Հետևելու ենք խաղաղության հաստատման օրակարգին, և ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը դրա նկատմամբ մեծանում է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Հետևելու ենք խաղաղության հաստատման օրակարգին, և ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը դրա նկատմամբ մեծանում է. վարչապետ

13:15 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում ենք երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում:

Մեր երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք:

Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել: Եվ շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել հարաբերությունները:

Անշուշտ, մենք այս հանդիպմանը չէինք կարող չքննարկել մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև: Կորոնավիրուսի համավարակը դեմ, մասնավորապես, համագործակցության շատ հաջող փորձ ունենք՝ մեր բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Ես հուսով եմ՝ կկարողանանք այս խնդրի հաղթահարման գործում աջակցել, մենք կօգնենք կառավարությանն այս հարցի հետ կապված երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Երախտապարտ եմ Հայաստանի կառավարությանը, որ արձագանքում է, անդրադառնում է անօրինական միգրացիայի խնդիրներին: Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժեշտությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ ապօրինի սահմանը հատած անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը:

Ինչպես տեսանք, Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարության աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ ընտրությունների լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, հարուստ փորձ ենք կուտակել և այդ փորձը փոխանակել ենք ու ավելի ինտենսիվ դեռ ապագայում փոխանակելու ենք: Այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի Լիտվայի որոշ պետական մարմիններում, որոնք մասնակցություն կունենան փորձի փոխանակման գործում, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում:

Եվրամիության շրջանակում մենք սատարում ենք տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը: Ընդամենը վերջերս Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ համաձայնագրի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն իրենց աջակցությամբ, մասնակցությամբ շատ կարևոր դեր պետք է ունենան: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմներն էլ են շատ կարևոր: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում:

Շատ շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո տիկին վարչապետ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք,

Ելույթիս սկզբում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լիտվայի վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեին Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և պատվիրակության անդամներին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:

Լիտվան Եվրոպական միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:

Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ ամենատարբեր ոլորտներում:

Այսօր մենք ունենք չօգտագործված ներուժ՝ մեր համագործակցությունն ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:

Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում:

Հանդիպմանը ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: Մասնավորապես, շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը:

Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում: Այս առումով, կցանկանայի նաև երախտագիտությամբ հիշատակել Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Ձեր որոշումը, տիկին վարչապետ:

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքներով հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և հանրային հուզումների մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ:

Ընտրությունների արդյունքում մեր կառավարությունը մանդատ ստացավ` աշխատելու մեր ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ. մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է մեր կառավարության գործունեության ծրագրում:

Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը, եռակողմ համատեղ հայտարարության, ես նկատի ունեմ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ անկախ այս հանգամանքներից մենք շարունակաբար, հետևողական, անհոգնել հետևելու ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը մեր այս օրակարգի նկատմամբ շարունակաբար մեծանում է:

Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Շիմոնիտեին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստանի Հանրապետություն:

Հարց- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – Հարցս վերաբերում է երկու վարչապետներին: Պարոն վարչապետ, երեկ էլ, այսօր էլ վերահաստատեցիք, որ չնայած արտաքին միջավայրում նկատված խնդիրներին՝ մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը: Ինչպե՞ս եք դա հնարավոր համարում, եթե տարածաշրջանի երկրներից մեկը՝ Ադրբեջանը, շարունակում է սադրանքի դիմել սահմանին, առաջ քաշել նախապայմաններ, նաև չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ շարունակելով պատանդառության և գերության մեջ պահել հայերին: Եվ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տևական խաղաղության հաստատման համար ինչպիսի՞ն է Եվրամիության անդամ երկրի՝ Լիտվայի դիրքորոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Ես իմ խոսքում անդրադարձա Ձեր բարձրացրած բոլոր հարցերին և կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի՝ մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Պիտի ընդգծեմ, որ նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդներին միմյանցից, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է: Ես երեկ էլ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթ ունեցա ասելու, որ ինչպես նախկինում եմ հայտարարել՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք, և ինչպես երեկ ասացի՝ այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար: Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդորում, տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ այն մեր քաղաքացիներին, որոնք մեր տեղեկություններով գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ:

Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը: Շնորհակալ եմ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շնորհակալություն, ես ավելացնելու շատ բան չունեմ: Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հաճելի է լսել, որ եղել են որոշ դրական փոփոխություններ: Վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ: Եվրամիության մակարդակով մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, ովքեր ավելի սերտ և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին: Ես հավատացած եմ և համոզված, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և նաև պրակտիկ խորհուրդներով ու լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը:

Հարց- լիտվական ԶԼՄ ներկայացուցիչ – Ադրբեջանի նախագահը ցանկություն է հայտնել Ձեզ հետ հնարավորինս շուտ հանդիպելու, Դուք էլ եք ասում, որ իր հետ պատրաստ եք հանդիպել: Ե՞րբ եք ակնկալում, որ նման հանդիպում հնարավոր է տեղի ունենա և ո՞րտեղ եք ակնկալում, որ այն տեղի կունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում:

Իրականում իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես արդեն վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա:

Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, այսինքն՝ դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք և ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Իհարկե, ուզում եմ ընդգծել, որ մենք նաև հիմա համագործակցում ենք, ունենք եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ հերթին բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է, որ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքային, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները բացվում են: Ցավոք, մինչև այս պահը դրանք բացված չեն, որովհետև նաև խնդիր կա. երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից:

Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն՝ պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել, բայց այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել՝ հումանիտար հարցը կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց ցավոք վերադարձված չեն:

Կարծում եմ, որ ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և՛ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան: Շնորհակալ եմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

BACK_TO_TOP