17:21 10.05.2023
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ մեծ է հանրային հետաքրքրությունը կամավոր աշխատանքին վերաբերող նախաձեռնության հետ կապված: Նա կարեւորել է այս փուլում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը, որոնցից շատերը լրամշակման արդյունքում կընդգրկվեն նախագծում:
Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. թեեւ կամավորությունն օրենսդրական որոշակի կարգավորումներ ունի, սակայն չկա համապարփակ եւ համընդհանուր իրավական ակտ, որը կսահմանի պետության քաղաքականությունն այս ոլորտում եւ կամավորներին ավելի մոտիվացվելու ու ցանկացած բնույթի կամավորական աշխատանքներում ներգավվելու հնարավորություն կտա:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ լսումների կազմակերպմանն աջակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, որի օժանդակությամբ տարբեր աշխատանքային քննարկումներ են իրականացվել:
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու, նաեւ Կառավարության գործընկերներին` կարեւոր դիտարկումների ու հետադարձ կապ պահպանելու համար:
Խորհրդարանական լսումներին ողջույնի խոսքով հանդես է եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա նշել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի միջոցով, որի գործընկերն է Միջազգային հանրապետական ինստիտուտը:
«Ինստիտուտը մեծ ուշադրություն է հատկացնում միջգերատեսչական համագործակցությանը եւ հաղորդակցությանը, ինչպես նաեւ ներառական ու մասնակցային գործընթացներին եւ այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակն է»,- ընդգծել է Ջեյմս Դե Ուիթը: Զեկուցողն արձանագրել է, որ որպես Ազգային ժողովի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային գործընկեր` Միջազգային հանրապետական ինստիտուտն ակտիվ ներգրավված է եղել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում: «Մենք աջակցել ենք թիրախային խմբերի հետ մի շարք հանդիպումների կազմակերպմանը եւ այսօր հպարտ ենք լինել այստեղ»,- նշել է բանախոսը:
Ջեյմս Դե Ուիթը հույս է հայտնել, որ լսումներն օգտակար կլինեն բոլոր կողմերի համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` ինստիտուտի հետ համագործակցության պատրաստակամության համար:
Ջեյմս Դե Ուիթի խոսքով շահագրգիռ կողմերի կարիքները բավարարող օրենսդրություն ունենալու հարցում Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու օժանդակել եւ զարգացնել կամավորությունը Հայաստանում:
Ըստ փոխնախարարի` թեեւ կամավորության գաղափարախոսությունը վաղուց է զարգացել Հայաստանում` չսպասելով օրենսդրական կարգավորումներին, այնուամենայնիվ, առայսօր չունենք կամավորության մասին օրենք: Նշվել է, որ դեռեւս 2006 թվականից փորձեր են եղել հարցին օրենսդրական կարգավորումներ տալ, սակայն դրանք հաջողության չեն հասել: «Սա առաջին անգամ է, որ օրենքի նախագիծ է հասել Ազգային ժողով` քննարկման»,- ասել է փոխնախարարը:
Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի երկրում կամավորության ինստիտուտի կայացմանը, կրթություն-աշխատաշուկա արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանը, աշխատաշուկայում մրցակցության բարձրացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, կենսակերպին, ինքնակազմակերպվող եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ձեւավորմանը: Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում կամավորության առկա վիճակն ու դրա զարգացմանը խոչընդոտող հանգամանքները:
Օրենքի նախագիծը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները: Ամրագրվում են կամավորության մասին սկզբունքները: Դրանք են` կամավորությամբ զբաղվելու փաստի եւ փորձառության հիմնավորումը, կամավորի աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար աշխատանքային փորձառության համարումը, կամավորի կարգավիճակը, նրանց իրավունքների դատական պաշտպանության եւ այդ մասով պետական տուրքերից ազատումը, ծախսերի հատուցման իրավունքը, նրանց առողջության եւ անվտանգության ապահովման երաշխիքները, նոր գիտելիքների, մասնագիտության փորձառություն ձեռքբերելու հնարավորությունը եւ տեղեկատվական, մեթոդական, խորհրդատվական աջակցութունը:
