57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության մեջ կասկածվող նրա երեք դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանները, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու վկայական ստանալ:
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները՝ Մարիան և Անգելինան նույն դասարանում են սովորել, սակայն դպրոցն ավարտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հայրը թույլ չի տվել նրանց դասի գնալ: Տևական բացակայությունների պատճառով նրանք չեն կարողացել մասնակցել միասնական պետական քննություններին ու վկայական ստանալ:
«Մարիան և Անգելինան սեպտեմբերից բանտային դպրոց կհաճախեն, կկարողանան ավարտել 11-րդ դասարանը ու քննությունները հանձնել»,- նշել է աղջիկների իրավապաշտպանը: Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան:
Քույրերը ընդունել են իրենց մեղքը: Ձերբակալությունից հետո խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես: Իսկ քույրերի մասին բոլորը միայն դրական են արտահայտվել, բնութագրել նրանց որպես համեստ աղջիկներ: Այդուհանդերձ, Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում, բացի կրտսեր քրոջից: Անչափահաս լինելու պատճառով նա չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով: