16:26 04.05.2023
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը եւ կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:
Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց եւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար:
Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները եւ հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջեւ տարբեր ոլորտներում եւ մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական:
Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու եւ կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար:
Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ի եւ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջեւ ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի եւ ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջեւ համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական եւ համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից:
Կարեւոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի եւ ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ:
Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական եւ սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:
2021 թվականին, այնուհետեւ` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով` ներխուժելով եւ գրավելով մեր ինքնիշխան տարածքները:
Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթեւեկության համար:
Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:
Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:
Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար:
Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:
Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով:
2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առեւտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության եւ տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաեւ ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը եւ թափանցիկության բարձրացմանը:
Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարեւորությունը, ինչպես նաեւ արժեւորում է տարածաշրջանային կապի եւ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա:
Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները եւ օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին եւ վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը:
Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում:
Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության եւ գագաթնաժողովի կազմակերպման համար»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...