21:13 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Տնօրենի հարգելի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության և աշխատանքի համար:
2024 թ. կարծում եմ շատ կարևոր տարի էր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության համար: Արդեն նշվեց, որ այս տարի, 2024 թ.-ին կայացրած որոշման արդյունքում, Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը նշում ենք հունվարի 8-ին, և շարունակելու ենք նշել հունվարի 8-ին: Իհարկե, այս որոշումը կապված էր ծառայության աշխատանքի կազմակերպման ընթացակարգում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ, բայց սրա մեջ նաև քաղաքական սիմվոլիկա և բովանդակություն կա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման և ամրապնդման կարևորագույն ինստիտուտներից է:
Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը: Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:
Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:
Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:
Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:
Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:
Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:
Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:
Հարգելի ներկաներ,
Կրկին ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ դա ոչ միայն մեր արձանագրումն է, այլև ծառայության աշխատողների արձանագրումը, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները մեծանում են, և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն առիթով ապացուցում է իր գործունակությունը, իր արդյունավետությունը: Բայց ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է, որ հիմա այն քաղաքականությունը, որը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, հետևյալն է՝ լավագույն փորձառու կադրերի վրա հենվելով՝ նաև ծառայությունը թարմացնելու պրոցես սկսել: Ճիշտն ասած, երկար ժամանակ այդպիսի ափսոսանք կար, որ երիտասարդների համար Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու գրավչությունը կարծես թե պատշաճ մակարդակի վրա չէ, բայց եթե ճիշտ եմ հասկանում, համենայնդեպս վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր հարգարժան փորձառու գեներալները և սպաները, ովքեր երկար տարիներ ծառայում են Ազգային անվտանգության ծառայությունում, շատ կարևոր է, որ այսպես ասած, ժառանգությունը փոխանցելու այդ հնարավորությունը լինի, և երիտասարդները նաև տեսնեն այն ճանապարհը, թե ինչ ճանապարհով են իրենք հասնելու այն աստիճանի, ինչ աստիճանի դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ հասել են:
Սա էլ եմ ուզում ընդգծել, որ, ըստ էության, 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել: Ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ, որովհետև կապ չունի երկրում ինչ մթնոլորտ է, ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, պետական ինստիտուտները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության առարկա, որովհետև եթե որևէ մեկը հարվածում է պետական ինստիտուտին, կապ չունի՝ ընդդիմություն է, իշխանություն է, պաշտոնյա է, շարքային քաղաքացի է, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սա այնքան ակնհայտ բան է, որ այդտեղ քննարկելու բան չկա: Եվ սա է նաև պատճառը, որ ես շատ կարևորում եմ, որ մեր սոցիալ-հոգեբանության մեջ պետությունը և պետականությունը, սրանից բխող պետական ինստիտուտներն ունենան առանցքային տեղ, և այդ տեղը գնալով ավելի ու ավելի մեծանա:
Եվ ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի հաջող օրինակներից է, որտեղ պրոֆեսիոնալիզմի լավագույն ավանդույթները պահպանված են: Ազգային անվտանգության ծառայությունը և մենք, ընդհանրապես՝ բոլորս հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհը շատ արագ են զարգանում: Նույնիսկ ամենամեծ գիտելիքով, ամենամեծ ինտելեկտով, ամենալավ կրթությամբ ուղղակի տեղում կանգնած մնալով՝ կարելի է կիլոմետրերով հետ մնալ, որովհետև այն արագությամբ է այսօր զարգանում… Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, հարգելի գործընկերներ, որ մենք ասում ենք, որ այո՛, կրթությունը պետք է դառնա ամենօրյա զբաղմունք, սեփական գիտելիքները, հմտությունները հարստացնելը, հղկելը, փորձարկելը, հասկանալը, թե մեր իմացած վստահելի գիտելիքից կամ հմտությունից որն է արդեն հնացած: Այդպիսի բան էլ կա, հմտություն կա, որ քսան տարի առաջ շատ էֆեկտիվ էր, այդ հմտությունն այսօր ոչ միայն էֆեկտիվ չի աշխատում, այլև աշխատում է քո դեմ: Հետևաբար՝ դա էլ պետք է իմանանք, որ այդ հմտությունը՝ վերջ, մենք արխիվացրինք որպես պատմական արժեք, թանգարանում պահում ենք, որ իմանանք՝ ժամանակին այդպիսի բան էլ է եղել: Եվ շատ ուրախ եմ, որ հենց ծառայության ներսում այս տրամադրությունը կա, որ այո՛, փոփոխվող աշխարհում պետք է փոխվել և վերափոխվել: Եվ սա այն կարևոր երաշխիքներից է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակի զարգանալ և հաջողություններ ունենալ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...