ՀՖՖ նախագահի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+25.24 oC

ՀՖՖ նախագահի հայտարարությունը

16:00 21.10.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերաիցիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։ Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»,- Արմեն Մելիքբեկյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած տնային պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

BACK_TO_TOP