«Ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում». Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

«Ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում». Արա Խզմալյան

15:24 06.02.2023

Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ արտադպրոցական դաստիարակության հետ կապակցված կարգավորումները ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա անդրադարձել է ժամանակակից արվեստի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:

Արա Խզմալյանի խոսքով՝ 2023-2027 թթ. ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումն ու հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը և աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ այս նպատակներից էլ ձևավորվել են ժամանակակից արվեստի ոլորտում նախագծի հիմնական ուղղությունները:

Կառավարման մոդելների արդիականացում

«Բազմաթիվ ձևաչափեր, օրենսդրական նորմեր, կետեր այլևս մրցունակ չեն և չեն կարողանում դիմակայել այսօրվա մարտահրավերներին, պահանջների որակին, կյանքի ռիթմին, ինչն էլ անխուսափելի է դարձնում փոփոխություններն ինչպես օրենսդրական, այնպես էլ կադրային քաղաքականության դաշտում: «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում կատարված լրամշակման շնորհիվ հնարավորություն տրվեց լիազոր մարմնին մշակել տնօրենների մրցույթի կարգ: Նկատի ունենալով նաև տվյալ ոլորտի առանձնահատկությունները՝ մենք կարողացանք լրջագույն բարեփոխումներ իրականացնել թատերահամերգային կազմակերպություններում, տնօրենների ընտրության հարցում: Կադրային փոփոխություններն էական նշանակություն ունեն տվյալ կառույցի առաջընթացի համար՝ նաև բովանդակային ծրագրերի և եկամուտների աճի առումով: Սա բխում է նաև այն գաղափարից, որ թատերահամերգային կազմակերպություններում պետք է մեծացնել տվյալ կառույցի ղեկավարի լիազորությունները, ինչպես նաև ստեղծագործական ոլորտում ապահովել սերնդափոխություն: Որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաև պետական կառույցների ֆինանսավորման մոդելների սկզբունքներում»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ մատնանշած ուղղություններով բարեփոխումներն առաջնահերթություն են:

Ինքնազբաղ (անկախ) արվեստագետների գործունեության խթանում

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ռազմավարության կարևոր կետերից է ինքնազբաղ (անկախ) արվեստագետների գործունեության խթանումը: Նրա խոսքով՝ համավարակի շրջանում ակներև էր, որ ամենաանպաշտպան ստեղծագործական խավը պետական կառույցից դուրս գործող արվեստագետներն են, որոնց սոցիալական վիճակի՝ պետության հետ ֆինանսահարկային հարաբերությունների տրամաբանությունը որոշակի չէ. «Այս ուղղությամբ բավականին լուրջ հետազոտություններ են արվել, մշակվել են մոդելներ՝ ինչպես անել, որ ինքնազբաղ ստեղծագործողը մտնի հարկային դաշտ և տեսնի իր վճարած հարկերի ճանապարհը, տեսնի, թե ապագայում դա ինչպես պետք է դառնա սոցիալական կապիտալ իր համար: Նոր կարգավորումների, ինքնադրսևորման պայմանների ստեղծման, դրամաշնորհների և այլ գործիքակազմերի ներդրման, այդ թվում՝ նպատակային ֆինանսավորման և միջոցառումների միջոցով անհրաժեշտ է նպաստել ոլորտի ազատ և ինքնազբաղ ստեղծագործողների ճանաչելիության բարձրացմանը»:

Մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորում

Արա Խզմալյանն անդրադարձել է մշակութային ներդրումների և բարեգործության խթանման, մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորման հարցին: Նրա տեղեկացմամբ՝ մեկենասության մասին օրենք ունենալու հարցը տարբեր շրջանակներում բազմիցս է քննարկվել. «Այս դեպքում օրենքը թերևս կունենա առավելապես քաղաքական ուղերձի նշանակություն, որովհետև գործնական ազդեցությունը պետք է լինի հարակից օրենքներում, օրինակ՝ հարկային օրենսգրքում, և մարդն իր բարեգործության դիմաց կստանա որոշակի հարկային արտոնություն: Սակայն իմ խորին համոզմամբ՝ հարկային արտոնությունը չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը կարող է ունենալ տեղեկատվական քաղաքականությունը մեկենասի շուրջ: Մեկենասը պետք է դառնա հանրային արժեք, որի շուրջ էլ պետք է իրակացնել տեղեկատվական քաղաքականություն: Այս համատեքստում մշակվել են քայլեր, որոնցից են «Մեկենաս» տարեգրքի հրատարակումը, մեկենասության մրցանակի սահմանումը` դարձնելով այդ մարդկանց հանրորեն տեսանելի և ճանաչելի»:

Նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների բարելավում

«Երբ խոսում ենք ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության մասին, այն անհնար է պատկերացնել առանց խոշոր գույքային և նյութատեխնիկական աջակցության, որոնցով այդ կազմակերպությունները երկար տարիներ չեն համալրվել: Աննախադեպ ծավալների հատկացումներ են արվել վերջին երեք տարիների ընթացքում: Յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ներին տրվող գումարները գերազանցում են 1 միլիարդի շեմը։ Գումարները տրվում են լուսաձայնային տեխնիկայի, նստատեղերի, տանիքների և այլ նորոգումների համար: 2022 թվականի տարեվերջին Արամ Խաչատրյան համերգասրահի միայն նստատեղերի արդիականացման համար հատկացվել է 220 միլիոն դրամ: ՊՈԱԿ-ներում նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների արդիականացման, բարելավման նպատակով այս տարի ևս նախատեսվում են մեծ ծավալների հատկացումներ»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը և հավելել, որ ինչպես փորձն է ցույց տալիս, որտեղ կա խոշոր կապիտալ հատկացում, այդ կազմակերպությունում գրանցվում է սեփական եկամուտների աճ, որովհետև դա ազդում է արդյունավետության վրա:

Մշակութային հասանելիություն և ներառականություն

Արա Խզմալյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պետք է ապահովի մշակութային հասանելիություն բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, ֆիզիկական և մտավոր զարգացման առանձնահատկություններից:

«Արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են ներառականության ապահովման հաստատությունների ներկայացուցիչները: Իրականացվում են «Կողք կողքի», «Ֆրեսկո» փառատոները, որոնց շրջանակում զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու պատանիները հանդես են գալիս անվանի երաժիշտների հետ: Հրատարակվում են գրքեր, իրականացվում է «Խոսող կտավներ» նախագիծը՝ տեսողության առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Ծրագրերը բազմաթիվ են, և դրանք լինելու են շարունակական»,- ասել է նախարարի տեղակալն ու ընդգծել՝ ներառականությունը ևս կարևոր առաջնահերթություն է ռազմավարության մեջ:

Մշակույթի ապակենտրոնացում

Արա Խզմալյանն ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը ռազմավարության կարևոր կետերից է. «Եթե նայենք միայն վիճակագրական տվյալներին, ապա կտեսնենք, թե նախորդ տարիներին որքան ծրագրեր և միջոցառումներ են իրականացվել համայնքներում: Մշակութային իրադարձությունները միայն մայրաքաղաքում պետք է չկենտրոնացվեն, որովհետև մշակույթը միայն ժամանց չէ, այն ունի բարոյահոգեբանական հսկայական ազդեցություն, որի կարիքը մեծ է հատկապես սահմանամերձ համայնքներում: Դրամաշնորհների հատկացման ծրագրում, որպես պարտադիր պայման, ներկայացված է մշակութային նախագծի ամբողջական կամ մասնակի իրականացում մարզերում և սահմանամերձ համայնքներում: Երևանի և մարզերի մշակութային տարբեր կառույցների միջև ստեղծվել են ստեղծագործական կապեր և սերտ համագործակցություն: Նույնիսկ առաջատար միջազգային փառատոներն ու ծրագրերն անցկացվում են նաև մարզերում»:

Կրթամշակութային ծրագրեր

«Նախարարության լավագույն գաղափարներից է մշակութային և կրթական քաղաքականությունների համադրումը՝ կրթամշակութային ծրագրերը՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր, «Քո արվեստը դպրոցում», «Դաս Ա», «Քույր դպրոցներ», «Դասարան+Դասական», «Արվեստանոց», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «ԴասԱրվեստ» և այլն: Այս ծրագրերի շրջանակում երեխաները ստանում են մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, լավագույն արվեստագետները մուտք են գործում դպրոցներ, որի արդյունքում բարձրանում է մշակույթի և մշակութային գործչի հանրային հեղինակությունը, ճանաչելիությունը, վարկանիշը: Եվ ամենակարևորն է՝ այս ծրագրերի միջոցով պատրաստում ենք վաղվա հանդիսատեսին»,- նշել է Արա Խզմալյանը:

Միջազգային համագործակցություն

Արա Խզմալյանի համոզմամբ՝ երկրի ճանաչելիության առումով ամենաարդյունավետ գործիքակազմը միջազգային ներկայությունն է: Հայ մշակույթի ներկայացումը միջազգային հեղինակավոր տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով կխթանի երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

BACK_TO_TOP