Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ

20:16 03.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից` քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,

Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումը

19:14 23.06.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

19:06 23.06.2025

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

18:56 23.06.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

BACK_TO_TOP