Հեռանկարային է Միջին Արևելքի շուկան, ՀՀ ռազմական արտադրանքն այնտեղ ունի մրցունակություն․ հարցազրույց ՌԱՊԿ ղեկավարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+14.09 oC

Հեռանկարային է Միջին Արևելքի շուկան, ՀՀ ռազմական արտադրանքն այնտեղ ունի մրցունակություն․ հարցազրույց ՌԱՊԿ ղեկավարի հետ

19:30 20.08.2018

Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։

– Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ սպառազինության մեջ արդեն իսկ ունենք հարվածային և մահապարտ անօդաչու թռչող սարքեր։ Մյուս կողմից, լրագրողները, որոնք հետևել են ռազմարդյունաբերական ոլորտի աշխատանքներին, բազմիցս տեսել են նման օրինակներ, որոնք դեռ արտադրության փուլում չեն։ Կարո՞ղ եք պարզություն մտցնել ու ասել, թե այս ոլորտում ի՞նչ ունենք արդեն։

– Կարող եմ ասել, որ անօդաչու թռչող սարքերի մշակումների և արտադրության ոլորտում ունենք զգալի առաջընթաց։ Իհարկե, չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչ և ինչ մոդելի ԱԹՍ-ներ են գտնվում արտադրության մեջ, բայց Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքերը չեմ հերքում։

– Այսինքն՝ ունե՞նք նման ԱԹՍ։

– Չեմ հերքում։

– Նկարներից առաջինում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի մեխանիզմն է ցույց տալիս։ Հունվարին դա փորձարկեցին, ուղարկեցին մեր դիրքերի ուղղությամբ։ Սարքի վրայից անջատվեց նռնակ, որը պայթեց մեր դիրքերի մոտ։ Զոհեր չունեցանք, բարեբախտաբար։ Երկրորդ նկարում Իրանի զինված ուժերի զորավարժություններից մեկի ժամանակ կիրառված տարբերակն է։

 Նաև գիտեք, որ «Իսլամական պետությունը» նման գործելաոճ ուներ, որ կախում էր, թողնում էր (պայթուցիկ լիցքը հակառակորդի վրա)։ Մեր սեփական, տեղական անօդաչուները սրանցից ավելի լա՞վն են, թե՞ ավելի վատն են։

– Պետք է ասեմ, որ այն, ինչ մենք մշակում ենք, տեխնոլոգիապես և տեխնիկապես դրանցից ավելի կատարյալ են լինելու։

– Բայց նույն տիպի՞ են աշխատելու, նույն սխեմայով։

– Այս սխեման բավականին պարզունակ է։ Այսինքն և՛ կրողը, և՛ վրայից ընկնող զենքը տեխնոլոգիապես բավականին պարզունակ են ու հեշտությամբ խոցվում են և՛ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, և՛ նույնիսկ սովորական հրաձգային զենքով։ Ինչ վերաբերում է զինամթերքին, դրանք նույնպես իրենց փոքր չափերի պատճառով բավականին պարզունակ են։ Մենք այժմ աշխատում ենք ավելի բարդ, բայց ավելի ճշգրիտ զինամթերքի վրա։

– Անօդաչու թռչող սարքերը, որոնք Հայաստանում արտադրվում են կամ նախագծվում են, դրանք հենց Հայաստանո՞ւմ են ամբողջությամբ հավաքվում։ Դետալները տեղակա՞ն են, թե՞ ոչ։

– Իհարկե, չի կարելի խուսափել որոշ ռադիոէլեկտրոնային համալրող մասերի ներկրումից, սակայն մեր մշակումներում մենք աշխատում ենք հետևել «հնարավորինս ավելի շատ Հայաստանում» սկզբունքին։ Ե՛վ պլաններների մասով, և՛ ծրագրային ապահովման մասով, և՛ զինամթերքի մասով մենք միանշանակ ամեն ինչ անում ենք Հայաստանում։ Ինչ վերաբերում է ռադիոէլեկտրոնային մասերին, ապա դրանց նախագծային աշխատանքների մեծ մասը նույնպես կատարվում է Հայաստանում։ Ցավոք սրտի, չունենք ռադիոէլեկտրոնային բաղադրիչ մասերի արտադրություն Հայաստանում, սակայն հուսով եմ՝ շուտով մենք էլ կունենանք։

– Այս ոլորտում շատ վաղուց եք աշխատում ու արդեն ղեկավարում եք ոլորտը։ Հայկական ռազմական արդյունաբերությունը, ընդհանուր առմամբ, ո՞ր ուղղությունների վրա է շեշտը դնում։ Ի՞նչ կարող ենք արտադրել, և ի՞նչ չենք կարող։

– Ռազմարդյունաբերությունում կա երկու հիմնական սկզբունք (ինչը վերաբերում է Հայաստանի ռազմարդյունաբերությանը)՝ բավարարել բանակի կարիքը, այսինքն՝ արտադրել այն, ինչի կարիքը բանակն ունի, և հնարավորինս նվազեցնել ներկրումը արտերկրից։ Եվ այդ ուղղությամբ, իհարկե, կան նաև սահմանափակումներ։ Օրինակ, զրահատանկային տեխնիկայի կամ ավիացիոն, մեծ ավիացիոն տեխնիկայի ուղղությամբ մենք չունե՛նք արտադրական հզորություններ Հայաստանում և երկար ժամանակ դեռ չենք ունենալու։ Այսինքն, նման ուղղությունները մեզ համար, եթե նույնիսկ համարենք, որ հնարավոր են, ապա շատ հեռավոր ապագայում։ Ինչ վերաբերում է մյուս ուղղությանը, բանակի կարիքները անմիջականորեն բավարարելու ուղղությունից բացի, մենք միշտ նայում ենք, թե ինչ կարող ենք արտադրել, որը կարող է ունենալ սպառում կամ պահանջարկ այլ շուկաներում։ Ունենք մեծ քանակի ընկերություններ, բավականաչափ ընկերություններ, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման, ռադիոէլեկտրոնային սարքավորման, նույնիսկ որոշ մեխանիկական արտադրություն, որը կարող է պահանջարկ ունենալ և ունի՛ պահանջարկ արտերկրում։ Եվ մեր զարգացման ուղղությունը տեսնում ենք հիմնականում դրանում… Այսինքն՝ այն, ինչ կարող է վաճառվել այլ շուկաներում, պահանջարկ ունի այլ շուկաներում, դա մենք համարում ենք զարգացման ուղղություն։

– Դուք կանգնած եք ակունքներում մի ծրագրի, որով նախատեսվում էր հենց կառավարել կամ գուցե համակարգել արտահանում-ներկրումը։ Ի՞նչ եղավ այդ ծրագիրը, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել։ Եվ ընդհանրապես, ինչքա՞ն են հայկական արտահանման ծավալները ։

– Արտահանման ճշգրիտ ծավալներ չեմ կարող բացահայտել, որովհետև պետք է նշեմ, որ ընդհանրապես զենքի և՛ պահանջարկը, և՛ մոդելները, և՛ նույնիսկ վերանորոգման քանակը գաղտնիք է պետական։

– Իսկ բավարա՞ր է, քանակը Ձեզ բավարարո՞ւմ է։

– Երբե՛ք չի բավարարելու։ Մենք գտնվում ենք մի վիճակում, որ և՛ մեր սեփական պահանջները, և՛ մեր զարգացման կարիքները լինելու են անբավարար դեռ շատ երկար ժամանակ։ Մենք որպես պատերազմող երկիր (պետք է ընդունենք, որ պատերազմող երկիր ենք։ Խաղաղության մոտ պայմանները Երևանում և հարաբերական անդորրը սահմաններում չեն նշանակում, որ չենք պատերազմում) մեր սեփական զենքի կարիքները և նաև մեր զարգացման պահանջարկը և հրամայականը լինելու են դեռ շատ խիստ կտրուկ շեշտադրված՝ դեռ բավականին երկար ժամանակ։

