Մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք՝ սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու. Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.9 oC

Մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք՝ սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու. Բեգլարյան

13:13 20.04.2023

Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի երեկվա հայտարարություններին ու շեշտել, որ նա շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը:

«Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ: Նա շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը՝ ավելի ու ավելի ստիպելով մեզ համառ կերպով պայքարելու, իսկ միջազգային հանրությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվության կատարման ուղղությամբ:

1. Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։

Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր…»,-գրել է Բեգլարյանը:

Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը, Բեգլարյանի խոսքով, վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը:

«Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև:

2. Մեջբերում Ալիևից. «Ներկայում իրենց համար կեղծ անուններ հորինած անջատողականները (մեկն իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, մեկ ուրիշը՝ խորհրդարանի ղեկավար), այդ ծաղրածուների խումբը պետք է վերջապես հասկանա, որ մեր համբերության հետ խաղալ չի լինի։ Մենք նրանց տարբեր ճանապարհներով բազմիցս փորձել ենք բացատրել, որ նրանք կամ պետք է մեր խոսքով շարժվեն, կամ էլ այնտեղից դուրս գան։ Այնտեղ ապրող, փաստացի նրանց գերին, պատանդը դարձած հայերին էլ պետք է հանգիստ թողեն։ Վստահ եմ, որ ներկայում Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։ Միայն թե այդ տզրուկները, այդ գիշատիչ կենդանիները չեն թողում, որ այդ մարդիկ հանգիստ ապրեն, 30 տարի նրանց գերու պես են պահում»։

Պատասխան. Չիջնելով բռնապետ Ալիևի մակարդակին և հանրային խոսքում չօգտագործելով վիրավորական պիտակավորումներ՝ նրան խորհուրդ կտայի ուրիշների հասցեին պիտակավորումներ հնչեցնելուց առաջ նայել հայելու մեջ և ինքն իրեն հարց տալ, թե ով հանգիստ չի թողնում բոլոր հայերին, ով է ծծում ոչ միայն հայերի, այլև՝ սեփական ժողովրդի արյունը, ով է գերու և պատանդի պես պահում Արցախի ողջ ժողովրդին առնվազն 130 օր շարունակ, ով է տարիներ շարունակ ռազմագերիներին պահում որպես պատանդներ, ով է ժողովրդավարական իրական ընտրություններով ընտրված, իսկ ով՝ սեփական սահմանադրության նորմերը բազմակի խախտումներով ու բռնաճնշումներով իշխանություն ժառանգած ղեկավար, ով է մարդու իրավունքների ու ժողովրդավարության արյունոտ ու կոռուպցիոն ներկայացումներ խաղում սեփական ժողովրդի ու աշխարհի առջև…»,-գրել է Բեգլարյանը:

Բեգլարյանը շեշտել է, որ Արցախի ժողովուրդը բազմակի անգամ ազատ հանրաքվեներով, ընտրություններով ու հանրահավաքներով ապացուցել է, որ միաձայն կերպով կողմ է անկախությանն ու ազատությանը և որևէ ապագա չի տեսնում ադրբեջանական լծի տակ:

«Մեր ընտրությունն ու կամքը անշրջելի են, որովհետև մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ առանց ուրիշի հայրենիքի վրա աչք դնելու:

3. «Մեջբերում Ալիևից. «Մեր կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել։ Մենք դա ապացուցել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Պետք լինի՝ մեկ անգամ էլ ցանկացած ձևով կապացուցենք»։
Մեկնաբանություն. Սա էլ ուժի կիրառման հերթական սպառնալիքն է, ավելին՝ նույնիսկ կասեի, որ մարդկության դեմ հանցագործության սպառնալիք է, քանի որ հատուկ նշում է «ցանկացած ձևի» մասին: Եվ այս մարդը խոսում է խաղաղության պատրաստակամության, մարդու իրավունքների ու այլ արժեքների մասին:

4. Մեջբերում Ալիևից. «Սակայն նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»:
Մեկնաբանություն. Սա էլ հստակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու ինքնիշխանության դեմ՝ ընդհուպ մինչև Երևանը գրավելու վերաբերյալ: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է հավատալ նման բռնապետին, որ ցանկանում է խաղաղություն և որևէ նկրտում չունի այլ պետությունների ու ժողովուրդների հանդեպ:

5. Մեջբերում Ալիևից. «Առաջինը, այն բանի համար, որ նրանք Հայաստանում՝ թշնամի պետությունում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հավերժական թշնամի պետությունում այդ մեծ հաղթանակը ձեռք բերեցին, թուրքական դրոշը բարձրացրին»:

Մեկնաբանություն. Եվ վերջում այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել: Այս տարիների հանցագործությունների, հայատյացության պետական քաղաքականության և սպառնալիքների համատեքստում դեռ ինքն է զոհի կերպարի մեջ մտնում:

Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում: Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»,-նշված է տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP