Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից. Միրզոյան

14:55 03.04.2023

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին:

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նախարար Միրզոյանը նշել է.

«Հարգելի պարոն նախարար,

Հարգելի գործընկերներ,

Նախ, կցանկանայի շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ նախարար Բոգդան Աուրեսկուին, ջերմ ընդունելության և օգտակար քննարկումների համար:

Այսօր մենք հնարավորություն ունեցանք քննարկել Հայաաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ: Մենք ստորագրեցինք երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2023-2024թթ. համատեղ գործողությունների ծրագիրը: Շարունակելով այն ուղին, որ մեր երկրներն անցել են անկախացումից ի վեր՝ մենք հայտնեցինք երկկողմ օրակարգն առավել ամրապնդելու մեր հստակ պատրաստակամությունը: Իրավապայմանագրային բազայի հետագա ընդլայնումը, հաճախակի քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև մշակութային և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացումն, անշուշտ, կծառայեն այդ նպատակին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք քայլեր ձեռնարկել նաև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ամբողջական ներուժն իրացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ձևավորվել են նաև հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր կապերի միջոցով: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Ռումինիայում հայերի կարևոր դերն ու ներդրումը և մեր երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին հայկական համայնքի և նրա մշակութային ու կրոնական ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Դրա վառ օրինկաներից է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:

Հարգելի մասնակիցներ,

Անցնելով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին մեր ընդլայնվող համագործակցության մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեր փոխգործակցության շուրջ:

Կցանկանայի ընդգծել, որ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Նշեմ, որ մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում:

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման՝ պետք է նշեմ, որ մենք անդրադարձանք Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:

Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահաջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը:

Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ։

Հարգելի պարոն նախարար,

Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօրվա անկեղծ զրույցի համար։ Ես իրապես շահագրգռված եմ շարունակել մեր երկխոսությունը՝ նոր լիցք հաղորդելու մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը։

Եվ, ամփոփելով, հարգելի Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Երևան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

18:06 25.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

BACK_TO_TOP