Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+22.09 oC

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս

15:48 15.04.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է.

«Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը՝

համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-ղազախական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,

հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամուր կապերի և փոխգործակցության վրա,

հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի անքակտելիության վրա,

ղեկավարվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի` Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,

վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,

ընդգծելով տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում հետագա սերտ համագործակցության կարևորությունը,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանը, կատարելագործմանը և բովանդակային համալրմանը,

հայտարարում են ներքոնշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը (հաջորդիվ՝ Կողմերը) շարունակելու են կառուցել իրենց հարաբերություններն ապագային միտված ռազմավարական համագործակցության հիման վրա՝ փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով,

Կողմերը կզարգացնեն կառուցողական և արգասաբեր փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման,

Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ի շահ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերության խթանման և Անկախ Պետությունների Համագործակցության՝ արդի իրողություններին ադապտացման ուղղությամբ,

Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմամբ երկու պետությունների հետաքրքրվածությունը, շարունակելու են փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը պաշտպանության ոլորտում,

Կողմերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փոխգործակցության խորացումը՝ հիմնված փոխադարձ շահերի հաշվառման, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու վրա, ունի հիմնարար բնույթ,

Կողմերը հաստատում են իրենց փոխադարձ պարտավորությունները՝ զերծ մնալ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին, միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց,

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը հանդես են գալիս բոլոր հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա,

Կողմերը բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն՝ ուղղված օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և սոցիալական արդարության ամրապնդմանն՝ իբրև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակով կայուն և հաստատուն սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայմաններ:

Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են կողմերի ջանքերը տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ և տրանսպորտային-տարանցիկ համագործակցության մեծ ներուժի առկայությունը, ընդգծում հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման և դրանց գործողության անխափանության կարևորությանը՝ համաձայն ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների և հաշվի առնելով կողմերի իրավազորություն ու օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները:

Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության ջանքերն՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, այդ թվում՝ նշելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային փոխշահավետ համագործակցությանը:

Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:

Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, ընդգծում Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի հատկացման կարևորությունը:

Կողմերը լի են վճռականությամբ՝ կենսագործելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի սկզբունքները և դրույթներն՝ ի շահ համատեղ բարգավաճման և երկու երկրների քաղաքացիների ներկա և գալիք սերունդների ամուր բարեկամության:

Այս նպատակով Կողմերը մտադիր են.
պահպանել բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումները, խորացնել փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով՝ միջգերատեսչական գործնական փոխգործակցությունը,

զարգացնել տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ հակազդման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների ոլորտներում երկկողմ համագործակցությունն այն միջազգային պայմանագրերի հիմքով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այս նպատակով՝ Կողմերը խորացնելու են փոխգործակցությունն երկու երկրների անվտանգության խորհուրդների, պաշտպանական և իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով,

հատուկ նշանակություն տալ համագործակցության միջկառավարական խմբերի գործունեությանն, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը,

առաջնային ուշադրություն տրամադրել տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացմանը: Այս նպատակով՝ պատրաստ են ապրանքաշրջանառության ծավալների աճին առավելագույն աջակցություն ցուցաբերելու ճանապարհով նպաստել առկա առևտրատնտեսական ներուժի իրացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտում, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական և վերամշակող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործակցության խորացմանը,

շարունակել համակարգային աշխատանքը տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, այդ թվում՝ ամենամյա նիստերի կազմակերպման և անցկացման միջոցով: Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ,

ընդլայնել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության շրջանների միջև համագործակցությունը, նպաստել առևտրաարդյունաբերական ու մշակութային և հումանիտար ոլորտներում միջշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսվարող և այլ սուբյեկտների միջև «հորիզոնական» ուղիղ կապերը,

դիտարկել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կանոնակարգման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,

համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը,

անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ. և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.,

աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանն, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Նպաստել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությանը:

Հայաստանի Հանրապետության Վարչապետը և Ղազախստանի Հանրապետության Նախագահը վստահ են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա շրջափուլը միջպետական փոխգործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման

Կողմերը վստահություն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կ.Կ. Տոկաևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն.Վ. Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության Վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ղազախստանի Հանրապետությունում: Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է»:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրերը: Այն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն:

Ստորագրվել են «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն, «Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր»: Այն ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը:

«Հայաստանի Հանրապետության Արմավիր և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաու մարզերի միջև համագործակցության», «Վանաձոր և Շիմկենտ քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ» ծրագիր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շակկալիևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագդատ Մուսինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների ու օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը ստորագրել են «Երևան և Աստանա քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» համաձայնագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարման մեկնարկի մասին

23:49 29.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարման մեկնարկի մասին

Ուկրաինան սկսել է զենք և զինտեխնիկա ստանալ ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնի կողմից անցած շաբաթ հայտարարված նոր մատակարարումների շրջանակներում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ «Նրանք ստանում են այդ ռազմական օգնությունը»,- Ուկրաինայի իշխանությունների մասին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցնում են դիրքերը։ «Ինչպես […] ...

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

23:00 29.04.2024

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննական գործողություններ սկսելու դատարանի որոշմանը։ «Ես որոշել եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», – ասել է վարչապետը։ Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։ «Ես և կինս գիտենք, որ վարկաբեկման այս արշավը չի դադարի, մենք […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում

22:55 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Պլեսսի-Ռոբինսոն (Plessis Robinson) քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի անդամակցի ՆԱՏՕ-ին

22:46 29.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի անդամակցի ՆԱՏՕ-ին

Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ. սա հետևում է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման ավագ տնօրեն Թոմաս Ռայթի մեկնաբանություններից: «Ուկրաինան առաջ է շարժվում դեպի անդամություն, ինչը, անշուշտ, դժվար հանգամանք է, քանի որ երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ, մենք կարող ենք անել […] ...

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

22:35 29.04.2024

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

Թբիլիսիում ավարտվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության բազմահազար աջակիցների հանրահավաքը՝ ուղղված օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մի քանի ժամ շարունակ կուսակցության առաջնորդները ցուցարարներին դիմում էին Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի շենքի դիմացի բեմից։ Նրանց թվում էին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա […] ...

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...

BACK_TO_TOP