13:59 20.07.2021
Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է հատկապես մարզերում նմանօրինակ հանդիպումների, կարծիքներ փոխանակելու և ըստ այդմ՝ աշխատանքն առավել թիրախային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտի քաղաքականությունը, բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց շրջանակում մշակվող իրավական փոփոխությունները:
Անդրադառնալով առարկայական նոր չափորոշիչներին ու ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից դրանք փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փորձարկվելու է նաև ֆինանսավորման կարգը. «Փոփոխելով գնահատման ձևերը և տարրական մակարդակում հրաժարվելով միավորային գնահատումից՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու ուսուցիչների աշխատանքի կառուցվածքը, դրույքաչափը: Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման ժամանակ կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը: Տարրական դասարաններում, որտեղ ոչ միավորային գնահատում է, առաջարկում ենք ուսուցչի աշխատաժամանակի հետևյալ կառուցվածքը՝ շաբաթական 18 դասաժամ և 4 ժամ գնահատման համար, որը վճարվելու է, իսկ միջին և ավագ դպրոցում, որտեղ լինելու է միավորային գնահատում՝ 20 դասաժամ և 2 ժամ գնահատման համար: Բացի դրանից՝ դպրոցները ֆինանսավորվելու են առավելագույն ժամաքանակով, որն ուսումնական հաստատությանը թույլ կտա ֆինանսավորել նաև խմբակները, այդ թվում՝ առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման»:
Խոսելով համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան դժվարություններ, որոնց լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:
«Այո՛, անցել ենք ներառական կրթության, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել: Բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք: Ակտիվ աշխատում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, որը մեր հիմնական մասնագիտացված կենտրոնն է: Առաջիկայում ունենալու ենք քննարկումներ՝ ՏՄԱԿ-ների, ռեսուրս կենտրոնների աշխատանքային մոդելը հասկանալու, հատուկ դասընթացների, վերապատրաստումների կազմակերպման և եղած միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Դիտարկվում են նաև դեռևս գործող հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերածելու տարբերակը և իրենց կողմից վերապատրաստման դասերի անցկացումը: Ցավոք, այս պահին ոլորտում առկա խնդիրներին 100% լուծում չկա: Սա գործընթաց է, որի միջով անցնում և այդ ընթացքում սովորում ու լուծումներ ենք գտնում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում իրավական դաշտում ևս լուրջ փոփոխությունների կարիք է առաջացել:
Ներկաները հետաքրքրվել են, թե նոր ուսումնական տարում ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը:
«ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն է՝ դասապրոցեսը կազմակերպել ինչպես մինչ համավարակն էր՝ հրաժարվելով դասարանները խմբերի կիսելու քաղաքականությունից, բայց և խստիվ պահելով հակահամաճարակային կանոնները: Թեմայի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն Առողջապահության նախարարության հետ: Պետք է հասկանանք նաև ԱՆ-ի դիրքորոշումը և դրա հնարավոր անդրադարձը կրթական համակարգի վրա: Ցանկացած պարագայում կրթական գործընթացի շահերն ու առաջնահերթությունները չպետք է տուժեն: Այսինքն՝ պետք է փոխշահավետ լուծում, երբ և՛ առողջապահական իրավիճակն է հաշվի առնվում, և՛ կրթական գործընթացի տրամաբանությունն ու որակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել, որ այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ հակահամաճարակային միջոցներով ապահովելու նպատակով:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ եղած ապատեղեկատվական հոսքերից և դրանք կանխելու կարևորությունից. «Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված նոր պայմաններում և ընդունենք, որ ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարման արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Կրթելու գործառույթը ենթադրում է հանրային պատասխանատվություն, ուստի կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է տարածում՝ ապատեղեկատվությո՞ւն, տագնա՞պ»:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման և վերապատրաստումների թեմային՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բոլոր գործընթացները կազմակերպվում են՝ ի շահ ուսուցիչների:
«Կամավոր ատեստավորման հետ կապված ուսուցիչների շրջանում որոշակի անորոշություն կա, անգամ մտահոգություններ են հնչում, որ գործընթացը կարող է հանգեցնել կրճատումների: Վստահեցնում եմ, որ նման բան չկա, մեր նպատակը լավ արդյունքներ գրանցող ուսուցիչներին խրախուսելն է: Միևնույն ժամանակ այն ուսուցիչները, որոնք կտեսնեն՝ մասնագիտական զարգացման կարիք ունեն, կմասնակցեն համապատասխան ծրագրերի»,- փաստել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել՝ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգումը, և ոչ ավելի ուշ, քան նոյեմբերից ուսուցիչները կստանան հավելավճարներ:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ներկայացվելու է հանրակրթության ոլորտի վերապատրաստումների նոր ծրագիրը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ վերապատրաստումները պետք է լինեն տարբերակված, քանի որ ուսումնական հաստատություններով, ուսուցչի փորձառությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ մեկ ծրագիրը չի կարող բոլորի համար նույնքան արդյունավետ լինել:
«Այս տարի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման համար երաշխավորվել է 50 կազմակերպություն: Վերապատրաստումներից հետո ուսուցիչներից կստանանք արձագանք, կգնահատենք իրավիճակը, որակը և ըստ այդմ՝ կորոշենք հաջորդ քայլերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ներկաները քննարկել են նաև ուսումնական հաստատությունների՝ սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխանությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ դիտարկվում է առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 300 դպրոցի ցանկ: Փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները դիտարկվում են ամբողջության մեջ. «Դպրոցը միայն անվտանգ շենքը չէ: Անհրաժեշտ է նաև լաբորատոր հագեցվածություն: Երեխաները պետք է հաճախեն պատշաճ պայմաններով ուսումնական հաստատություններ: Պետք է ապահովենք լավագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթ հատկացնելուն, ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետությանը, ուսուցիչների օգնականների գործառույթներին, մեթոդական պատրաստվածությանը, նախադպրոցական հաստատությունների լիցենզավորմանը, հաստիքացուցակներին վերաբերող և այլ հարցեր:
Ամփոփելով հարցուպատասխանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել է անկաշկանդ քննարկումների և համագործակցային միջավայր ունենալու անհրաժեշտության մասին. «Բոլորս մեկ գործ ենք անում: Մեկս մյուսին պետք է օգնի, քանի որ այն գիտելիքները և փորձը, որ դուք ունեք, չունենք մենք: Դուք եք ամեն օր աշխատում երեխաների հետ, ուստի խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը: Մենք բոլոր ծրագրերը, բարեփոխումները պետք է կազմակերպենք ձեր առաջարկությունների և մտահոգությունների հիման վրա: Այդ գործընթացում շատ կարևոր է փոխադարձ վստահությունը և խնդիրները բարձրաձայնելու ազնվությունը: Բոլորս ցանկանում ենք մեր երեխաներին տալ լավագույն կրթությունը, բայց և տեսնում ենք, որ այդ ճանապարհին բազում խնդիրներ կան: Եթե պատրաստ ենք բարձրաձայնել դրանք, նշանակում է՝ պատրաստ ենք փոփոխությունների: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նախորդ՝ շատ ծանր ուսումնական տարին պատվով անցկացնելու համար: Կրթական համակարգն այս շրջանում հերոսաբար դրսևորեց իրեն: Շնորհակալ եմ ձեզ այդ աշխատանքի համար»:
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...
12:45 26.06.2025
Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխություններըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...