19:24 29.07.2022
Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։
Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, և այսպիսով` տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:
Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն և քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ՝ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարևոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:
Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:
Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է, և օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում…
Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:
Սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր և հունիսին և հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, և մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արևելք-արևմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը և մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետև դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում և տրամադրված ենք շարունակել նույն ոգով:
Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:
Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի և խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա:
Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի՞:
Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռևս 1991 թվականին ստորագրված և հետագայում վավերացրած ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագրով: Եվ սա այսօր թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաև երկկողմ մակարդակով: և ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա և Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:
Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը և կարգավիճակը:
Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ:
Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:
Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսելը:
Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:
ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է:
Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:
Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:
Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաև այս հարցի շուրջ և նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:
Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը:
Այո: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում:
Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:
Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, և սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջև: Հայաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները և հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
18:56 23.06.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերելՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...
18:48 23.06.2025
Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետԱպարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:42 23.06.2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա ԳալաձեինՀունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...
18:27 23.06.2025
Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...