Արտահանման հետ կապված մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում՝ հայկական արտադրությունը այլ շուկաներում ներկայացնելու և արտասահմանյան գնորդների, արտասահմանյան զինվորականների շրջանում դրա նկատմամբ հետաքրքրությունը խթանելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, արդեն երկու ռազմարդյունաբերական ցուցահանդես կազմակերպել ենք Հայաստանում՝ ArmHiTec անվան տակ։ Այս տարի՝ մարտին, տեղի ունեցավ երկրորդ ցուցահանդեսը, որը նախորդի համեմատ ավելի լայն էր և՛ հայկական, և՛ արտասահմանյան ընկերությունների ներկայացվածությամբ, ինչպես նաև ներկայացված նմուշների բազմազանությամբ։

Եվ տարեց տարի մենք մասնակցում ենք արտերկրում կազմակերպվող ռազմական և ռազմարդյունաբերական ցուցահանդեսների։ Որպես կանոն դա Ռուսաստանում՝ Մոսկվայում, կազմակերպվող «Արմիա» ցուցահանդեսն է։ Ի միջի այլոց, օգոստոսի 21-ին բացվում է «Արմիա-2018»-ը, որտեղ մենք ներկայացված ենք է՛լ ավելի լայն ցուցադրությամբ, քան նախորդ տարիներին։ Եվ ծրագրեր կան՝ մասնակցելու տարածաշրջանի այլ ռազմարդյունաբերական ցուցահանդեսների, մասնավորապես 2019 թվականի փետրվարին կազմակերպվող «IDEX» ցուցահանդեսին Արաբական Միացյալ Էմիրություններում, որին պլանավորում ենք արդեն մասնակցել ոչ թե որպես այցելու, այլ որպես ցուցադրող։

– Կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել, թե «Արմիա»-ի ընթացքում ինչ սպառազինություն կամ գուցե երկակի նշանակության ապրանքներ եք ներկայացնելու։

– «Արմիա»-ի ընթացքում ներկայացվելու է անօդաչու թռչող սարքերի հինգ տեսակ, որոնք այս պահին գտնվում են սպառազինությունում կամ մշակման վերջին փուլերում։ Ինչ վերաբերում է այլ տեսակի սպառազինությանը, պիտի ասեմ, որ երկակի նշանակության չկա, միայն սպառազինություն ենք ներկայացնում՝ ռադիոէլեկտրոնային ու օպտիկաէլեկտրոնային պայքարի միջոցներ, փոքրածավալ ռադիոլոկացիոն սարքավորում, ներկայացնում ենք ինժեներական-սակրավորական սարքավորում և այլն։

– Կարո՞ղ ենք ասել, որ հենց սրանք են այն ուղղությունները, որոնց վրա շեշտը դնում եք։

– Միանշանակ։

– Ինչո՞ւ։

– Նախ պետք է ասել, որ դրանք տեխնոլոգիապես բարդ սարքավորումներ են։ Եվ այսօր կա մի գրված կանոն, որ ինչքան ավելի տեխնոլոգիական և ինչքան ավելի բարդ է զենքը, այնքան ավելի արդյունավետ է նրա կիրառումը։ Ինչո՞ւ, որովհետև տեխնոլոգիական բաղադրիչը բերում է զենքի ճշգրտության, հեռահարության, խափանումների նկատմամբ հակազդեցության մեծացման, որը դրական է ազդում նրա կիրառման արդյունավետության վրա։ Եվ մենք շեշտը դնում ենք հենց տեխնոլոգիական ուղղության վրա, որովհետև դա բերում է նաև ավելի մեծ հավելյալ արժեք, և, հետևաբար, ընկերությունների համար ավելի շահավետ է լինելու դրա վաճառքը արտասահմանում։

– Շահավետության մասին խոսենք։ Հայկական բանակը չի կարող այնքան պատվեր տալ, որ ընկերությունները կարողանան միայն հայկական բանակին մատակարարելով շահույթ ստանալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

– Միանշանակ։

– Եվ դուք դրա համար օգնում եք արտահանելուն։

– Խթանում ենք արտահանումը։

– Դուք նշեցիք, որ զրահատանկային տեխնիկա չենք կարող արտադրել։ Ես մի օրինակ ասեմ մեր նման երկրից՝ Վրաստանից, որտեղ արտադրել են զրահապատ մեքենաներ և արտահանել են Սաուդյան Արաբիա։ Ո՞րն է պատճառը, որ այնտեղ կարողանում են, իսկ մենք չենք կարողանում։

– Կարողանալը դեռ մի քիչ վերապահումներով է պետք ասել, որովհետև մի փոքր խմբաքանակ է ընդամենը արտադրվել, արտահանվել, և մեր ունեցած տեղեկություններով՝ ոչ այնքան հաջող։ Բայց Վրաստանը, ի տարբերություն մեզ, ունի զարգացած սև մետալուրգիա, որը զրահատանկային տեխնիկայի համար անհրաժեշտ պայման է։ Անհրաժեշտ, բայց դեռ ոչ բավարար։ Ինչ վերաբերում է մեր սեփական արտադրությանը զրահատանկային տեխնիկայի, մեր ունեցած քանակը բավարար է մեր տեղանքում պատերազմ վարելու համար։ Այստեղ գաղտնիք չկա։ Բայց մեր առջև դրված է խնդիր այդ տեխնիկան մշտապես պահել մարտունակ վիճակում, որին կոչված է մեր արտադրությունը, մեր արդյունաբերությունը։ Վերանորոգող ձեռնարկությունները աշխատում են նաև ունեցած տեխնիկան մարտունակ պահելու ուղղությամբ։

– Հայկական բանակը չի կարող բավարար քանակով պատվեր տալ ընկերություններին։ Այդ դեպքում ինչո՞ւ ընկերությունները պետք է գործեն Հայաստանում։ Այսինքն, ինչո՞ւ նրանք պետք է շահագրգռված լինեն բանակին առաջարկելու մի բան, որը գուցե մերժվի կամ գուցե դրսից ավելի էժանով գնվի։

– Ասեմ մի բան՝ մշակվող նմուշներից ընդամենը 1/10-ն է վերջում մտնում սպառազինություն, ընդհանրապես աշխարհում։ Ռազմական արդյունաբերությունը բավականին մրցունակ ոլորտ է, և չկա մի ուղղություն, բացի գուցե ստրատեգիական ռմբակոծիչ ավիացիայից և միջուկային հածանավերից կամ սուզանավերից, որտեղ չկա մրցակցություն։ Մնացած բոլոր ոլորտներում՝ լինի դա կործանիչ ավիացիա, գրոհային, զրահատանկային տեխնիկա և այլն, միշտ կա մրցակցություն և, հետևաբար, կա հավանականություն, որ մշակված տեխնիկայի, նոր տեխնիկայի նմուշը ի վերջո չի ընդունվի սպառազինության։

Ինչ վերաբերում է հայկական ընկերությունների շահագրգռվածությանը, մենք ունենք մե՛կ շահագրգռվածություն՝ մեր սեփական երկրի անվտանգությունը, մեր սեփական երկրի պաշտպանությունը, և սեփական ռազմարդյունաբերությունը դրա երաշխավորներից և գրավականներից մեկն է։ Այսինքն՝ մենք չունենք այլընտրանք սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու։ Ընկերությունների աշխատանքի արդյունավետության հետ կապված՝ իհարկե ոչ ոք չի ստիպում որևէ մեկին մտնել ռազմարդյունաբերական ոլորտ և գործել այնտեղ ի վնաս իրեն։ Այսինքն՝ ընկերությունները, մանավանդ առևտրային ընկերությունները, որոնք ուզում են զբաղվել ռազմարդյունաբերությամբ, իրենք պետք է գնահատեն իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Եվ քանի որ գործում են Հայաստանում, առաջին սպառողը հայկական բանակն է։