Փոխնախարարը ներկայացրել է նաեւ կամավորության մասին նպատակները, որոնք 14-ն են: Կամավոր աշխատանք կատարող կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Կամավոր աշխատանք կարող է կատարել 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի: Որոշակի առանձնահատկություններ կան մինչեւ 14 տարեկան եւ 14-16 տարեկաններին կամավորական աշխատանքներում ներգրավելու հարցում:
Կամավորները կամավորական աշխատանքներ պետք է կատարեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի հիման վրա, որը կնքվելու է կամավորի եւ կամավոր ներգրավող կազմակերպության միջեւ:
Կամավորական աշխատանքներում կամավորներին կարող են ներգրավել պետական կառույցները` հանրային իշխանության մարմին, այդ թվում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ կամ հիմնարկ, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող` շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ:
«Կամավորությունն ուղիղ իմաստով աշխատանքային ստաժ չի համարվելու, սակայն կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվելու է աշխատանքային փորձառություն»,- ասել է զեկուցողը:
Օրենքի ընդունմամբ պայմանավորված` մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաեւ մի շարք օրենքներում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պատասխանել է նաեւ մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում առնչվել են օրենսդրական փաթեթի դրույթներին, կամավոր աշխատանքի սկզբուքներին, վարձատրելիությանը, միջազգային փորձը հաշվի առնելուն, կամավոր աշխատողի կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը եւ այլն:
Մինչ օրենքն ընդունվելն արդյո՞ք նախատեսվում է իրազեկման գործընթաց հարցին ի պատասխան` փոխնախարարը նշել է, որ մշակվել է իրազեկման պլատֆորմ, նախատեսվում է իրազեկման արշավ:
Անդրադառնալով նախագծում կամավոր աշխատանքի առավելագույն ժամկետ չսահմանելուն, թե կամավորը որքան կարող է աշխատել մեկ պայմանագրի շրջանակում Ռուբեն Սարգսյանը նշել է, որ կամավորության հիմնական սկզբունքն ազատությունն է, ինչն էլ կարգավորում եւ բացառում է ցանկացած ռիսկ:
Փոխնախարարը նաեւ նշել է, որ կամավոր աշխատանքը համարվելու է աշխատանքային փորձառություն, ոչ աշխատանքային ստաժ: Ըստ նրա` ամեն ինչ արվելու է, որպեսզի գնահատվի կամավոր աշխատանքը:
Ռուբեն Սարգսյանը նաեւ փաստել է, որ օրենքի նախագծում ներառված է միջազգային փորձը:
«Մենք փորձել ենք օրենսդրությամբ չգերկարգավորել ոլորտը, ինչը հնարավորություն է տալու բաց ու թեթեւ իրականացնել կամավոր աշխատանքը»,- ասել է Ռուբեն Սարգսյանը` պատասխանելով բնագավառի օրենսդրությամբ գերկարգավորելու վերաբերյալ հարցին:
Խոսելով կամավոր աշխատանքի վարձատրության մասին` փոխնախարարը նշել է, որ կամավոր աշխատանքը շահույթ չի հետապնդում, այն չի վարձատրվում, իսկ կամավոր աշխատողի կողմից կատարված ծախսերը համապատասխան փաստաթղթի հիման վրա փոխհատուցում է տվյալ կազմակերպությունը, որի հետ կնքվել է պայմանագիր:
Մտքերի փոխանակության մասնակիցները հիմնականում ողջունել ու դրական են գնահատել օրենսդրական փաթեթը, որի մշակման աշխատանքների փորձերը, ըստ Ռուբեն Սարգսյանի, սկսվել են դեռեւս 2006 թվականին:
Հնչել են տարատեսակ առաջարկներ, որոնք վերաբերել են կամավոր աշխատանքը որպես մասնագիտական աշխատանքային ստաժ սահմանելուն, կամավոր աշխատողի խրախուսման հստակ մեխանիզմներ առաջարկելուն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, կամավոր աշխատողի հանգստի համար նվազագույն շեմ սահմանելուն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին ու առաջարկություններին: Նշվել է, որ դրանք եւս մեկ անգամ կդառնան քննարկման առարկա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գլխադասային հանձնաժողովին լսումները կազմակերպելու համար, ընդգծել քննարկմանը հատկապես երիտասարդների եւ դպրոցականների մասնակցության կարեւորությունը: «Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար»,- նշել է փոխնախարարը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկման եւ ներկայացված առաջարկների համար, ընդգծել է կամավոր աշխատանքի օրենսդրության համատեղ մշակման կարեւորությունը: «Ես հիացած եմ քննարկումների որակով»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...