Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքների ղեկավարների ժպ-ները ձգտել են ապահովել համայնքներում իրենց օգտին վարչական ռեսուրսի ձևավորումը. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքների ղեկավարների ժպ-ները ձգտել են ապահովել համայնքներում իրենց օգտին վարչական ռեսուրսի ձևավորումը. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը

11:18 30.03.2023

2023թ. մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում: Ընտրությունների տարածքը ներառում էր 55 բնակավայր: Երկու համայնքներում էլ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չկայացավ, ինչի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններ չձևավորվեցին։

Անի համայնքում նախորդ ընտրություններին առաջադրված 3 քաղաքական ուժերի փոխարեն այժմ առաջադրվել էին 4-ը: Կրկին, համայնքի ղեկավարի նույն թեկնածուներով, առաջադրվել էին ՔՊ (63 թեկնածու) և «Հայկական երազանք»(32 թեկնածու) կուսակցությունները, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի նախորդ ընտրություններին առաջադրված ցուցակի առաջին (համայնքի նախկին ղեկավար՝ Արտակ Գևորգյանը) և երկրորդ համարի թեկնածուները առաջադրվել էին առանձին՝ «Ազգ-համայնք» (63 թեկնածու) և «Իմ հզոր համայնք» (37 թեկնածու) կուսակցությունների դաշինքների ցուցակներով:

Սիսիան համայնքում նախորդ ընտրություններին առաջադրված 5 կուսակցությունների և 2 կուսակցությունների դաշինքների փոխարեն առաջադրվել էր ընդամենը 3 կուսակցություն։ ՔՊ (63 թեկնածու) կուսակցությունը կրկին առաջադրվել էր համայնքի ղեկավարի նույն թեկնածուով, նախորդ անգամ «Զարգացող համայնք» կուսակցությունների դաշինքի կազմում ընտրություններին մասնակցող ՔՈ ՍԴԿ-ն (30 թեկնածու) այս անգամ առաջադրվել էր առանձին, իսկ Հայաստանի Հանրապետական Կուսակցության (32 թեկնածու) ցուցակն առաջնորդող թեկնածուն ընդհանրապես չէր առաջադրվել նախորդ աշնան ընտրություններին:

Երկու համայնքներում էլ ՔՊ կուսակցության ցուցակը առաջնորդում էին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարները: Սիսիանում Արմեն Հակոբջանյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել դեռևս 2021թ. օգոստոսին, իսկ Արման Սարիբեկյանը Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ ընտրված ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության չկայանալու հետևանքով ՝ 2022թ. դեկտեմբերին:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը այս երկու համայնքներում չի իրականացրել երկարաժամկետ դիտորդություն, ինչի հետևանքով քարոզչության փուլի և մինչ քարոզչության մեկնարկը համայնքներում քաղաքական գործընթացների, ինչպես նաև չարաշահումների վերաբերյալ չունի սեփական տեղեկություններ: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ տարբեր անկախ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, երկու համայնքներում էլ վերջին կես տարվա ընթացքում էականորեն փոփոխվել է բյուջետային հաստատությունների աշխատակազմը, և այդ փոփոխությունների ընդհանուր տրամաբանությունը կրկնում է նախորդ համայնքային իշխանությունների հետ որևէ կերպ (երբեմն զուտ բարեկամական կապերով) փոխկապակցված անձանցից ազատվելու՝ փոխարենը «սեփական թիմի» անդամներին այդ հաստիքներում տեղավորելու փորձը: Այլ կերպ ասած, ժամանակավոր պաշտոնակատարները ձգտել են հնարավորինս ապահովել համայնքներում իրենց օգտին վարչական ռեսուրսի ձևավորումը:

Ակնհայտորեն համայնքներում իրականացվող ընթացիկ շինարարական աշխատանքները, պետական և համայնքային ռեսուրսների տիրապետումը, սուբվենցիոն ծրագրերը, բարենորոգման և այլ աշխատանքները որոշակի իմաստով բնական առավելություն էին տալիս փաստացի իշխանություն ունեցողող ՔՊ կուսակցությանը։ Ավելին, Անի համայնքում նման աշխատանքներն իրականացվում և քարոզչական նպատակներով էին ներկայացվում նաև պաշտոնական քարոզչության ժամանակահատվածում և դրանց քարոզչության նպատակներին ծառայեցնելը, առերևույթ հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․8 հոդվածով նախատեսված խախտմանը` նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործում։

Քվեարկության օրվա դիտարկումների ամփոփում

Երկու համայնքներում ընտրությունների համար կազմավորվել էր 61 տեղամաս, Անկախ դիտորդ դաշինքը հետևել է ընտրությունների ողջ ընթացքին 8 շրջիկ խմբերի միջոցով:

Հանձնաժողովի առավոտյան նիստ (7:00-8:00)
Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 61 տեղամասերից 15-ում:

Դիտարկված տեղամասերում նիստը մեկնարկել էր ժամանակին, միայն մեկ դեպքում 10 րոպե ուշացումով: Հանձնաժողովների ուշացող 4 անդամները ներկայացել էին տեղամաս նիստերի ընթացքում մինչև տեղամասերի բացումը: Դիտարկված բոլոր նիստերը անցել են առանց միջադեպերի, հանձնաժողովների անդամների գործառույթները սահմանվել են վիճակահանությամբ, չի արձանագրվել տեխնիկական սարքերի միջոցով քվեարկողների բացակայությունը հաստատող տեղեկանքի տպման հետ կապված որևէ խնդիր: Ընթացակարգի ոչ էական խախտում է արձանագրվել 2 տեղամասերում: Դիտարկված տեղամասերից 3-ում քվեախցիկների դիրքը այնպիսին էր, որ կարող էր խաթարվել քվեարկության գաղտնիությունը, սակայն դիտորդների կողմից խնդիրը բարձրաձայնելու արդյունքում խնդիրը շտկվել էր մինչև քվեարկության մեկնարկը: Վստահված անձինք հետևում էին հանձնաժողովի նիստի ընթացքին տեղամասերից 9-ում, այլ դիտորդ ներկա է եղել միայն տեղամասերից մեկում, իսկ ԶԼՄ ներկայացուցիչներ որևէ տեղամասոմ ներկա չեն եղել:

Հիմնական դիտարկումները քվեարկության ընթացքում

Քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 61 տեղամասերից 54-ը՝ մյուս 7 տեղամասերը չեն դիտարկվել դժվար անցանելի տեղանքի, հեռավորության և միաժամանակ ընտրողների փոքրաթիվ լինելու պատճառով, սակայն դիտորդական թիմը պարբերաբար հետևել է այնտեղից կատարվող հեռարձակմանը:

Դիտորդներն իրականացրել են տեղամասային կենտրոնների (ՏԿ), քվեարկության սենյակների և հանձնաժողովի անդամների աշխատանքային պայմանների վերաբերյալ դիտարկումներ:

ՏԿ-երի մեծամասնությունում (72,7%) դեպի տեղամասային կենտրոն տանող ճանապարհը հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվար անցանելի է գնահատվել, իսկ ՏԿ-ի մուտքն անմատչելի է եղել 81,8% դեպքերում: 7 ՏԿ-երում քվեարկության սենյակն առհասարակ տեղակայված էր շինության 2-րդ հարկում, իսկ ևս երկու դեպքում քվեասենյակը կահավորված է եղել բեմի վրա՝ ինչը լրացուցիչ և չհիմնավորված խոչընդոտ է ստեղծել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար: Բոլոր հանձնաժողովներին տրամադրվել էին բրայլյան տառատեսակով կաղապարներ, որոնք կոչված են հնարավոր դարձնել վատ կամ թույլ տեսողությամբ անձանց ինքնուրույն քվեարկությունը։ Չնայած Դաշինքին հայտնի չի դարձել այդ կաղապարների միջոցով քվեարկության որևէ դեպք, որոշ տեղամասերում նկատվել է, որ կաղապարում էջերի հերթականությունը սխալ է դրված:

Քվեարկության սենյակներում լուսավորությունը անբավարար է գնահատվել դիտարկված ՏԿ-երի 16,7%-ում, իսկ քվեախցիկում՝ դիտարկված ՏԿ-երի 11,9% ում: Քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից կահավորումը անբավարար է գնահատվել դիտարկված տեղամասերից 4-ում:

Աշխատանքի կազմակերպման տեսանկյունից քվեասենյակների կահավորումը բավարար հարմարավետ է համարվել 80% դեպքերում, իսկ ընդհանուր տարածքը 86% դեպքերում։ Այսինքն դիտարկված անբավարար դեպքերի մի մասում տարածքը հնարավորություն էր տալիս ավելի լավ կահավորել քվերակության սենյակը։ Հաշվի առնելով տեղամասային կենտրոնում հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում տևականորեն գտնվելու իրավունք ունեցող անձանց համար արժանապատիվ պայմանների ապահովման կարևորությունը՝ գնահատվել է նաև քվեասենյակի ջերմաստիճանը և տարածքում սանհանգույցի առկայությունը։ Քվեասենյակի ջերմաստիճանն անբավարար է համարվել 34% դեպքերում և անընդունելի 8% դեպքերում։ Առկա սանհանգույցների պայմաններն անբավարար էին համարվել 30% դեպքերում, իսկ սանհանգույց ընդհանրապես բացակայում էր 8% դեպքերում։ Այս հանգամանքը հատկապես անընդունելի է այն առումով, որ տեղամասային կենտրոնները հիմնականում գտնվում են հանրային նշանակության շինություններում՝ պետական և համայնքային հիմնարկների շենքերում։

Այս ընտրություններում նկատված ամենաանմխիթար վիճակում գտնվող տեղամասային կենտրոններից էր Դաստակերտ բնակավայրի Հայփոստի շինությունը /տե՛ս ստորև/։

 

Հանձնաժողովները 94,8% դեպքերում պատրաստակամ էին շտկել դիտորդների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Արձանագրենք, որ դիտարկված հանձնաժողովների12,1%-ում նկատվում էր ընթացակարգերի ոչ բավարար իմացություն։ ՏԸՀ-ների անդամների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացներին ոչ բոլոր անդամներն էին մասնակցել (այդ թվում նաև նախագահներից), իսկ հանձնաժողովների 43,7% հայտնել են, որ չեն վերապատրաստվել հաշմանդամություն ունեցող ընտրողներին աջակցելու թեմաներով կամ նրանց գիտելիքները անբավարար էին գնահատվել դիտորդների կողմից:

Համամասնական ընտրակարգում քվեարկության կարգը չափազանց պարզեցված է։ Քվեաթերթիկի համարը գրված է մեծ տառաչափով։ Ընտրողը քվեարկում է միայն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով՝ առանց որևէ նշում կատարելու։ Մեխանիզմի պարզության մասին է վկայում նաև չիմացության արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկների գրեթե բացակայությունը։ Երկու համայնքներում ընտրությունների ընթացքում շուրջ 580 ընտրող (մասնակիցների 2.7%-ը) քվեարկությունն իրականացրել է այլ անձանց օգնությամբ: Չնայած դիտարկված դեպքերի բացարձակ մեծամասնությունում օգնող անձանց ցուցակը պատշաճ էր վարվում հանձնաժողովի գրանցամատյանում, դիտորդները ականատես են եղել դեպքերի, երբ օգնություն ստացող անձը ինքնուրույն է կատարում տեղամասում բոլոր գործողությունները՝ բացառությամբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու, ինչի հետևանքով համոզմունք է ձևավորվում, որ գրանցված օգնողն իրականում վերահսկում էր ընտրողի քվեարկությունը։ Նկատվել են են նաև դեպքեր, երբ հանձնաժողովի անդամների ճշտող հարցին ի պատասխան ընտրողները հրաժարվել են օգնությունից, ինչի արդյունքում հանձնաժողովի նախագահը չի գրանցել «օգնության» նպատակով ընտրողին ուղեկցող անձին: Օգնությամբ քվեարկելու հնարավորությունը շարունակում է մնալ հնարավոր չարաշահումների եղանակներից մեկը: Չնայած Ընտրական օրենսգրքի դրույթներից բխում է, որ օգնողն ինքը պետք է քվեախցիկ հրավիրի օգնողին ու որպես օգնող փաստացի կարող է հանդիսանալ միայն քվեարկության սենյակում այդ պահին ներկա այլ ընտրողը, հաճախ օգնելու մտադրություն ունեցող անձինք ի սկզբանե ուղեկցում են ընտրողին և չեն հանդիսանում այդ տեղամասի ընտրող կամ պարզապես չեն մասնակցում քվեարկությանը այդ ընթացքում։ Այս հարցը չափազանց զգայուն է և անհրաժեշտ է գտնել լուծում, որը կբխի իրապես ինքնուրույն քվեարկել չկարողացող անձի իրավունքներից և միաժամանակ չխախտի օգնության կարիքը չունեցող ընտրողների իրավունքը։ Ընտրական օրենսգիրքը նաև սահմանում է, որ միևնույն անձը միայն մեկ անգամ կարող է օգնել, մինչդեռ առկա իրավիճակում հնարավոր չէ կանխել, որ օգնող անձինք չտրամադրեն այդ ծառայությունը մեկից ավել անգամ՝ տարբեր տեղամասերում:

Չնայած վստահված անձանց գրանցելու ցուցակը պատշաճ չի վարվել դիտարկված տեղամասերից միայն 8,2% դեպքերում, հաշվի առնեով, որ կուսակցության կամ դաշինքի վստահված անձանց ցուցակները որևէ կերպ չեն հրապարակվում, դժվար է գնահատել, արդյո՞ք որպես վստահված անձ են ներկայանում նման իրավունք չունեցող անձինք, որոնք թվարկված են Ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով: Միաժամանակ բավականին հաճախ են նկատվել դեպքեր, երբ տարածքում կան մի քանի վստահված անձինք, որոնցից միայն մեկը քվեասենյակում։ Այս դեպքում քվեասենյակից դուրս վստահված անձի վկայականով անձինք ոչ հեռացվում են տարածքից, որպես կողմնակի անձ, ոչ էլ վստահված անձինք են հանդիսանում: Դիտարկված տեղամասերից 22-ում արձանագրվել է 72 խախտում:

Առավել հաճախ կրկնվողներն էին.

• գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայությունը (16 դեպք),

• ընթացակարգային խախտումները (13 դեպք), կուտակումները (12 դեպք)

• ընտրողների ուղղորդումը (10 դեպք),

• իրավասու մարմինների անգործությունը (8 դեպք):

• վիճաբանության և ընտրողների կազմակերպված տեղափոխության երեքական դեպք:

Ընտրությունների արդյունքների վրա ազդող, էական խախտումներ դիտորդական առաքելության կողմից չեն արձանագրվել: Հարկ է նշել,որ կրկնվել են առավել տարածված խախտումները, որոնք արձանագարվել կամ նկատվել են նախորդ երկու տարիներին և մասնավորապես 2022թ․ սեպտեմբերի 25-ին։

Արձանագրվել են նաև դեպքեր, որոնք առաջացնում են մտահոգություններ ընտրական գործընթացներում ներգրավված ուժերի բարեվարքության հետ կապված: Մասնավորապես խոսքը գնում է ՔՊ կուսակցության վստահված անձանց վարքի մասին:

