17:29 12.04.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանն ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին:
Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, եւ որ այդ աշխատանքները կկրեն մշտական բնույթ:
Նաեւ նշվել է, որ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կիրականացվեն լրացուցիչ քայլեր, եւ մեր քաղաքացիները այդ մասին անմիջապես կտեղեկանան:
Օբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ աշխարհում այդ վարակի տարածումը համընկել է մեր հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարեւորագույն համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ:
Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի ե՛ւ ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, ե՛ւ, ամենակարեւորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից:
Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարեւոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որեւէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով:
Այդ իսկ պատճառով իրականացվել են կառավարության որոշումներով նախատեսված այն բոլոր համալիր միջոցառումները, որոնք ենթադրում է կորոնավիրուսի դեմ պայքարը, եւ որոնք այսօր գործում են տարբեր երկրներում: Հանրապետությունում վարակի տարածման դեմ պայքարը չի դադարել ոչ մի րոպե: Ակտիվորեն աշխատում է միջգերատեսչական հանձնաժողովը, եւ օպերատիվ կերպով լուծվում են բոլոր դրված խնդիրները:
Հատուկ կուզենայի նշել, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Եվ բոլոր ծագող հարցերի շուրջ իմ կողմից մշտապես անց են կացվում քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Այս աշխատանքների իրականացումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է հսկայական պատասխանատվության եւ բարձր գիտակցության զգացում: Մեր կողմից արվում է հնարավորը այս ուղղությամբ:
Եվ որեւէ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ այն քաղաքականությունը, որը մեր կողմից իրականացվել է ստեղծված պայմաններում, եղել է համակողմանիորեն մշակված, ու որ դրա հիմքում ընկած էին ե՛ւ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ բոլոր միջոցների ձեռնարկումը, ե՛ւ սահմանադրական խնդիրների լուծումը՝ ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի, ի շահ մեր պետականության ամրապնդման:
Դեռեւս պարզ չէ, թե ինչքան կտեւի այս համաճարակը, եւ այն ինչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Պետության կողմից պետք է արվի հնարավորը մեր երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու ուղղությամբ:
Եվ այս պարագայում պետք է լինի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանություն, որը, օգտագործելով օրենքով սահմանված իր լիազորությունները, կանի հնարավոր ամեն ինչ ապագա բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար:
Ստեղծված լրջագույն պայմաններում մեզ, ինչպես երբեք, պետք է ընտրված լեգիտիմ իշխանություն:
Մեզ հաջողվեց Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում մարտի 31-ին համատեղ ուժերով անցկացնել համապետական ընտրությունները: Ինչպես գիտեք, ընտրվել է Ազգային ժողովի նոր կազմ: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքները ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որը նախատեսված է ապրիլի 14-ին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով, որ, չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեւական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձանագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման եւ միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի եւ առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաեւ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմաններ եւ ռեժիմ սահմանելու, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ եւ 133-րդ հոդվածները Արցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման նպատակով, եւ այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման եւ վարակված անձանց առկայության եւ նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը եւ դրանց արդյունքում անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, հավաքների ազատության, սեփականության իրավունքի եւ արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները եւ ազատությունները` իրավիճակի պահանջով եւ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
եւ ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին եւ 5-րդ հոդվածներով` ես ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի՝
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար իմ կողմից պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Ըստ էության՝ այսպիսինն է կայացված որոշման անհրաժեշտությունը:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության եւ բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները եւ, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարեւորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:
Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական եւ սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք եւ չեզոքացնենք բոլոր բացասական հետեւանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարեւորագույն շրջանը եւս:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ ընդունվող որոշումներին, խստորեն հետեւել նախատեսված միջոցների եւ հանձնարարականների կատարմանը:
Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն՝ հանուն մեր երկրի եւ քաղաքացիների բարեկեցության, մեր ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի:
Բոլորիս մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ եւ ամենայն բարիք:
Շնորհակալություն»,-նշված է ուղերձի տեքստում:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...
23:34 05.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...
23:27 05.05.2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողովՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...
23:20 05.05.2025
Կայծակ և ամպրոպ՝ Երևանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...
23:16 05.05.2025
2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպումՄայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...