կրթության ազդեցությունը երեխայի զարգացման և դպրոցական կրթության բարեհաջող մեկնարկի հարցում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով նախարարության կողմից իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ, առանձնացվել են այն բնակավայրերը, որտեղ առհասարակ առկա չեն նախադպրոցական ծառայություններ: Այդպիսի բնակավայրերի թիվը 200-ից ավելի է: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է ներդնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող շուրջ 15 բնակավայրերում կկառուցվեն նոր մանկապարտեզներ:

«Շատ կարևոր է, որպեսզի չունենանք որևէ բնակավայր, որտեղ հասանելի չլինի նախադպրոցական կրթությունը: Վերջինիս հասանելիության և մատչելիության տեսակետից կարևոր են նաև ներառական կրթության ոլորտում մեր ձեռքբերումները: Այս տարեվերջի տվյալներով կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1693 երեխա հաճախում է մանկապարտեզ: Նախորդ տարի այս թիվը, թերևս, 10 անգամ պակաս էր: Անկասկած, խոսքը ոչ թե այդ երեխաների թվի ավելացման, այլ այդ երեխաների հայտնաբերման և նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկման մասին է, ինչը շատ կարևոր քայլ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու անդրադարձել այն խմբերին, որոնցում ընդգրկված երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է պետական միջոցներով:

Մասնավորապես՝ պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն են ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները և զինծառայողների ընտանիքների երեխաները: 2026 թվականից այս ցանկում կընդգրկվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Հասանելիության ապահովման տեսանկյունից թիրախային մյուս խումբը, նախարարի տեղակալի փոխանցմամբ, 0-2 տարեկան երեխաներն են, որոնց համար նախատեսվում է մսուրի ծառայությունների ներդրում: Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան համայնքներում արդեն իսկ առանձնացվել են 10 նախադպրոցական հաստատություններ, որոնցում առաջին փուլով նախատեսվում են բացել 12-24 ամսական երեխաների խմբեր, իսկ երկրորդ փուլով՝ 6-12 ամսականների խումբ՝ Երևանի մեկ մանկապարտեզում:

«Մենք ամբողջացրել ենք այդ տարիքային խմբի երեխաների համար անհրաժեշտ գույքը: ԱՆ նախարարության հետ նաև աշխատանքներ ենք իրականացնում 6-12-ամսական երեխաների սննդի նորմերի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև այս տարիքի երեխաների համար պետք է ունենանք մասնագիտական ռեսուրսի գնահատում: 2025 թվականից այս տարիքային խմբերը կսկսեն գործել․ դրանք սկզբից կլինեն փորձնական, հետո քննարկումների արդյունքում կհասկանանք՝ ինչպես ենք ընդլայնում ծրագիրը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է նախադպրոցական կրթության կառավարման որակին. «2024 թ. մարտահրավերային էր նաև կառավարման տեսանկյունից: Ըստ օրենքի՝ մինչև հուլիս 1-ը պաշտոնավարող տնօրենները պարտավոր էին ունենալ հավաստագիր, այլապես կդադարեցվեին նրանց պայմանագրերը: Ուրախ եմ, որ 261 մասնագետներ հավաստագրեր են ստացել, և այս պահին մենք չունենք որևէ նախադպրոցական հաստատություն, որի տնօրենը հավաստագիր չունի: Ունենք մի շարք հաստատություններ, որոնք ղեկավարում են տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, բայց արդեն մրցույթները հայտարարված են, և առաջիկայում կհամալրվեն նաև այդ տեղերը: Պետք է նշեմ, որ տնօրենների հետ պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ մյուս ծրագիրը մասնավոր մանկապարտեզների լիցենզավորմանն է վերաբերում։ Համաձայն օրենքի՝ լիցենզավորման համար այս տարի դիմած կազմակերպությունների մեծ մասը` ընդհանուր առմամբ 145 կազմակերպություն, արդեն լիցենզավորվել է, որոնցից 77-ը՝ 2024-ին. «Հատկապես քաղաքային բնակավայրերում գործող մանկապարտեզները չեն բավարարում, որպեսզի ծածկեն նախադպրոցականների կրթությունը, այդ տեսանկյունից մենք կարևորում ենք մասնավորի զարգացումը. այս պահին շուրջ 8000 նախադպրոցական տարիքի երեխաներ կարող են հաճախել և հաճախում են մասնավոր մանկապարտեզներ: Լիցենզավորումից հետո ավելի վստահ ենք, որ այս հաստատություններում կրթությունն իրականացվում է մեր կողմից հաստատված ծրագրերով»:

Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների թվի և թափուր տեղերի համալրման խնդիրը։ Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ Կառավարության որոշմամբ մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկում արդեն իսկ շուրջ 400 հաստատություն է ներառվել, որոնցից 195-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երեխաների նկատմամբ բռնության խնդրին ու երեխաների վարքականոններին:

«Ցավոք, շատ ահազանգեր ենք ստանում բռնության դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ մանկապարտեզներից: Երբեմն նման պահվածք դրսևորողը դա չի էլ որակում որպես բռնություն: Պարտավոր ենք գիտակցել և հասկանալ, որ երեխաների ու հատկապես նախադպրոցականների հետ աշխատելիս համբերություն և շատ սեր է պետք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: Նա, մասնավորապես, նշել է. «Հօգուտ վաղ մանկության տարիների ներդրումներ կատարելը ոչ միայն անմիջապես օգուտներ քաղելու մասին է, այլև ուղղված է ապագային: ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար վաղ մանկական ուսումնառությունը կարևոր է երեք տեսանկյունից՝ որպես ներդրում հօգուտ կրթության և դպրոցական պատրաստվածության, որպես հիմք՝ ապահովելու, որ երեխաներն իրենց ներուժն իրագործեն, այդ թվում՝ աշխատաշուկայում, ինչպես նաև որպես հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի երեխաների ներառում ամենավաղ տարիքից: Հուսով ենք, որ մեր հավաքական հանձնառությունը վաղ մանկական ուսումնառությանը հաջորդ տարիներին կվերածվի աստիճանական քայլերի, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա դպրոց ընդունվի՝ հմտություններ ունենալով»:

«Կրթությունը սկսվում է ինձանից» համաժողովն իրականացվել է մարզային և հանրապետական փուլերով: Մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ:

Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուներն են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

BACK_TO_TOP