Սիսիանի Վաղատին բնակավայրում ՔՊ վստահված անձը վարել է քվեարկությանը ներկայացած անձանց անվանական ցուցակ, որը ներառում էր այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թվի շուրջ 80%: Խնդիրը դիտորդների կողմից պարզելու ընթացքում հանձնաժողովի նախագահը հապճեպ, առանց որևէ ընթացակարգ պահպանելու, քվեասենյակից հեռացրել է վստահված անձին:

Որոտնավան բնակավայրում հանձնաժողովի նախագահին ՔՊ վստահված անձանց 3 չլրացված վկայական էր տրամադրել կուսակցության թեկնածուներից մեկի որդին՝ իրենց կողմից ներկայացող վստահված անձանց տրամադրելու նպատակով, ինչով փաստացի ներքաշում էր հանձնաժողովի նախագահին կուսակցության շտաբի աշխատանքներում: Թեկնածուի որդին նաև կազմակերպում էր որոշ ընտրողների տեղափոխությունը դեպի տեղամաս:

Շենաթաղում դիտորդական կարճատև այցի ընթացքում ՔՊ վստահված անձը հասցրել էր դիմավորել «օգնող» երկու անձանց իրենց կողմից ուղեկցվող ընտրողների հետ, իսկ ևս երկու ընտրողներին անհայտ պատճառով ուղեկցել է տեղամասային կենտրոնի հետև, ինչից հետո միայն նրանք մտել են քվեարկության:

Շարադրված դրվագներին հարկ է հավելել նաև Սիսիան քաղաքում ՔՊ թեկնածուների, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների, ինչպես նաև թեկնածուների ընտանիքի անդամների մշտական ներկայությունը տեղամասային կենտրոնների շրջակայքում, որը հաճախ հանգեցնում էր նաև կուտակումների օրենքով արգելված 50 մետր շառավղում:

Անի համայնքի Մարալիկի 33/1 տեղամասում ՔՊ վստահված անձը լուսանկարել էր ընտրացուցակների ստորագրած էջերը, ընդ որում, հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդների աշխատանքը՝ հնարավորություն տալով վստահված անձին ջնջել լուսանկարները հեռախոսից:

Մարալիկի 33/3 տեղամասում օրվա տարբեր ժամերին դիտարկվել էր իրավիճակ, երբ ընտրողը ցույց է տալիս ծրարի մեջ դրվող քվեաթերթիկը քվեախցիկի կողքը կանգնած ՔՊ վստահված անձին:

Նույն տեղամասում մինչև դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումը ՔՊ վստահված անձն իր վրա էր վերցրել ընտրողներին քվեարկության կարգը բացատրելու հանձնաժողովի գործառույթը:

Նույն համայնքի Իսահակյան բնակավայրում ՔՊ վստահված անձը նույնպես «զուգահեռ» ցուցակ է վարել, որը պատռել է հանձնաժողովի նախագահը՝ դիտորդների կողմից խնդիրը նկատելուց հետո:

Երկու տեղամասերում ՔՊ վստահված անձինք վիճաբանության մեջ էին մտնում «Հայկական Ժամ» ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Ուշագրավ էր դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի դիտորդների վարքագիծը: Այս դիտորդները «համագործակցում» էին և հավանություն հայտնում ընտրություններին մասնակցող մրցակցող ուժերին, իսկ երբեմն ակամա հանդես գալիս որպես կուսակցական. երկու դեպքում դիտորդները ներկայացել են որպես «Հանրապետական», իսկ մեկ դեպքում վկայականի փոխարեն ցույց են տվել ՀՀԿ կուսակցական տոմսը: Այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի տառացի ընթերցմամբ դիտորդների կուսակցության անդամ լինելը չի հանդիսանում օրենքի խախտում, առնչվելով միայն դիտորդական առաքելության վարքագծի կանոնների և այդ առաքելության դիտարկումների անաչառության հետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP