17:24 06.06.2023
Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է փառատոնի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին և նշել, որ խաչատրյանական տարին մեկնարկում է մեծ միջոցառումներով և հագեցած է լինելու աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող ծրագրերով.
«Այս հոբելյանն առիթ է իրականում վերաիմաստավորելու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը, մշտական ամենօրյա աշխատանքի միջոցով միջազգային ասպարեզում ներկայացնելու մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը: Արամ Խաչատրյանն այն անունն է, որի արվեստը շտկում է մեր մեջքը և որի երաժշտության մեջ հայի գաղափարն ու Հայաստանը շատ ավելի մեծ են, քան Հայաստանի աշխարհագրական սահմաններն են: Արամ Խաչատրյանն այն անունն է, որով մենք լիակատար առումով դառնում ենք մեծ մշակութային ընտանիքի, մեծ քաղաքակրթությունների լիիրավ անդամ»:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ հոբելյանական տարվա ընթացքում շատ հագեցած ծրագրեր կիրականացվեն նաև մարզերում. պետական ստեղծագործական կոլեկտիվները բազմաթիվ միջոցառումներով հանդես կգան սահմանամերձ շրջաններում:
Նախարարի տեղակալը շնորհավորել է Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարին և կոլեկտիվին Միացյալ Թագավորության հեղինակավոր հարթակներում խաչատրյանական ստեղծագործությունների փայլուն ներկայացման համար, որին ներկա են եղել ոչ միայն հայ, այլև օտարազգի երաժշտասերները:
Արա Խզմալյանը տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։
Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ մրցույթի բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը: Անվանի ջութակահարը նվագախմբի հետ ելույթներ է ունեցել հունվարին Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերի ընթացքում՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
«Մրցույթը՝ որպես երիտասարդ տաղանդներին բացահայտելու հարթակ, մեծ դեր ունի։ Եվ այսօր շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում՝ լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ, հաղթել են Խաչատրյանի անվան մրցույթում։ Մենք ունենք բազմաթիվ նման օրինակներ, ինչը խոսում է մրցույթի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը, ներկայացնելով մրցույթի ընթացքը, նշել է, որ այն բաղկացած է 3 փուլից, որոնք տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում և Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նա նաև տեղեկացրել է, որ մրցույթի դափնեկիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ փակման գալա համերգի ընթացքում։
Ժյուրիի նախագահ, անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանն էլ ընդգծել է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրեն շատ հոգեհարազատ է, քանի որ կանգնած է եղել մրցույթի ստեղծման ակունքներում։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տարեցտարի թափ է հավաքում և մեծ դեր է կատարում Հայաստանի երաժշտական կյանքում։ Նա նաև ներկայացրել է ժյուրիի կազմը՝ շեշտելով, որ ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Վահագն Պապյան (Իսրայել-Հայաստան), Պավել Գիլիլով (Ավստրիա-Գերմանիա), Ստեֆան Լեմելին (Կանադա), Օքսանա Յաբլոնսկայա (ԱՄՆ), Սիանդոն Կոն (Չինաստան)։ Ժյուրիի նախագահը նաև նշել է՝ լսել է մրցույթի մասնակիցների կատարումները և հաշվի առնելով կատարողական բարձր վարպետությունը՝ համոզվել՝ հետաքրքիր ու մրցակցային մրցույթ է սպասվում։
Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել բազմաթիվ երիտասարդ դաշնակահարներ տարբեր երկրներից, որոնք մրցույթի ընթացքում պայքարելու են խաչատրյանական միջազգային մրցույթի դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 22 դաշնակահարներ 7 երկրից (Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, Ռուսաստանի Դաշնություն)։
Խաչատրյանի անվան մրցույթը կցուցադրվի ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքով: Մրցույթի հաղթողների կատարումները ցուցադրվելու են այդ ալիքի եթերում: Ցուցադրվելու են նաև չինական «Music Today» հարթակում, առցանց հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքէջով:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր ստուգատես է, որն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտրանիում։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների և աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Մրցույթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգի ընթացքում կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահար Ջենիֆեր Փայքը՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...
14:30 11.08.2025
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...