Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։

Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։

Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

09:38 30.04.2025

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

09:30 30.04.2025

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

09:20 30.04.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համատեքստում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։ «Պարոն նախագահ, մեր վերջին ճեպազրույցից ի վեր, տեղական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջաններում քաղաքացիական զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների մասին: Ես պետք […] ...

Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկել

09:09 30.04.2025

Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկել

Հյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական ​​պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

09:00 30.04.2025

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

Գերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...

BACK_TO_TOP