17:10 14.08.2019
Հայաստանից Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումների մասին ամառային շրջանում հաճախ են հրապարակումներ լինում՝ հատկապես կապված մեծ թվով վթարների և տուժող ուղևորների շահերի պաշտպանության հետ:
2019-ի հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մի քանի ավտովթարներից հետո պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մինչև 9 տեղանոց մինիվենները չունեն ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվություն, ավելին՝ մեքենաները ՌԴ մուտք գործելիս չեն անցնում պարտադիր ապահովագրություն, ինչը փաստացի վտանգի է ենթարկում հայ ուղևորների կյանքն ու առողջությունը:
2019թ. հուլիսի 31-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ով ի պաշտոնե պատասխանատու է տրանսպորտային կանոնակարգման համար, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մինչև 9 տեղանոց մինիվեններով ուղևորափոխադրումները Հայաստանից դուրս կատարվում են օրենքի խախտմամբ, քանի որ ՀՀ-ում արտասահման ուղևորափոխադրում թույլատրված է բացառապես 9-ից ավելի տեղանոց միկրոավտոբուսներին և ավտոբուսներին, ուղևորափոխադրումների թույլտվություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնք չեն իրականացնում մինիվեններով ուղևորափոխադրում:
Փոխնախարարը կոչ արեց զերծ մնալ մինիվեններով Հայաստանից դուրս մեկնելուց, քանի որ դրանք որևէ պատասխանատվություն չեն կրում ուղևորի կյանքի և առողջության համար, գործում են օրենքից դուրս և հարկային դաշտում չեն:
Օգոստոսի 1-ին «Շանթ»-ի եթերում մինիվեններով ուղևորափոխադրումներին անդրադարձավ նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով. «Կան մարդիկ, որոնք իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում, ստանում են շահույթ, վնասում են կողքի օրինական բիզնեսին, բայց չեն գտնվում հավասար պայմաններում: Այս առումով մեր մարմինն ուսումնասիրում է այդ խնդիրները, ԱԺ-ում ևս հարց բարձրացվեց: Ըստ ազդակների գնում ենք առաջ՝ սպասելով նաև քաղաքացիների տեղեկություններին»:
ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փոխնախագահ Արտյուշ Գրիգորյանը, ով համակարգում է տրանսպորտային երթուղիները, Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են թույլտվություն ունեցող ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտում առկա խնդիրները, լսել նաև վերջիններիս դժգոհությունները: Այժմ գրություն են պատրաստել՝ ուղղված այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրականացնում են դեպի Ռուսաստան և Վրաստան անօրինական ուղևորափոխադրում՝ պահանջելով դադարեցնել այն կամ մտնել օրենքի դաշտ: Արտյուշ Գրիգորյանի խոսքերով՝ այդպիսի ավելի քան 120 անօրինական ուղևորափոխադրող կա:
Քանի որ ըստ պետական գերատեսչությունների՝ անօրինական են համարվում մինչև 9 տեղանոց մեքենաներով արտասահման ուղևորափոխադրում կատարողները, Shantnews.am-ը պատահականության սկզբունքով զանգահարեց սոցիալական ցանցերում իրենց ծառայությունները գովազդող մի քանի ընկերությունների:
Դեպի ՌԴ հարավային շրջաններ մինիվեններով ուղևորափոխադրում կատարող «Mar and Ellen tour» անունով ընկերության գրասենյակից մեզ պատասխանեցին, որ իրենք պարբերաբար իրականացնում են ուղևորափոխադրումներ, սակայն որևէ մեկը մինչ այժմ իրենց չի արգելել, իրենք էլ չեն կարծում, որ օրենքից դուրս են:
Անանուն հայտարարության հետքերով զանգահարելով՝ ստացանք պատասխան, որ իրենք ավելի քան 5 տարի կատարում են ուղևորափոխադրում հիմնականում դեպի ՌԴ Ռոստով քաղաք, լիցենզավորված են, սակայն չունեն որևէ անվանում: Ճշտող հարցին, թե մինիվեններով ուղևորափոխադրումներն արգելված են, անվանում չունեցող ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իր եղբայրն է մինչև այժմ զբաղվել այդ գործով, ինքը տեղյակ չէ:
Սոցիալական ցանցերում ակտիվորեն ուղևորափոխադրումների գովազդ տարածող «Սառա տուր» ընկերության գրասենյակից ասացին, որ իրենք երբևէ չեն շրջանցել օրենքը, դեպի Կրասնոդար, Սոչի, Անապա և ՌԴ այլ շրջաններ տարիներ շարունակ իրականացնում են մինիվեններով ուղևորափոխադրում, իսկ այդպիսի գործունեություն արգելող միջոց գոյություն չունի, իրենց չեն կարող արգելել:
ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փոխնախագահ Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենց տեսչական մարմինն առաջիկա օրերին կսկսի կոնկրետ գործողություններ՝ հսկողություն սահմանելով նաև ՀՀ պետական սահմանին, և ապօրինի ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները կտուգանվեն 300.000 դրամով:
Տեսչական մարմնի պաշտոնյան միաժամանակ ասաց, որ օրենքի նախագիծ է մշակվում՝ սահմանելու կանոնակարգեր, որոնց շնորհիվ իրենք կկարողանան շուրջօրյա վերահսկողություն սահմանել մաքսատներում ու բացառել անօրինական ուղևորափոխադրումները:
2016թ. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով կարգավորվում են կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Դրանց համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները պետք է ունենան հատուկ թույլտվություն, ՀՀ-ից դուրս թույլատրվում է միայն 9-ից ավելի տեղանոց մեքենաների միջոցով ուղևորափոխադրումը:
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից պահանջվում է ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի սահմանից դուրս գալիս և հանրապետություն մուտք գործելիս: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է 150.000 դրամի պարտադիր տուրք: Միջազգային փոխադրումների ուղևորների տոմսերը պետք է վաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ընկերության հետ: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված է 300.000 դրամի տուգանք:
Բացի դրանից՝ ըստ օրենքի, «Հայավտոկայարան»-ում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման պետք է ենթարկվի տեխնիկական զննության, իսկ վարորդները՝ բժշկական զննության:
Shantnews-ն այս պահանջների կատարման իսկությունը ստուգելու համար ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ-ում, ՌԴ-ում և Վրաստանում:
Հայաստանում 100-ից ավելի գովազդային վահանակներ կան մինչև 9 տեղանոց մինիվեններով ուղևորափոխադրում կատարելու մասին, որոնցից որևէ մեկը «Հայավտոկայարան»-ից չի իրականացնում այն, այլ Երևանի կամ մարզային քաղաքների որևէ փողոցից: Այդ ընկերությունները, ըստ կառավարության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արտյուշ Գրիգորյանի, չունեն պայմանագիր «Հայավտոկայարան»-ի հետ, անգամ գրանցված չեն որպես կազմակերպություն, հետևաբար՝ չեն կարող գործել օրենքի դաշտում:
Ուղևորների համար մյուս վտանգավոր երևույթն արդեն ՀՀ-ից դուրս տվյալ մինիվենների ապահովագրումն է: Հիմնականում ՌԴ-ում այդ մեքենաները խուսափում են պարտադիր ապահովագրությունից՝ գերադասելով 100-200 ռուբլի կաշառք տալ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ինչը, սակայն, վտանգում է ուղևորների կյանքն ու անվտանգությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեզ հետ զրույցում կոչ արեցին ՀՀ քաղաքացիներին խուսափել մինչև 9 տեղանոց մինիվեններով ՀՀ-ից դուրս մեկնելուց՝ սեփական անվտանգության նկատառումներով և հաշվի առնելով, որ տվյալ ուղևորափոխադրողները գործում են անօրինական:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...