Բայց կան ընկերություններ՝ Հայաստանում գործող, որոնք ընդհանրապես բանակից պատվեր չեն ստանում, որովհետև դրա կարիքը չկա։ Ունեն արտադրանք, որը ավանդաբար մատակարարվում էր ռուսական կամ ուկրաինական ռազմարդյունաբերական ընկերություններին, և կարելի է ասել, որ առնվազն ռուսական ընկերությունների մասով շարունակվում է ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Այսինքն, ունենք հայկական ընկերությունները, Հայաստանում գործող ձեռնարկություններ, որոնք մատակարարում են ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններ իրենց արտադրանքը։ Դրանք գերակշիռ մասով բաղադրիչ մասեր են, այսինքն՝ վերջնական զենք կամ սպառազինություն կամ ռազմական տեխնիկա չի մատակարարվում, մատակարարվում են դրա բաղադրիչ մասեր, բայց դա նույնպես կազմում է ռազմարդյունաբերական արտադրանք և արտահանվում է, ինչպես ասացի, Ռուսաստանի Դաշնություն։

– Երկու-երեք օրինակ կարո՞ղ եք ասել՝ ինչ արտադրանք է դա։

– Դա ավանդաբար մեր ռադիոէլեկտրոնիկայով զբաղվող ընկերություններն են, մանավանդ նաև պետական։ Մատակարարվում է որոշ տեսակի ճշգրիտ սարքավորում՝ չափիչ սարքավորում՝ ռադիոէլեկտրոնային մեծ սպառազինության համար, դրանք ցուցադրվել են, անկյունի թվային փոխակերպիչներ են, որոնք մատակարարվում են այսօր ռուսական ընկերություններին։

– Ռուսաստանից, Ուկրաինայից և այսպես ասենք, ավանդական մյուս գործընկերներից բացի, մյուս ո՞ր պետություններին ենք արտադրանք, բաղադրիչ մասեր մատակարարում։

– Եվրոպական որոշ երկրներ արտահանվում է արտադրանք, չնշեմ, թե որ։ Բայց մենք որպես հեռանկարային շուկա դիտում ենք Միջին Արևելքը, որտեղ ավանդաբար մեծ է սպառազինությունների շուկան, և կարծում ենք՝ այնտեղ տեղ կգտնենք նաև վերջնական արտադրանքի տեսքով։ Ունենք որոշակի հետաքրքրվածություն և՛ անօդաչու թռչող սարքավորումների մասով, և՛ ռադիոլոկացիոն կայանների մասով, և կարծում ենք, որ այնտեղ կգտնենք որոշակի հետաքրքրություն և մոտ ապագայում կարտահանենք։

– Վստահ եմ՝ այնտեղի շուկան ուսումնասիրել եք։

– Այո։

– Եվ մրցակիցներին էլ, երևի թե, ծանոթ եք։

– Բավականին։

– Պատրա՞ստ եք մրցել նրանց հետ, օրինակ՝ հաշվի առնելով, որ թուրքական խոշորագույն «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը նույնպես արտադրում է էլեկտրոնիկա և կենտրոնացած է հենց այդ ուղղության վրա։

– Տեսեք, մեր մրցակցային առավելությունը կայանում է նրանում, որ մենք լինելով կարիքավոր երկիր և ունենալով միջոցների սղություն, ուշադրություն ենք դարձրել այնպիսի տեխնիկայի, որը չի լինի թանկ, բայց միևնույն ժամանակ կունենա առավելություն, այդ թվում՝ նաև ռուսական տեխնիկայի նկատմամբ։ Ռուսական տեխնիկան, գիտեք, բավականին մրցունակ է, և մենք ունենք այդ ներքին մրցակցությունը ներկրման և տեղի արտադրության միջև։

