19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի:
«Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաև իր` Փաշինյանի և իր թիմակիցների համար:
Ավարտվեց հասարակությունը սևերի և սպիտակների կիսած քարոզարշավը, լռեցին քարոզիչ-մունետիկները, անցավ միահեծան հաղթանակի ցնծությունը, և երկիրը վերադարձավ իր առօրյա կյանքին»,- նշել է Սարգսյանը:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարն ունի երկու բարդ խնդիր, որոնց լուծումը հրատապ անհրաժեշտություն է:
«Առաջինը՝ Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի, որևէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձևավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար, նա անմիջականորեն և անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների և հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների և բազմաթիվ այլ արածների և չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում:
Այս առումով հիշարժան օրինակ է քարոզարշավի օրերին իր թիմակից Սասուն Միքայելյանի «Արցախի հաղթանակ-հեղափոխության հաղթանակ» անհաջող համեմատությանը հանրային սուր արձագանքին հակադարձելու Փաշինյանի փորձը, որի տրամաբանական զարգացում դարձան որոշումներ, որոնք կարող են զգալիորեն ազդել երկրի պաշտպանունակության վրա:
Երկրորդը՝ ապագայի օրակարգի ձևավորումն է և որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որևէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է: Երեք լեզուների դասընթացին զուգահեռ պետք է սովորել պատվով կրել այն։
Իշխանություն ստանձնելուց երեք շաբաթ անց նախորդների չարագործություններին վերագրվեց Սարդարապատի 100-ամյակի միջոցառման հանրային քննարկում առաջացրած մի դրվագ: Երեկ, պաշտոնավարման 8-րդ ամսում վարչապետը փորձեց «նախորդների» վրա բարդել Նախիջևանի հետ սահմանագծում դիրքային տեղաշարժը և ռուսական ռազմաբազայի պայմանագրով նախատեսված պետբյուջեից կատարվող ծախսերի «մեղքը»:
Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով և դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձևավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ոչ լուրջ ներդրողը, ոչ պոտենցիալ հայրենադարձը։ Հասկանալի է, որ քաղաքական գործիչ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է իր ամենօրյա ուղիղ եթերների գրաֆիկին, բայց դրա ժամանակն անցավ։ Հիմա աշխատելու ու արդյունք գրանցելու ժամանակն է։ Պետք է քայլել առաջ, ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրներ, ձևավորել կապեր, պայքարել երկրի տնտեսության համար առանցքային ռազմավարական ապրանքների շահավետ գնագոյացման համար, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը:
Եվս մեկ օրինակ պաշտոնակատար Փաշինյանի երեկվա ելույթից` ՀԱՊԿ-ում «նախկինում ոչինչ արված չլինելու» մասով: Հասկանալի է և օրինաչափ, որ Նիկոլ Փաշինյանը նոր է ադապտացվում միջպետական բանակցություններին, հատկապես` բազմակողմ ձևաչափում: Բայց դա չի նշանակում, որ մինչև իր նոր կարգավիճակում հայտնվելը ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություններ չեն վարվել, հարցադրումներ չեն արվել և խնդիրներ չեն լուծվել: Այդպիսի հայտարարությունն, ինքնին, վիրավորական է ոչ միայն Հայաստանի նախկին, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկա իշխանությունների համար: Հուշեմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ևս մամուլի տեսություն են ստանում:
Հնարավոր է շատերին տարօրինակ թվա, բայց ես պակաս ծանր չեմ տարել Փաշինյանի հասցեին Բելառուսի նախագահի կողմից արված հայտարարությունը, քան Փաշինյանի ամենանվիրյալ հետևորդը: Դա երկրի և ոչ թե առանձին անձի հասցեին թույլատրված արտահայտություն էր: Բայց ես, ի տարբերություն մեր բազմաթիվ հայրենակիցների, գիտեի, որ դա այդպես է ավարտվելու այն պահից, երբ Փաշինյանի մամուլի ծառայությունը և օրաթերթը հրապարակեցին այն հայտնի լուսանկարը, որտեղ վարչապետն իր հայացքով փորձում է մոխրակույտի վերածել Բելառուսի` կյանքում շատ բան տեսած նախագահին: Երկրի ղեկավարը պետք է միշտ գիտակցի, որ իր, ինչպես նաև իր գրասենյակի յուրաքանչյուր արտաբերած միտք, լուսանկար, կարծիք անմիջապես թարգմանվում և իր սպառողին է գտնում ուժային բազմաթիվ կենտրոններում: 21-րդ դարում «մեկ է, մեր գյուղից մարդ չկա» սկզբունքը չի գործում: Տեղեկատվությունը ակնթարթային արագությամբ հասնում է ամենուր և բոլորին:
Վերադառնալով ՀԱՊԿ-ին. հիմնադրման պահից Հայաստանը եղել է կազմակերպության ամենաակտիվ և արդյունավետ մասնակիցներից մեկը: Բավարար է ասել, որ հենց Հայաստանի նախագահության օրոք է համաձայնեցվել և ընդունվել երկար տարիներ քննարկվող Հավաքական անվտանգության ռազմավարությունը: Մեր նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով է հաջողվել լուծել զենքը ներքին գներով գնելու հարցը, որից Հայաստանը մեծ գործնական օգուտ է ստացել և, հուսով եմ, կշարունակի ստանալ: Մեր պնդմամբ է ընդարձակվել և նոր բովանդակությամբ լցվել համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ծրագիրը: Մենք ենք պարբերաբար պնդել և առաջ քաշել արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների համադրման անհրաժեշտությունը: Ի վերջո, լավ թե վատ, մեզ հաջողվել է ստանալ և ոչ թե կորցնել կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, որքան էլ դա անկարևոր թվա այսօրվա իշխանություններին: Կարելի է շարունակել թվարկումը:
Պետք չէ նսեմացնել նախկինում կատարած աշխատանքը: Դա բավարար էր իշխանություն ստանալու համար, բայց չի կարող բավարար լինել այդ իշխանությանը երկար մնալու համար: Արե՛ք ավելին, և դա կգնահատվի բոլորի կողմից: Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը»:
https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/photos/a.187155095533204/222212548694125/?type=3&theater
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...