Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

12:25 31.03.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ և հրաշալի և հաղթող Քո Հարությունը օրհնում ենք և փառավորում»։

Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման և սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև և ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգև ուժ։

Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ և հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների և հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։

Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության և առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի։ Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաև մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի և ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել և անաղարտ ու անկորուստ պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։

Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։
Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի։ Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաև մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով։

Այս մաղթանքով և Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը իրենց առաքելության արդյունավորման մեջ։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սիրելիներ, Սուրբ և Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա և օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:18 10.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

11:00 10.06.2025

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

10:55 10.06.2025

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

Ջրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

10:48 10.06.2025

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

10:43 10.06.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...

BACK_TO_TOP