Եվ կարող եմ ասել, որ առնվազն անօդաչուների մասով և ռադիոլոկացիոն կայանների մասով ունենք հաջողված մշակումներ, որոնք այսօր մրցակցում են ռուսական տեխնիկայի հետ, իսկ վաղը մրցակցելու են միջինարևելյան շուկայում և՛ ամերիկյան, և՛ ֆրանսիական, և՛ Ձեր ասած թուրքականի հետ։ Համոզված եմ, որ մրցունակ են լինելու։

– Մեր բանակի սպառազինության մեջ որքա՞ն է տեղական արտադրանքի ծավալը։ Նախկինում հնչել են թվեր՝ 23-25 տոկոս։ Ի՞նչ դինամիկա կա այստեղ։

– Աճի։

– Որքա՞ն։

– Դեռ 50 տոկոսից պակաս է, բայց Ձեր նշած թվերից արդեն ավել։

– Մոտենում է 50 տոկոսի՞ն։

– Մոտենում է 50 տոկոսին։ Մենք նշաձողը դրել ենք 50 տոկոս՝ մոտակա երեք տարվա ընթացքում՝ իհարկե հանելով այնտեղից այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք հեռահար և ճշգրիտ հրթիռներն են և ավիացիոն տեխնիկան, որովհետև եթե մենք նաև դա հաշվի առնենք, դեռ երկար ժամանակ առնվազն գնային առումով չենք մոտենա այդ 50 տոկոս նշաձողին։

– Բացի անօդաչու հենց թռչող սարքերից, Դուք կարծեմ նշել եք, որ ընդհանրապես ինքնակառավարվող զենքը Ձեր նախընտրած կամ ձեր համար հեռանկարային ուղղություններից են։

– Այո։

– Այս պահին այդպիսի ի՞նչ տեխնիկա կա, որ կարող եք ընդունել։

– Ցուցահանդեսին ներկայացված էին հեռակառավարվող կրակակետ և ռոբոտացված շարժական պլատֆորմ։ Մենք հիմա աշխատում ենք դրանց հետագա կատարելագործման ուղղությամբ։ Պիտի ասեմ, որ հեռակառավարվող զենքը և ռոբոտացված պլատֆորմները այսօր աշխարհում բավականին լայն տարածում են գտնում։ Իհարկե, կան որոշ իրավական և բարոյական նորմեր։

Այսօր կարդացի նորություններում, որ Ռուսաստանը դեմ է ավտոմատ մահազու զենքի ամբողջական արգելքին, բայց մենք չունենք այլընտրանք, քան զինվորին հանել կրակի անմիջական գծից։ Եվ պետք է նշեմ մի փաստ, որ մենք արդեն ունենք նման փորձ, որ երբ օգտագործողը անմիջականորեն իր վրա չի զգում հակառակորդի կրակի ներգործությունը, նրա հոգեբանական վիճակը և գործողությունների ճշգրտությունը անհամեմատելի են այն իրադրության հետ, երբ նա անմիջականորեն գտնվում է կրակի ներգործության գոտում։

– Ձեր ասածից կարող եմ ենթադրել, որ այդպիսի սարքեր, այդպիսի համակարգեր փորձարկվել են հայկական զինված ուժերում։

– Նաև կան, օգտագործվում են։

– Ի՞նչ բնույթի են դրանք, կարո՞ղ եք ասել:

– Հեռակառավարվող կրակակետեր՝ ոչ նրանք, որ ցուցադրվել են։

– Մի խնդրահարույց հարց։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները …

– Արդի տեխնոլոգիաների … առաջադեմ։

– Հաճախ քննադատում են նախարարությանը, որ նախարարությունը չի համագործակցում իրենց հետ կամ նախարարությունը չի վերցնում իրենց արտադրանքը։ Նախարարությունից միշտ պատասխանում են … Բայց այս խնդիրը կա։ Այսինքն՝ մի քանի տարի շարունակ այսպիսի «հակամարտություն» կա։ Կասե՞ք՝ ո՞րն է ի վերջո սկզբունքային հակասությունը և ի՞նչ լուծում եք տեսնում սրան։

