«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման տնտեսական դիվիդենտները. մասնագետները խոսել են հեռանկարների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.49 oC

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման տնտեսական դիվիդենտները. մասնագետները խոսել են հեռանկարների մասին

11:53 21.11.2023

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման պարագայում անհրաժեշտ է մանրազնին դիտարկել մեր տնտեսության կառուցվածքը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է իրատեսորեն գնահատել առկա ներուժն ու ներկայացնել սցենարային հստակ կանխատեսումներ ու բալանսավորված նախագծեր։

Խոսելով նշված ծրագրի իրականացումից բխող դրական կողմերի մասին՝ Մարգարյանն ընդգծեց, որ եթե ապաշրջափակվեն Ադրբեջանից Աղստևով անցնող ճանապարհը, Գյումրի-Կարս երկաթուղին և հարավային ուղղությամբ Մեղրիով անցնող երկաթգիծը, ինչպես նաև Նախիջևանով դեպի Երևան և մեր կողմից Բաքվով դեպի Ռուսաստան տանող ճանապարհները, ապա այդ դեպքում տնտեսական դրական ազդեցությունը կլինի աներկբա։

«Այդ դեպքում բեռնափոխադրումների լոգիստիկ ծախսերը կարող են նվազել, այսինքն՝ հանքարդյունաբերական արտադրանքը, շինանյութը կամ տարատեսակ ապրանքները կարող են ավելի էժան գնով տեղափոխվել։ Երեք տասնամյակ առաջ արտադրական հզորությունների և տնտեսական գործող սխեմաների պայմաններում նման իրավիճակ էր։ Ժամանակին տարբեր գնահատականներ են եղել, խոսվել է մինչև 38 տոկոսի չափով էժան բեռնափոխադրումների մասին, մինչդեռ ներկա լոգիստիկ պայմաններում, երբ այլընտրանքներ չկան, բեռնափոխադրումների ծառայություններն անհամեմատ թանկ են»,- ասաց տնտեսագետը։

Նրա դիտարկմամբ՝ գործընթացը բավականին դինամիկ է, և ծրագրի իրականացման վերաբերյալ գնահատականներ պետք է տա, նախևառաջ, Կառավարությունը։ Մարգարյանի պնդմամբ՝ քաղաքական հավակնոտ հայտարարություններով հանդես գալուն զուգընթաց պետք է բերվեն հիմնավորումներ, թե կոնկրետ ինչ տնտեսական օգուտներ կարող է քաղել երկիրը։

«Եթե խորքային դիտարկենք իրավիճակն ու տնտեսական զարգացումների տեսլականը, ապա անհրաժեշտ է նշել, որ միայն նոր արդյունաբերականացման, տնտեսական նոր ծրագրերի իրականացման դեպքում կլինի շոշափելի արդյունք։ Տնտեսական հնարավորությունները կարող են բազմապատկվել, երբ այդ ծրագրերը լինեն տրանսպորտատար ու բեռնափոխադրումների տեսանկյունից՝ ավելի մեծ պահանջարկ ներկայացնող։ Եթե հանգուցալուծվի ռազմաքաղաքական կոնֆլիկտը և բացվեն տարածաշրջանային բոլոր հաղորդակցական ուղիները, ապա բոլոր կողմերը կշահեն դրանից, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ծայրահեղ ագրեսիվ և սուբյեկտիվ տրամադրությունները՝ նման խաչմերուկի իրականացումն իր մեջ պարունակում է հիպոթետիկ տարր»,- ասաց Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հետագա դիվիդենտներ վաստակելու միջոց է՝ մեր շահերի հաշվին։ Եթե Հայաստանը չինտեգրվի գլոբալ շուկաների հետ կապված մեծ նախագծերին՝ չունենալով զարգացած արդյունաբերություն, տնտեսության գիտատեխնոլոգիական ճյուղեր, ապա կարող է կուլ գնալ, քանի որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ գործ ունենք «տնտեսական գիշատիչների» հետ։

«Գլոբալ լոջիսթիքս» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Հմայակ Եզեկյանն անդրադառնալով նույն թեմային՝ իր հերթին նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով փաստորեն փորձ է արվում դիվերսիֆիկացնել հաղորդակցության ուղիները՝ այլընտրանքներ ստեղծելով Վրաստանի ու Իրանի տարածքներով անցնող ճանապարհներին։

«Երկու օր է, ինչ կրկին կանգնել ենք նույն խնդրի առջև, քանի որ Լարսը եղանակային պայմաններից ելնելով, փակ է, ինչի հետևանքով բեռնափոխադրումների գները կտրուկ աճում են, երկարատև պարապուրդի դեպքում առաջանում է ապրանքների սակավություն ներքին շուկայում, ինչը վատ է բոլորի համար, բայց եթե ունենանք այլընտրանքային ճանապարհներ, միանշանակ, տնտեսապես ավելի լավ վիճակում կհայտնվենք»,- նշեց Եզեկյանը։

Նրա դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ պետք է հաշվի առնվեն բոլոր ռիսկերը, որպեսզի հետո հնարավոր լինի դրանք չեզոքացնել։ Եզեկյանի գնահատմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում հիմնական օգուտը կլինի այն, որ բեռնափոխադրումների հոսքը կարող է թեթևանալ, քանի որ Հայաստան գալիս են ոչ միայն հայկական, այլև վրացական, թուրքական, իրանական, ռուսական մեքենաները, որոնց համար կարող են լինել նաև այլընտրանքային ճանապարհներ։ Արդյունքում հատկապես մեր մեքենաներն ավելի քիչ խոչընդոտների կբախվեն, ավելի քիչ հերթերում կլինեն։

«Այդուհանդերձ, մոտ ապագայում դեռ հնարավոր չի լինի այդ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչել, որովհետև դժվար է գտնել փոխադրողների, ովքեր կգնան մեծ ռիսկի ու կշարժվեն, մասնավորապես, Ադրբեջանի ուղղությամբ։ Դժվար է ասել նաև, թե այդ ծրագիրն ադապտացիաների քանի փուլ պետք է անցնի կամ ինչպիսի կողմնորշիչներով ու ատրիբուտներով պետք է արդյունավետ համարվի։ Այս ոլորտում գործելով ավելի քան 12 տարի, շփվելով շատ գործընկերների ու մրցակիցների հետ՝ վստահաբար կարող եմ ասել, որ տեսանելի ապագայի կտրվածքով դեռ պատրաստ չենք գործող ճանապարհներին հնարավորինս շուտ այլընտրանք գտնել և Ադրբեջանով ուղարկել մեր մեքենաները»,- ասաց Եզեկյանը։

Խոսելով տարածաշրջանային բեռնափոխադրումների ժամանակ խախտումների ու ապօրինությունների դեպքում Ադրբեջանի նկատմամբ միջազգային տուգանքների և տույժերի կիրառման մասին՝ Եզեկյանն ընդգծեց, որ հարցը, նախ և առաջ, կդիտարկվի քրեական դաշտում։ Եթե մեքենաների վրա կրակում են կամ նրանց վրա քարեր նետում ու վնասում, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ երկրում ներքին անվտանգության մեխանիզմները բացարձակապես չեն գործում և ուժային կառույցները ոչինչ չեն անում խուլիգաններին զսպելու համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ մակարդակով ի զորու չէ հարց լուծել, ուր մնաց միջազգային անխափան ու անվտանգ փոխադրումներ երաշխավորել։

Բեռնափոխադրող ընկերության տնօրենն ասաց, որ թուրքական ուղղությունը հնարավորությունների հետ նույնպես ունի ռիսկեր։ Նրա խոսքով՝ թուրքական ապրանքը անգամ Վրաստանով՝ երրորդ երկրի տարածքով անցնելու պարագայում շատ դեպքերում շարունակում է մնալ մրցունակ մեր տեղական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։ Նրա կարծիքով՝ եթե Թուրքիան ուղիղ կապով հնարավորություն ունենա իր գյուղմթերքը ներկրել Հայաստան, ապա Արարատյան դաշտավայրի բոլոր տնտեսվարողները կկանգնեն լուրջ խնդիրների առջև, քանի որ նրանք դեռ մրցունակ չեն ապրանքների գնագոյացմանը դիմակայելու առումով։ Եզեկյանն ասաց, որ գնագոյացումն ապրանքի բեռնափոխադրման վրա որոշ չափով ազդում է, բայց, ընդհանուր առմամբ, թուրքական կողմն ունի ավելի շատ հնարավորություններ, տնտեսապես ավելի լավ վիճակում է։

«Բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու համար Հայաստանը պետք է ունենա տնտեսական ներուժի ավելացում։ Պետք է հասկանանք, թե մեզ մոտ ի՞նչն է ավելանում, ինչքանո՞վ է ընդլայնվում արտահանումը։ Մեր թեթև արդյունաբերությունն ու մնացած ոլորտները դեռ մրցունակ չեն, հետևաբար սահմանների բացման դեպքում ավելի շատ տեղի կունենա ներհոսք, որի պարագայում ավելի շատ օգտվելու են հարևան երկրների բեռնափոխադրող ընկերությունները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP