ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում 1-9 հաշվով պարտությունը մեր հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր հավաքականը երկու անգամ պարտություններ էր կրել` 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից: Բայց դա շատ վաղուց էր՝ 1997-ին։ Եվ թվում էր, որ Հայաստանի հավաքականը վաղուց արդեն այն թիմը չէ, որ նման սայթաքումներ ունենա: 2013 թվականին Հայաստանի հավաքականը խմբային փուլում դարձյալ մրցեց իտալացիների հետ, բայց այն ժամանակ արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրեց, Երևանում էլ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2: 6 տարի անց այն հավաքականից ոչինչ չէր մնացել: Իսկ ահա Իտալիայի հաղթանակը ամենախաշորն էր այս հավաքականի համար 1948 թվականից ի վեր: 1948-ին Իտալիայի ընտրանին 9-0 հաշվով պարտության էր մատնել Միացյալ Նահանգների հավաքականին: Այսպիսի ծանր հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանին դժվար էր պատասխանել լրագրողների հարցերին, այնուամենայնիվ, նա մի քանի մեկնաբանություն արեց:
«Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը»,-ասաց Խաշմանյանը։