– Ասեմ մի բան, որ սկզբունքային հակասությունը վերացվել է՝ այն իմաստով, որ մենք հիմա համագործակցում ենք նաև պայմանագրային հիմունքներով, համագործակցում ենք Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մաս կազմող ընկերությունների հետ։ Եվ չեմ գտնում, որ նրանք երբևէ պետք է բավարարված լինեն համագործակցության մակարդակով։ Այսինքն, գտնում եմ, որ այդ ոլորտը զարգանում է և միշտ զարգանալու է ավելի արագ, քան մեր կարիքները և մեր անմիջական գնումների առարկաները։ Սպառազինությունը և ռազմական տեխնիկան բավականին կոնսերվատիվ ոլորտ է, և դեռ երկար մնալու է այդպիսին, որովհետև այն պահանջները, որոնք ներկայացվում են զենքին և նմանօրինակ տեխնիկային, միշտ ավելի խիստ և միշտ ավելի սահմանափակված են լինելու կիրառվող տեխնոլոգիաների, նյութերի և բաղադրիչ մասերի մասով, քան քաղաքացիական տեխնիկան։

Ձեռնարկությունների միությունը հիմնականում աշխատում է քաղաքացիական շուկայում։ Եվ մենք նախորդ երկու տարիների ընթացքում իրենց հետ շատ ակտիվ աշխատել ենք՝ նաև փոխադարձաբար կրթվելու ուղղությամբ, որպեսզի և՛ այդ ձեռնարկությունները հասկանան, թե ինչ բան է զենքը, ինչ բան են դրան ներկայացվող պահանջները, և՛ մենք ինքներս հասկանանք, թե որոնք են ռազմարդյունաբերական ոլորտում նրանց հիմնական հնարավորությունները ներգրավվելու։ Եվ ինչպես արդեն ասացի, ունենք պայմանագրված առարկաներ, որոնց ուղղությամբ կատարվում են աշխատանքներ։

Իհարկե, այստեղ կա և լինելու է միշտ փոխադարձ վստահության հարցը։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ։ Եվ կարծում եմ, որ եթե հետևել եք վերջին ամիսների արձագանքներին, վերջին ամիսների հայտարարությունների տոնին, զգացել եք, որ դրական միտում կա այդտեղ։

– Հիմա՝ օգոստոսին, քննարկվել է կամ քննարկման փուլում է բյուջեի նախագիծը։ Վերջին տարիներին ռազմարդյունաբերության ոլորտին տրվող գումարները շատ քիչ են փոխվել։ Կարծեմ նախորդ տարի էր, որ դրանք կրկնապատկվեցին։ Հիմա ի՞նչ կա այս ոլորտում, կարո՞ղ եք ասել։

– Կարող եմ ասել։ Ձեր ասածը վերաբերում է գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական աշխատանքների բյուջեին։

– Այո՛։

– Անցած շաբաթ կառավարությունում քննարկվում էր պաշտպանական բյուջեն, և մենք ևս մեկ անգամ շեշտեցինք, որ կարիք կա այդ գիտահետազոտական աշխատանքների բյուջեի ավելացման։ Դա դեռ քննարկման առարկա է, և ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը դրական մոտեցում կցուցաբերի, առավել ևս, որ ռազմարդյունաբերությունը հանդիսանում է կառավարության ծրագրի առաջնահերթ կետերից մեկը։

Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին, արդեն նշեցի, որ կա դրական դինամիկա, և մենք գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ աշխատում ենք այն ուղղությամբ, որ հայկական արտադրանքը, տեղական արտադրանքը ավելի ու ավելի ներկայացված լինի պաշտպանական բյուջեում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը

17:48 14.05.2024

Տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը

Այսօր ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից: Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների […] ...

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

17:30 14.05.2024

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի – Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ […] ...

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:06 14.05.2024

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն […] ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են․ ՊՆ

15:24 14.05.2024

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են․ ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

15:13 14.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու […] ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

BACK_TO_TOP