19:35 15.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել: Սակայն, վիճահարույց մի շարք հարցեր դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք գտնում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները: Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին» օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:
«Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում` skopius-ի ցանկում:
Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն: Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:
«Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա:
Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:
Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:
«Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ իրենց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը` պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը` հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:
Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ. Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...