Նիկոլ Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն. Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Նիկոլ Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն. Վիգեն Սարգսյան

19:00 20.12.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ  խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի:

«Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաև իր` Փաշինյանի և իր թիմակիցների համար:
Ավարտվեց հասարակությունը սևերի և սպիտակների կիսած քարոզարշավը, լռեցին քարոզիչ-մունետիկները, անցավ միահեծան հաղթանակի ցնծությունը, և երկիրը վերադարձավ իր առօրյա կյանքին»,- նշել է Սարգսյանը:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարն ունի երկու բարդ խնդիր, որոնց լուծումը հրատապ անհրաժեշտություն է:

«Առաջինը՝ Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի, որևէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձևավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար, նա անմիջականորեն և անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների և հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների և բազմաթիվ այլ արածների և չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում:

Այս առումով հիշարժան օրինակ է քարոզարշավի օրերին իր թիմակից Սասուն Միքայելյանի «Արցախի հաղթանակ-հեղափոխության հաղթանակ» անհաջող համեմատությանը հանրային սուր արձագանքին հակադարձելու Փաշինյանի փորձը, որի տրամաբանական զարգացում դարձան որոշումներ, որոնք կարող են զգալիորեն ազդել երկրի պաշտպանունակության վրա:

Երկրորդը՝ ապագայի օրակարգի ձևավորումն է և որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որևէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է: Երեք լեզուների դասընթացին զուգահեռ պետք է սովորել պատվով կրել այն։

Իշխանություն ստանձնելուց երեք շաբաթ անց նախորդների չարագործություններին վերագրվեց Սարդարապատի 100-ամյակի միջոցառման հանրային քննարկում առաջացրած մի դրվագ: Երեկ, պաշտոնավարման 8-րդ ամսում վարչապետը փորձեց «նախորդների» վրա բարդել Նախիջևանի հետ սահմանագծում դիրքային տեղաշարժը և ռուսական ռազմաբազայի պայմանագրով նախատեսված պետբյուջեից կատարվող ծախսերի «մեղքը»:

Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով և դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձևավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ոչ լուրջ ներդրողը, ոչ պոտենցիալ հայրենադարձը։ Հասկանալի է, որ քաղաքական գործիչ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է իր ամենօրյա ուղիղ եթերների գրաֆիկին, բայց դրա ժամանակն անցավ։ Հիմա աշխատելու ու արդյունք գրանցելու ժամանակն է։ Պետք է քայլել առաջ, ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրներ, ձևավորել կապեր, պայքարել երկրի տնտեսության համար առանցքային ռազմավարական ապրանքների շահավետ գնագոյացման համար, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը:

Եվս մեկ օրինակ պաշտոնակատար Փաշինյանի երեկվա ելույթից` ՀԱՊԿ-ում «նախկինում ոչինչ արված չլինելու» մասով: Հասկանալի է և օրինաչափ, որ Նիկոլ Փաշինյանը նոր է ադապտացվում միջպետական բանակցություններին, հատկապես` բազմակողմ ձևաչափում: Բայց դա չի նշանակում, որ մինչև իր նոր կարգավիճակում հայտնվելը ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություններ չեն վարվել, հարցադրումներ չեն արվել և խնդիրներ չեն լուծվել: Այդպիսի հայտարարությունն, ինքնին, վիրավորական է ոչ միայն Հայաստանի նախկին, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկա իշխանությունների համար: Հուշեմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ևս մամուլի տեսություն են ստանում:

Հնարավոր է շատերին տարօրինակ թվա, բայց ես պակաս ծանր չեմ տարել Փաշինյանի հասցեին Բելառուսի նախագահի կողմից արված հայտարարությունը, քան Փաշինյանի ամենանվիրյալ հետևորդը: Դա երկրի և ոչ թե առանձին անձի հասցեին թույլատրված արտահայտություն էր: Բայց ես, ի տարբերություն մեր բազմաթիվ հայրենակիցների, գիտեի, որ դա այդպես է ավարտվելու այն պահից, երբ Փաշինյանի մամուլի ծառայությունը և օրաթերթը հրապարակեցին այն հայտնի լուսանկարը, որտեղ վարչապետն իր հայացքով փորձում է մոխրակույտի վերածել Բելառուսի` կյանքում շատ բան տեսած նախագահին: Երկրի ղեկավարը պետք է միշտ գիտակցի, որ իր, ինչպես նաև իր գրասենյակի յուրաքանչյուր արտաբերած միտք, լուսանկար, կարծիք անմիջապես թարգմանվում և իր սպառողին է գտնում ուժային բազմաթիվ կենտրոններում: 21-րդ դարում «մեկ է, մեր գյուղից մարդ չկա» սկզբունքը չի գործում: Տեղեկատվությունը ակնթարթային արագությամբ հասնում է ամենուր և բոլորին:

Վերադառնալով ՀԱՊԿ-ին. հիմնադրման պահից Հայաստանը եղել է կազմակերպության ամենաակտիվ և արդյունավետ մասնակիցներից մեկը: Բավարար է ասել, որ հենց Հայաստանի նախագահության օրոք է համաձայնեցվել և ընդունվել երկար տարիներ քննարկվող Հավաքական անվտանգության ռազմավարությունը: Մեր նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով է հաջողվել լուծել զենքը ներքին գներով գնելու հարցը, որից Հայաստանը մեծ գործնական օգուտ է ստացել և, հուսով եմ, կշարունակի ստանալ: Մեր պնդմամբ է ընդարձակվել և նոր բովանդակությամբ լցվել համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ծրագիրը: Մենք ենք պարբերաբար պնդել և առաջ քաշել արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների համադրման անհրաժեշտությունը: Ի վերջո, լավ թե վատ, մեզ հաջողվել է ստանալ և ոչ թե կորցնել կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, որքան էլ դա անկարևոր թվա այսօրվա իշխանություններին: Կարելի է շարունակել թվարկումը:

Պետք չէ նսեմացնել նախկինում կատարած աշխատանքը: Դա բավարար էր իշխանություն ստանալու համար, բայց չի կարող բավարար լինել այդ իշխանությանը երկար մնալու համար: Արե՛ք ավելին, և դա կգնահատվի բոլորի կողմից: Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը»:

https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/photos/a.187155095533204/222212548694125/?type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP