Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան

21:30 29.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետև նորարարություն կամ ինովացիա ասելով մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլոտը կամ մերձտեխնիկական ոլորտը: Բայց կարծում եմ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերվում է ամեն ինչին. սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով և ավարտած տեխնիկական առաջընթացով: Ի վերջո ի՞նչ է նորարարությունը: Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը: Նախկինում անհայտ և անհնարին թվացող նպատակներ ձևակերպելու, առաջադրելու և դրանք կյանքի կոչելու արվեստը: Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն:

Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքական, տնտեսական, տեխնիկական և տեղեկատվական նորարարություններ: Եվ այսպիսի մարդիկ միշտ էլ եղել են մեր երկրում. ի վերջո Հայաստանը համարվել է խորհրդային երկրների, Խորհրդային միության սիլիկոնյան հովիտը, որտեղ ստեղծվել է խորհրդային «Նաիրի-2» առաջին համակարգիչը, որն առաջիններից էր նաև աշխարհում:

Այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են Հայաստանում և նրանց շնորհիվ մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ և շարունակում է աճել տարեկան մոտ 25%-ով:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան: Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել ԱՐՄԱԹ լաբորատորիաներում:

Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում: Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական և նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ-մայիսին: Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ:

Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ և երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական և քաղաքացիական անկախություն:

Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Թումո կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը:

Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին: Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է: Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս: Սա բավականին խոսուն թիվ է:

Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետև մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր:

Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել ՖԱՍԹ հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները: Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաև կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից: Սա շատ հավակնոտ նպատակ է, և ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել:

Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ: Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց և երիտասարդության ներգրավմանը:

Արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ: Եվ դա պետք է անենք նաև ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով:

Հարգելի ներկաներ,

Թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է: Սա հատկապես արդիական է Հայաստանի համար: Մեր հարևանների վարած քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային քաղաքական շահերի բախման հետևանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով: Ուստի շատ կարևոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք:

Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին՝ հետևորդից:

Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով՝ հետևորդից դարձել են առաջնորդ: Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևորդ երկրից վեր ածել առաջնորդ երկրի: Եվ համոզված եմ. միասին դա մենք անպայման կանենք»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP