Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը:
«Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի պայմանները (ժամկետն ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) մնում են ուժի մեջ»,- ասել է Գեորգի Կոբուլիան:
Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք պլանավորում են ավարտել երկու շաբաթվա ընթացքում, դրանց արդյունքները կհայտարարվեն:
Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազ տարանցողի դերից: